Թուրքիայից էժան ապրանքը կարող է կարճաժամկետ տնտեսական աճ ապահովել, սակայն՝ ի հաշիվ հայկական գյուղերի դատարկման․Թավադյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, Tvyal.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանը 

– Պարո՛ն Թավադյան, Նիկոլ Փաշինյանը օրերս հրապարակել էր «Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունների» մասին: Ի՞նչ հնարավորություններ է տալու Հայաստան-Վրաստան-Թուրքիա-ԵՄ երկաթգիծը Հայաստանին տնտեսական առումով:

– Առաջին հերթին պետք է հասկանանք, որ երբ Հայաստանն անդամակցեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Թուրքիան չընդունեց այդ փաստը, հիմա, եթե նույնիսկ բացվի հայ-թուրքական սահմանը, այդ հարցը պետք է լուծվի. Թուրքիան նույն կանոնակարգերը կօգտագործի՞ մեր հանդեպ, որովհետև հրաժարվել է դա անել: 

Երկրորդ՝ պետք է հասկանանք, որ մեր ու թուրքական ապրանքները հիմնականում միմյանց հետ մրցակցության մեջ գտնվող ապրանքներ են: Խոսքը գյուղատնտեսական ու տեքստիլ ապրանքների մասին է, այսինքն՝ սահմանի բացման դեպքում այս երկու ուղղությունը կարող է խնդիր ունենալ: Անխոս, սահմանի բացումը բերելու է տնտեսական աճի, սակայն այդ աճը հիմնականում երևալու է Երևանում՝ այն էլ Երևանի կենտրոնում, այսինքն՝ մարդիկ, որոնք իքս գնով հայկական ծագման բանջարեղեն ու միրգ էին գնում, գնելու են ավելի էժան, սա մարդկանց իհարկե ձեռնտու է լինելու ու հատկապես ռեստորաններին է ձեռնտու լինելու: 

Պետք է հասկանալ, որ մեզ մոտ արդեն իսկ Թուրքիայից որոշակի ապրանք գալիս է, օրինակ՝ լոլիկը, դա գալիս է ավելի երկար ճանապարհով, այսինքն՝ լոգիստիկ առումով ավելի թանկ է գալիս հասնում Հայաստան: Թուրքիան սուբսիդավորում է իր գյուղատնտեսությունը, ու Թուրքիայի տնտեսությունը մի քանի անգամ ավելի մեծ է Հայաստանի տնտեսությունից, ու եթե Թուրքիան մի օր որոշի, որ այլ ճանապարհով էլ ավելի էժան բանջարեղեն կամ մրգեր բերի Հայաստան, դա կվնասի մարզերին ու գյուղատնտեսներին: 

2018 թվականից այս կողմ հիմնական աճը, որ տեղի է ունեցել, տեղեկատվական տեխնոլոգիաների ու բանկային ոլորտներն են, որոնք աճել են երեք ու ավելի անգամ, իսկ գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որ այս 7-8 տարվա ընթացքում 15 տոկոսով կրճատվել է, ու այս պահին գյուղացիներն արդեն իսկ թողնում են իրենց գյուղն ու հողը, որպեսզի ավելի լավ կյանք գտնեն մայրաքաղաքում: 

Սահմանի բացումը կարող է խնդիրներ առաջացնել, ու եթե էժան ապրանք գա Թուրքիայից, դա կարճաժամկետ աճ կապահովի տնտեսության համար, բայց դա կարվի ի հաշիվ հայկական գյուղերի դատարկման: Այսինքն՝ տնտեսապես սահմանի բացումը ձեռնտու է, բայց դա հարվածում է առաջին հերթին գյուղատնտեսությանը, երկրորդ հերթին՝ թեթև արդյունաբերությանը, տրիկոտաժին, ու այստեղ մեր կառավարութունը պետք է հստակ գործողությունների փաթեթ ունենա, որպեսզի հասկանա, թե յուրաքանչյուր պարագայում ինչպես արձագանքի հնարավոր խնդիրներին: 

– Ստացվում է, որ այդ պարագայում տուժելու են մեր տնտեսվարողնե՞րը:

– Դա միանշանակ չէ, ընդհանուր, եթե միջինով նայենք՝ տնտեսությունն աճելու է, որովհետև էժան ապրանք է բերվելու, բայց տուժելու է տեղական արտադրանքը՝ հիմնականում գյուղատնտեսությունն ու տեքստիլ արդյունաբերությունը, որովհետև այնտեղ ավելի մատչելի է ամեն ինչ ու ավելի մրցունակ: Այսինքն՝ այդ տնտեսական աճը լինելու է զուտ նրա համար, որ Թուրքիայից բերված ապրանքներն ավելի էժան են լինելու, բայց այդ էժանությունը կարող է լինել ի հաշիվ ներքին տնտեսության զոհաբերման: Էլի սահմանը բացենք, ինչը մեզ հավելյալ հնարավորություններ կտա, բայց պետք է խոհեմ լինել ու հասկանալ, մշակել փաթեթներ, որպեսզի յուրաքանչյուր ռիսկի պարագայում կարելի լինի տնտեսական պատասխան տալ, որը կունենա ոչ առևտրային սահմանափակման բնույթ: 

– «Այսուհետ այս երկաթգծով (Հայաստան-Վրաստան-Թուրքիա-ԵՄ) մենք կարող ենք ապրանքներ արտահանել Եվրոպական միություն». էկոնոմիկայի նախարարի այս գրառումն ինչպե՞ս կմեկնաբանեք, պարո՛ն Թավադյան:

– ԵՄ ապրանքներ արտահանումն առաջին հերթին հիմնականում կապված է լոգիստիկ ծախսերի, եվրոպական բյուրոկրատիայի հետ, ինչպես նաև ստանդարտացման բարձր աստիճանի հետ: Իհարկե մենք պետք է այդ ուղղությամբ մտածենք ու արտահանում կազմակերպենք, բայց պետք է ավելի խելամիտ լինենք ու հասկանանք, որ մենք պարզապես լոլիկ կամ ծիրան այնտեղ չենք կարող արտահանել, որովհետև տրանսպորտային ծախսեր կան, ապրանքի փչանալու ռիսկ, այսինքն՝ մենք այդ ուղղությամբ պետք է այնպիսի ապրանք արտահանենք, որն ունի բարձր արժեք, ցածր կշիռ՝ բուտիկային որոշակի ապրանքներ, օրինակ՝ նուշը, ծնեբեկը, որոշակի գեղեցիկ փաթեթավորմամբ չրեր, կարող է լինել գինի՝ բարձր արժողությամբ, 20 դոլար ու ավելի: Օրինակ՝ չիլիական գինին մեծ համբավ ունի ԵՄ-ում, բայց Չիլին ԵՄ անդամ չէ ու մաքսատուրքեր է վճարում, բայց արդեն իսկ մեծ պահանջարկ ունի այնտեղ, այս տրամաբանությամբ մենք պետք է մտածենք:

– Այսինքն՝ այս երկաթգիծը գործելու է միայն, երբ Թուրքիան բացի՞ Հայաստանի հետ սահմանը:

– Այս պահին բոլոր քաղաքական հայտարարություններն ու որոշումները պետք է ընկալել ու գնահատել նախընտրական փուլի շրջանակներում, ու, որպես այդպիսին, քաղաքական հայտարարությունների մեկնաբանությունը արդեն իսկ անշնորհակալ գործ է, բայց քանի որ մենք գտնվում ենք այդ շրջանում, ապա բոլոր հայտարարություններին ավելի մեծ վերապահումով պետք է մոտենանք: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am