Դելտա շտամն այնպիսին է, որ մարդիկ կարող են իրենց ոտքով գալ հիվանդանոց ու երկու օրվա ընթացքում ունենալ թոքերի տոտալ ախտահարում. Խաչիկ Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ընդհանուր նյարդաբանության կլինիկայի բազայի վրա ստեղծված ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Խաչիկ Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, խնդրում եմ ձեր ղեկավարած բաժանմունքի կտրվածքով ներկայացնե՞ք՝ համավարակի առումով ինչպիսի՞ն է իրավիճակը: Այսօր էլ՝ մահ է գրանցվել կորոնավիրուսից:

– Ըստ էության, իրավիճակն այնպիսին է, որ հիվանդացության կտրուկ աճ է գրանցվում վերջին շրջանում, և, բնականաբար, ինչքան հիվանդացության տոկոսը բարձրանում է, այնքան հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է աճում:

Բացի այդ, վիրուսի դելտա շտամը հիվանդացության շատ ավելի ծանր ընթացք է ենթադրում: Ի տարբերություն նախկին շտամի, այն մեծ մասամբ կարող է ընթանալ շատ ավելի ծանր, շատ ավելի պրոգրեսիվ: Միաժամանակ նշեմ, որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում պացիենտների թիվն է կտրուկ աճել:

Ինչքան մեծ թվով հիվանդներ՝ այնքան շատ հոսպիտալացում, այնքան շատ ծանր դեպքեր և այդքան շատ մահեր:

– Ե՞րբ են մարդիկ դիմում, երբ արդեն դանակը ոսկորի՞ն է հասնում:

– Դա բազմագործոն իրավիճակ է, որը կարող է լինել և՛ առաջնային օղակի թերացման հետևանքով, և՛ սխալ տեղեկության տարածման, և՛ հիվանդության նկատմամբ անտարբերության հետևանքով:

Մարդիկ կան, որ դիմում են այլ մասնագետների, որոնք բացարձակ կոմպետենտ չեն տվյալ վարակի վերաբերյալ, սկսում են ոչ ճիշտ ցուցումով բուժվել, խնդիրը բարդանում է, և հոսպիտալացվում են:

– Իսկ ովքե՞ր են մահանում, հիմնականում ի՞նչ տարիքային խմբի մարդիկ են:

– Ցավոք սրտի, դելտա շտամի պարագայում օրինաչափությունը մի փոքր ձևախեղվել է. եթե նախկինում կորոնավիրուսից մահանում էին 60 տարեկանից ավելի բարձր անձինք, այն էլ՝ մեծ մասամբ ուղեկցող այլ հիվանդությունների առկայությամբ, ապա այժմ այդ օրինաչափությունը չի գործում, որովհետև մահացություն գրանցվում է գրեթե բոլոր տարիքային խմբերում: Փաստ է, որ այս հիվանդությունը երիտասարդացել է:

– Եվ այդ տարիքային խմբո՞ւմ էլ դարձյալ մարդիկ են, ովքեր անտարբեր են եղել հիվանդության նկատմամբ, լուրջ չեն վերաբերվել:

– Հնարավոր չէ միանշանակ ասել, որ ծանր կամ մահվան ելքով դեպքերը բարձիթողի կամ ուշացած դեպքեր են: Պացիենտները կարող են առաջին օրերին գանգատվել, երրորդ օրը վիրուսը հաստատվի, ընդունվեն ստացիոնար, իսկ ընթացքի ծանրությունը տվյալ դեպքում բավականին լուրջ է:

Դելտա շտամն այնպիսին է, որ մարդիկ կարող են իրենց ոտքով գալ հիվանդանոց ու երկու օրվա ընթացքում ունենալ թոքերի տոտալ ախտահարում, որը մահվան կբերի: Իսկ այս հիվանդությունն այնպիսին է, որ բուժման պլանում չկա սպեցիֆիկ դեղ, որը կազդի բուն վիրուսի վրա կամ կկանխի հիվանդացության զարգացումը, թոքաբորբի աճը: Հիմնական խնդիրը սա է:

