Ադրբեջանի ԶՈՒ-ն անկանոն կրակ է արձակել Արցախի Սոս գյուղի խաղողի այգում գտնված քաղաքացու ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

Երեկ` հունիսի 14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարած քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Այս մասին այսօր հայտնել է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը:

«Հունիսի 14-ին՝ ժամը 10:00-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքի պետը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը ժամը 08:50-ի սահմաններում, Սոս գյուղի բնակիչ Սասուն Հովսեփյանը (ծնված 1979թ.) նույն գյուղի վարչական տարածքի «Խազազին տակ» կոչվող տեղամասի խաղողայգիներում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքից տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներով անկանոն կրակ են արձակել իր ուղղությամբ։

Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,-ասված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ։