«Իմ 7 տարեկան տղան միշտ ասում է՝ մեծանամ, գնալու եմ, մեր տունը գրավելու եմ, դրոշները խփելու եմ ու մնամ»․ Մանիկ Մխիթարյանը հույսով ապրում է, որ Քարվաճառը կվերադարձվի

34-ամյա Մանիկ Մխիթարյանի ծնողները Քարվաճառի առաջին բնակիչներն են եղել, ընտանիքը Քարվաճառի ազատագրումից հետո վերաբնակեցման գործընթաց սկսելուն պես Հայաստանի Շիրակի մարզից տեղափոխվել է Քարվաճառ։ Մանիկ Մխիթարյանի մանկությունն ու ողջ կյանքն անցել է Քարվաճառում։ Մանիկը ցավով ասում է, որ պատերազմի հետևանքով մի ակնթարթում իրենց ստեղծածը, տունը-տեղը, իր մանկությունը, տարիները հօդս ցնդեցին։

«Մենք առաջին իսկ օրվանից էնտեղի բնակիչ ենք, ես էդ ավերակների հետ մեծացել եմ։ Էդ ավերակները, որ դարձել են շինություններ, Քարվաճառը բարգավաճել ա, ես դրա հետ մեծացել եմ։ Պատերազմը որ եղավ, չէինք հասկանում՝ ի՛նչ է կատարվում, մտածում էինք՝ երազ է, վաղ թե ուշ պետք է արթնանանք։ 

Բայց ամեն ինչ կորցրեցինք՝ մեր հայրենիքը, տունը, ունեինք ճագարաբուծության ֆերմա, չեմ ասի՝ շատ մեծ էր, բայց մի 100 հատ ճագար ունեինք, խոզեր, տնամերձ։ Ես երկու տեղ եմ աշխատել, շրջանի դատախազության մասնագետն եմ եղել, մեկ էլ դպրոցում դասավանդել եմ, մանկավարժ եմ և իրավագետ։ Շատ լավ էր մեր կյանքը»,- պատմում է Մանիկը։

Մխիթարյանը հույս ունի, որ Քարվաճառը կվերադարձնեն, և 4 անչափահաս երեխաների և ամուսնու հետ կրկին կվերադառնա իրենց բնակավայր։

«Ապրումները շատ են տանջում, բայց աշխատում եմ լավատես լինել, հույս ունեմ, որ Քարվաճառը կվերադարձվի, տարիները կանցնեն, ու ես վստահ եմ՝ ինչ քոնն է, կվերադարձվի»,- ասում է Մանիկը։

Նշում է, որ շատ է կարոտել Քարվաճառը, բնությունը, օդը, անգամ գարունն են հիշեցնում Քարվաճառը, և մտքով տեղափոխվում է իրենց տան այգի․ «Ամենացավոտ հարցը կարոտն է, մեր տունն եմ կարոտել, որ վերանորոգեցինք ու չհասցրեցինք վայելել։ Գարնան եղանակը ավելի շատ է կարոտ արթնացնում, այսօր անգամ ծաղիկների հոտ էի առնում, որ հիշեցնում էր Քարվաճառը։ Քարվաճառը որ տան, կգնամ էնտեղ, միայն էնտեղ կգնամ»։

Մանիկն ասում է, որ երեխաները ևս չեն մոռանում Քարվաճառը․ «Իմ 7 տարեկան տղան միշտ ասում է՝ մեծանամ, գնալու եմ, մեր տունը գրավելու եմ, դրոշները խփելու եմ ու մնամ։ Երեխեքն էլ սթրես տարան էս տեղափոխությունից»,- ընդգծում է Մանիկը։

Մխիթարյանը նշում է, որ այժմ Երևանում բնակարան են վարձակալել, ընտանիքի հոգսերը հոգում են պետության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցներով, սակայն անհանգստացած նշում է, որ չնայած Քարվաճառում իրենց տունն ու եկամտի աղբյուրը կորցրել են, սակայն տան վերանորոգման համար վերցրած վարկերը բանկերը պահանջում են, իրենք էլ ի վիճակի չեն վճարել դրանք:

«Հիմա բանկերը դա պահանջում են, բայց արդար չի։ Չեմ կարող վճարել։ Ես իմ երեխային վիրահատեցի էստեղ, մի կերպ ենք ապրում»,- նեղսրտում է Մխիթարյանը։

Ասում է՝ փորձում է աշխատանք փնտրել, քանի որ ամեն ինչ անորոշ է, պետք է կարողանալ սեփական միջոցներով կարիքները հոգալ:

«Անընդհատ մտքերի մեջ ես, մտածում ես՝ աջակցությունը տվեցին, իսկ ի՞նչ ա լինելու, էդ աջակցությունն էլ սահմանափակ է։ Շատ դժվար է էստեղ, տուն չունես, աշխատանք չունես, բայց արդեն փորձում եմ աշխատանք գտնել: Եթե պետությունը դադարեցնի աջակցությունը, պետք է մտածես քո ապագայի, երեխեքիդ ապագայի մասին, չես կարող ամեն անգամ մտածել, որ պետությունը պետք է քեզ օգնի»,- ընդգծում է Մանիկը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am