Այս շտամով պայմանավորված թոքաբորբերը շատ ավելի արագ են զարգանում ու ծանր ընթացք են ստանում:

– Դուք ասում եք՝ հիվանդացությունն է աճել, իսկ դա ինչի՞ հետևանք է:

– Գործոնները նորից շատ են: Նախ՝ այս շտամի վարակելիությունն է շատ բարձր, ինչը ենթադրում է, որ այս շտամով վարակված անձը, ի տարբերություն այլ շտամների, շատ ավելի մեծ թվով մարդկանց կարող է վարակել:

Բացի այդ, հիվանդացության աճին նպաստում է սահմանափակումներին ոչ լիարժեք հետևելը. մեր հասարակությունը արդեն մեկ տարուց ավելի է՝ ցավոք, չունի այդ սոցիալական պատասխանատվությունը, մենք չենք պահում այդ հակահամաճարակային կանոնները, մենք մարդաշատ վայրերում ենք անընդհատ գտնվում, մենք շարունակում ենք բազմամարդ հավաքներ, խնջույքներ կազմակերպել, և արագ տարածվող շտամն արդեն իր սև գործը կանի:

Արդեն փակվում են բաց տարածքները, պոպուլյացիան գնում է փակ տարածքներ, ու, բնականաբար, վարակի տարածումը շատ ավելի հեշտ է լինում: Էլ չեմ ասում հասարակական տրանսպորտի խայտառակ վիճակը, դիմակներ չեն կրում, ոչ ոք չի պահում այդ սոցիալական հեռավորությունը:

– Մյուս կողմից էլ՝ կարծես վերահսկողություն չի իրականացվում այդ կանոնների պահպանման համար:

– Դե, վերահսկողության բարձր մակարդակ նույնիսկ զարգացած երկրներում չկա: Չի կարելի և՛ պարտադրել, և՛ վերահսկել, եթե հասարակության շրջանում չկա կրթվածության, գրագիտության բարձր մակարդակ:

Իհարկե, վերահսկել պետք է, բայց նաև հասարակությունը պետք է գիտակցի, որ ինքը պատասխանատու է ոչ միայն սեփական առողջության, այլ նաև դիմացինի կյանքի համար:

– Պարո՛ն Պետրոսյան, տեսեք՝ մեկուկես տարի է՝ հասարակությունը լուրջ չի վերաբերվում վիրուսին, իսկ վեց ամսից ավելի է՝ պատվաստումներին, այն դեպքում, երբ հայտարարվում է, որ պատվաստումն է փրկության միակ միջոցը: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է նման իրավիճակ, ինչի՞ պակասն է նման խնդրի հանգեցրել:

– Առաջինը՝ ճիշտ տեղեկատվության պակասը, որովհետև իրականում մենք պատվաստանյութերի վերաբերյալ ճիշտ ինֆորմացիայի անբավարար քանակ ունենք, ու վեկտորը շատ հաճախ ոչ ճիշտ ուղղությամբ է ուղղվել:

Երկրորդ՝ տեղեկատվության հասանելիությունը մեր դարում, երբ սոցիալական ցանցերում ցանկացած ոչ հավաստի աղբյուրից կարող է կարդալ ամենաանհեթեթ, չհիմնավորված, բժշկության հետ ընդհանրապես կապ չունեցող ցանկացած մասնագետի կարծիք:

Ցավոք, նաև նեգատիվն ու սխալը ավելի շատ են ինֆորմացիոն դաշտում, քան իրական ապացուցողական բժշկության տվյալները, հետևաբար հասարակ քաղաքացին հիմա ավելի շատ նեգատիվ ու սխալ ինֆորմացիա է ստանում սոցիալական ցանցերից, քան ճիշտ:

Դրա հետ մեկտեղ որոշակի ազդեցություն ունի նաև մեր ազգային մենթալիտետը. ցավոք, յուրաքանչյուրս կարծում ենք, որ ցանկացած ոլորտի, իրավիճակի, երևույթի մասին սեփական կարծիքը կարևոր է: Բայց չեն հասկանում, որ իրենք մասնագետ չեն, ու չի կարող իրենց կարծիքը կոմպետենտ լինել: Արդյունքում՝ մենք մեր երկրում ունենք 3 մլն համաճարակաբան, թոքաբան, վիրուսաբան, որոնցից յուրաքանչյուրը կարծում է, թե ինքը ճիշտ է:

