Պողոսը, Լենինը և Հայաստանը

Վահրամ Թոքմաջյան

Անցնող օրերը լարվածության պակաս չունեն հայկական քաղաքական միջավայրում: Շատ պատահականորեն պարզվեց, որ ԲՀԿ կուսակցության առաջնորդը հերիք չէ գործարար է, որը հարկեր է թաքցրել, դեռ մի բան էլ կազմակերպել է ընտրություններ կեղծելու գործընթաց:

Դե… ճիշտն ասած, սա մենք չենք ասում: Ասում են ԱԱԾ-ն ու դատախազությունը: Իսկ մենք քանի՞ գլխանի ենք, որ չհավատանք:

Բնականաբար այս ամենի հետևանքները տեղափոխվեցին երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոն՝ ԱԺ:

ԲՀԿ-ական պատգամավորները, միմյանց հերթ չտալով, մեզ պատմեցին, թե որքան ուխտադրուժ են այս իշխանությունները: Ընթերցողը երևի կհիշի, որ Փաշինյանն ու Ծառուկյանը ուխտ էին կապել, աղը կնքել առյուծադրոշմով…

Ներեցե՛ք, շփոթվեցի, աղի պահը պարսից թագավորն էր անում: Մի խոսքով, հուշագիր ունեին կնքած: Սակայն առանցքայինն այն էր, որ ԲՀԿ-ական պատգամավորները չէին խոսում մեղադրանքի բովանդակության մասին: Ուստի այդ մասով անդրադառնալու բան գրեթե չկա:

Միակ բովանդակային ելույթը՝ համեմված պատմագիտական ուղերձներով, ինչպեսև սպասվում էր, ունեցավ Վարդան Ղուկասյանը. «Վախեցնում եք՝ դատարան կգնաս, բանտ կգնաս: Տո՛ բանտում մարդիկ մերն են, մենք նրանցն ենք, բոլորս էլ նույնն ենք, Լենինն էլ է դատվել, ասում են՝ Պողոս Առաքյալն է դատվել: Ոչինչ: Դրանից հետո էլ կյանք կա»:

Վերոգրյալ մտքերը դարակազմիկ են՝ ելնելով մի քանի հայեցակարգերից: Հատկապես, թե ինչպես ենք ծառայեցնում սրբազան դեմքերին՝ ըստ անհրաժեշտության և ինչպես ենք չգիտակցելով փոխանցում մշակութային կոդերը՝ հնարավորություն տալով հասարակությանը թարմացնել հիշողությունը:

Պարոն Ղուկասյանը ճիշտ է: Պողոս Առաքյալին, չշփոթել Բաբկեն Թունյանի հարևան Պողոսի հետ, բազմիցս դատել են, առաջադրել մեղադրանքներ:

Բայց Պողոսին դատել են քրիստոնեություն տարածելու, Հիսուս Քրիստոսի գաղափարակիցը լինելու համար: Եկեք համաձայնենք, որ մի տեսակ չի սազում՝ Քրիստոսի գաղափարների համար դատվող Պողոսին հիշել ընտրակեղծարարության համար դատվելու համատեքստում:

Առավել ևս, որ Պողոսի ժամանակ պարարտանյութ դեռ չկար: Ավելին, այդ նույն Պողոսը՝ առաքյալ, ոչ Բաբկեն Թունյանի հարևան Պողոսը, գրել է բազմաթիվ Թղթեր:

Դավադիր մտքերը կանխելով, սիրելի՛ ընթերցող, ասեմ, որ այդ Թղթերը կապ չունեն այն հայտնի պարտավորագրերի հետ, որոնց դուք օրերս ականատես եղաք: Օրինակ՝ Հռոմեացիներին գրած թղթում առաքյալը քննում է զանազան հարցեր, ինչպես Աստծո պաշտամունքը և ծառայությունը, քրիստոնյաների պարտավորությունները պետության և իրար նկատմամբ, այնպես էլ խղճի վերաբերյալ այլ հարցեր։ Նամակն ավարտվում է անձնական պատգամներով և գոհաբանական խոսքերով։ Իր ժամանակի մեջ Պողոսը լուսավոր մարդ էր:

