Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում

Դեկտեմբերի 1-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Նշվել է, որ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել օրենսգրքով սահմանված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները, սակայն բացակայում են անհրաժեշտ հարկային վարչարարություն իրականացնելու համար համապատասխան օրենսդրական հիմքերը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Նախագծի նպատակն է արդեն սահմանված կարգավորումները համապատասխանեցնել միջազգային մոտեցումներին, ինչպես նաեւ սահմանել հարկային հսկողություն իրականացնելու ընթացակարգերը: ՊԵԿ նախագահը նաեւ տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո օրինագծում նախատեսվում են նոր փոփոխություններ:

Մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն ու հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն առաջարկել են հետաձգել հարցի քննարկումը, ինչին համաձայնել է հիմնական զեկուցողը: Օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է մինչեւ 2ամիս ժամկետով: