3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքի գործով է։ Այս տեղեկությունն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը։
«Երեկ 20։10-ի սահմաններում որպես մեղադրյալ ձերբակալվել է Խաչատուրովը։ Ըստ էության, Օհանյանի գործով է, ուղղակի գործերը միացրել են իրար։ Մեղադրանքը «փողերի լվացմանն» է առնչվում, սակայն Օհանյանի մասին ԱԺ–ում հնչած դեպքի հետ առնչություն չունի, այսինքն` գույքեր օտարելու հետ Խաչատուրովը կապ չունի։
Խաչատուրովի դեպքում այդ գույքերից մեկը ձեռք բերելը դիտվել է որպես «փողերի լվացում»,- նշեց պաշտպանը։ Փաստաբանի խոսքով՝ 14 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության մասին է խոսքը` տվյալ պարագայում 15 տարի է դեպքի վաղեմության ժամկետը։
Փաստաբանը վստահեցրեց, որ Խաչատուրովն առնչություն չունի այդ գույքի (Արարատի մարզի Արմաշ համայնքում գտնվող զորամասի տարածքի և դրանց վրա առկա շինությունների) ձեռքբերման հետ: Պաշտպանի խոսքով՝ գործով ապացուցման առարկա է` ձեռք բերված գույքն անօտարելի՞ էր արդյոք։ Նշենք, որ երեկ հայտնի դարձավ Խաչատուրովի ձերբակալման մասին։ Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նրան կալանավորելու հարցը։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։