Հաջորդ կոդավորված անունը Լենինն էր: Այո՛, այդ նույն Լենինը, որ մեռած է, բայց թաղած չէ, Նադեժդայի ամուսնյակը և բազմազավակ Ինեսա Արմանդի սրտի տղամարդը:

Հայերիս մի զգալի մասի համար՝ դարի շառլատան, որի պատճառով նաև կորցրեցինք մեր հայրենիքի զգալի մասը: Լենինը նստել է: Եթե նա երկար նստեր, միգուցե այսօր աշխարհն այլ քարտեզ ունենար, այդ թվում՝ Հայաստանը:

Այլ է հանգամանքը, որ ոմանք իրենց համարում են Լենինի գործի հաջորդը, կամ որ նստելը պատվաբեր է, զի Լենինն էլ է նստել: Այլ է, երբ Լենինի խորհրդանշած ուժի բևեռը համեմատում ես ներկայումս ընթացող իրադարձությունների հետ:

Գործընթացները բավականին պարզաջրեցին իրավիճակը: Ի հայտ եկան վաղուց բացահայտված թոթովախոս հոկտեմբերիկները, փոքրիկ պիոներները և Լենին պապիկի ոչ ազնիվ թոռնիկները, որոնք աղիողորմ հայացքը և ոգու կռինչն ուղղեցին առ հյուսիս: Շարքը կարող էր լրացնել Զորի Գայկովիչը, բայց, դե… տարիքն առած մարդ է. կարող է նույնիսկ մոռացել է նախկինում գրած նամակները:

Առավոտից երեկո հայրենասիրական ճառերով կուրծք բզկտող ազնիվ այրերը, որոնք ժամանակին մեզ կոչ էին անում դրսից տղա չբերել, հանկարծ հասկացան, որ ներսում ցուրտ է: Լվացքը պետք է այլ տեղ փռել: Ես կընդունեի, եթե նրանք գնային անձամբ Հյուսիսի Բարձրյալի մոտ: Դեռ մի բան էլ ինձ հպարտ կզգայի, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք Հյուսիսի Բարձրյալի մոտ ուղիղ ելումուտ ունեն: Բայց, ավաղ…

Լիարժեք ինքնիշխանություն չի լինում, հարգելի ընթերցող: Լիարժեք ինքնիշխան չեն նույնիսկ ձեր իմացած ամենահզոր կայսրությունները:

Մեզ նման փոքր պետությունների դեպքում ինքնիշխանության որոշակի աստիճանի համար պայքարը ընդհանրապես պայքար է պետության գոյության համար: Վերջին փուլում ծավալվող և ծավալվելիք իրադարձությունները գործընթացների միայն երևացող կողմն են:

Բիզնեսի, փողի, օլիգարխիայի, ընտրությունների կեղծման հանցավոր մեխանիզմների, պետական ապարատի և քաղաքականության մաքրազերծմանը զուգահեռ խորանալու են Հայաստանի վրա արտաքին ճնշումները: Ինչո՞ւ: Մեզ հիմնականում կարողացել են խոցել՝ հենց այդ գործոններն օգտագործելով, և որևէ մեկին հաճելի չէ կորցնել ազդեցության լծակները:

1920 թ. մայիսին Լևոն Շանթի ղեկավարած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա՝ բանակցությունների: Նրան տևական ժամանակ չէին ընդունում: Հայաստանում ճնշվեց բոլշևիկների հրահրած մայիսյան ապստամբությունը: Շանթի պատվիրակությանն ընդունեցին: Հունիսի 24-ին Փաշինյանին ընդունելու են Մոսկվայում: Ընդունենք, որ պատմությունը հանճարեղ գործիք է:

Հ. Գ. 2013 թ. Երևանի ավագանու ընտրություններից և 2015 թ. սահմանադրական հանրաքվեից հետո ես տեղամասից դուրս եմ եկել ոստիկանի ուղեկցությամբ: Պատճա՞ռը: Շատ պարզ էր, չէի թողնում ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ներկայումս արդարության մասին բարբառող այլ երկու ուժերի կեղծել ընտրությունները: Սա առանձին օպերա է, որին դեռ կանդրադառնանք ներկայիս իշխանությունների կարողությունների մասով:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am