– Ասում եք՝ պատվաստանյութի մասին քիչ ինֆորմացիա կա, ո՞վ է դրա համար մեղավոր: Դուք էլ, ըստ էության, մասնագետ եք և ունեք հնարավորություն այդ բացը լրացնելու:

– Մեզանից յուրաքանչյուրը մեր շրջապատում բացատրություններ անում ենք, սոցիալական ցանցերի մեր էջերով տարածում ենք տեղեկություններ, փորձում ենք կրթել, սովորեցնել, բացատրել: Ցանկացած բժիշկ, որը քովիդ կենտրոններում է աշխատում, լուսաբանում իրականացնում է:

Շատ ցավալի է այն, որ հենց բժիշկ մասնագետներն են ներգրավված հակապատվաստումային արշավի մեջ և հակաքարոզ են իրականացնում ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ կամ ինչ-ինչ շահեր են հետապնդում, կամ մերժված են ինչ-որ պատճառներով: Այսինքն՝ ունեն անձնական շահեր:

Եվ այս պարագայում խնդիրն այն է, որ երկրում չկան իրավական կարգավորումներ, որոնք կարող են համաճարակային իրավիճակներում հակահամաճարակային կանոնների խախտում քարոզող անձանց պատասխանատվության ենթարկել: Իսկ մեզ մոտ, ցավոք, ցանկացած մեկնաբանության դաշտ բաց է, և բոլորը կարող են պատմել ամենավերջին հեքիաթներ ու չպատժվել:

Մինչդեռ ֆեյք բժիշկների հակապատվաստումային քարոզի խոսքը կարող է արժենալ մարդու կյանք: Լսելով նրանց՝ մարդիկ կարող են անտեսել հիվանդությունը կամ չպատվաստվել: Ես պնդում եմ՝ այդ «բժիշկների» ուսերին տասնյակ մարդկանց կյանքեր են:

– Չպատվաստվելու հորդորներ, շշուկներ ավելի շատ առաջնային օղակից՝ պոլիկլինիկաներից են գալիս: Չե՞ք կարծում:

– Այո՛, առաջնային օղակում մենք շատ լուրջ խնդիր ունենք, որովհետև շատ հաճախ քաղաքացիները դիմում են առաջնային օղակ պատվաստվելու համար, բայց առաջնային օղակի անձնակազմի կողմից ստանում են չհիմնավորված, չարդարացված, ոչ կոմպետենտ պատասխաններ հակացուցումների, ցուցումների վերաբերյալ, որն էլ կարող է նվազեցնել քաղաքացու մոտ պատվաստվելու հակումը:

– Եվ, պարո՛ն Պետրոսյան, ձեր պրակտիկայում եղե՞լ է դեպք, որ պատվաստված, սակայն քովիդով վարակված անձը մահանա:

– Ո՛չ, մեր բաժանմունքի պարագայում չի եղել: Մենք ունեցել ենք 2000-ից ավելի բուժված պացիենտներ, բայց նրանց մեջ չի եղել մարդ, որը պատվաստված է եղել և քովիդով վարակվելուց հետո մահացել է: Բայց, իհարկե, ունեցել ենք դեպքեր, որ պատվաստված են եղել և հիվանդացել են: Պատվաստված անձի մահացություն չի գրանցվել:

Հստակ պետք է իմանալ, որ, ընդհանրապես, ցանկացած հիվանդության, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը նախատեսված չէ չհիվանդանալու համար: Պատվաստանյութը չի ներմուծվում օրգանիզմ, որպեսզի անձը չհիվանդանա, ո՛չ, պատվաստանյութի նպատակը հիվանդության ծանր ձևը և հիվանդությունից մահը կանխելն է: Իսկ առկա պահին եղած բոլոր պատվաստանյութերը միանշանակ պաշտպանում են հիվանդության ծանր ձևերից ու մահացությունից:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am