Բայդենը, Լավրովն ու Լիլիթ Հովհաննիսյանը

Վահրամ Թոքմաջյան

Մայիսի 3-ին առաջադեմ մարդկությունը նշում էր Ազատ մամուլի համաշխարհային օրը։

Ընդհանրապես մեզանում ինչ-որ օրեր նշում են միայն ճառեր ասելու, զանգ կանխելու կամ մեդալ տալու համար։ Հետահայացք անցյալին, օրվա կարևորությունը և վերլուծությունը սպառվում են այնտեղ, որտեղ, ասենք, ԱԺ ամբիոնն է։

Իսկ այդ ամբիոնից շռնդում է հերթական ճամարտակումը, և թեման փակված է ևս մեկ տարով։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ԱԺ ամբիոն չունենք և շռնդալից ճամարտակումներ չենք սիրում, ուստի փոքր-ինչ կբացենք թեման։

Իմ խորին համոզմամբ՝ այն մարդը, որը որոշել է օրը կոչել Ազատ մամուլի, այլ ոչ՝ անկախ մամուլի, եղել է բավականին հանճարեղ։ Անկախ լրատվամիջոցներ չկան ու չեն էլ եղել, դա միֆ է։ Սա իհարկե կասկածի տակ չի դնում դաշտում գործող բազմաթիվ պրոֆեսիոնալների ազնիվ մղումները։

Սակայն մենք մեր դիտարկումները կառուցում ենք ոչ թե մասնավոր դեպքերի, այլ ընդհանուր միտումների վրա։ Եվ այսպես, ինչպես ընտրություններն են սովորաբար մեզանում լինում՝ ազատ, բայց ոչ ազնիվ, այնպես էլ մամուլն է գործունեություն ծավալում։

Այո՛, ընտրությունները միշտ էլ մեզանում եղել են ազատ. մարդիկ ազատորեն կեղծել են կամ ազատ են եղել փող վերցնելու և քվեարկելու, սակայն ազատությունը դեռ չի կանխորոշում օբյեկտիվություն կամ անկախություն, իսկ որ ամենասարսափելին է՝ արդարություն։

Նույն միտումներով է շարժվում նաև մամուլը։ Այս գործի մեջ թաթախվածներս իհարկե կարող ենք ունենալ արդարացում, որն է՝ չենք կարող առանձին լինել հասարակական պահանջներից, կամ սուրբ՝ համատարած կեղտի մեջ, բայց դա, մեղմ ասած, բնավ մեղքի նվազեցում չէ։

Մենք մոռանում ենք մի պարզ ճշմարտություն, որը դեռ Ադոռնոն ու Հորքհայմերն էին բարբառում. «Հեռարձակվող բովանդակությունը արդեն ստեղծել է իր լսարանը»: Նույնն է մամուլի (նաև մեդիայի) պարագայում։ Մենք ենք ստեղծել այն լսարանը, որի հետ գործ ունենք։

Ինձ երբեմն թվում է, որ «Մեղու»-ի և «Մշակ»-ի ժամանակներից ի վեր մեր մամուլը զարգացել է անշեղ՝ զմիմյանս սևացնելու ու որքան հնարավոր է շատ ցեխ շաղ տալու ուղիով, իհարկե լուսավոր կետերը չհաշված։

Ու այս անշեղ, բայց հիմնավորապես շեղված ոլորապտույտում հասել ենք մեր օրերը, որտեղ ամենաշատ ընթերցումն ունեն հայհոյանք արտատպող կամ մեջբերող նյութերը։ Ամբոխի սիրտը թամաշա է ուզում, իսկ ո՞վ կարող է տալ այդ թամաշան, իհարկե մամուլը, եթերը, մեդիան, ինչ կուզեք անվանեք, հիմա դրանց բաժանարար գծերը հիմնավորապես ջնջված են։

Սակայն իմ խորին համոզմամբ, մամուլը պետք է ունենար հատկապես կրթող, առանձնացող, լույս տվող գործառույթ։ Մի դեպքում դու պարաֆինից կարող ես սարքել մոմ ու լույս տալ, մյուս դեպքում՝ այդ նույն պարաֆինն օգտագործել վտանգավոր թմրամիջոցների մեջ։ Մենք կարծես ընտրել ենք երկրորդ տարբերակը։

Օրինակ՝ մեր մամուլը երբեք չի զլացել սթափությունը պախարակելու, ինտելեկտը ծաղրելու կամ, որ ավելի սարսափելի է՝ ազգի գլխին գալիք պատուհասները թաքցնելու։ Ոչ միայն թաքցնել, այլ նաև ձեռնածության միջոցով ազգին հանել երկինք, որ անկումն ավելի ցավոտ ու արյունոտ լինի։

Զորօրինակ նախորդ քսանամյակում տեղեկատվական դաշտը լծված էր Ադրբեջանը կործանելու սուրբ գործին։ Որպես հավաստում էլ դաշտ էին նետում մեզոցեֆալ գլխով վերլուծագանգերի, որոնք շատ բան իմացողի դավադիր դեմքով (անպայման ուղեկցվող հասարակության «անգրագիտության» նկատմամբ գերակայության ժպիտով) մեզ ավետում էին թալիշական գործոնի մասին, այն մասին, որ շուտով հայերս՝ էս կողմից, թալիշներն էլ՝ էն կողմից կմիանան ու… Բաքվում չայ խմելը ժամերի հարց է։

Իհարկե պարապ ժամերին մամուլը չէր վարանում ձեռի հետ նավսել ադրբեջանական նավթի պաշարները, որ դրանք շուտ վերջանան։ Հայտնի է նաև, թե որ նախագահի կանխատեսումներն են ընկած այդ նավսի հիմքում։ Երբ պարզվեց, որ ոչ մի թալիշական գործոն էլ չկա, իսկ աղետը սարսափելի չափերով փլուզվեց մեր գլխին, ոչ ոք մարդկանցից ներողություն չխնդրեց իրականությունը թաքցնելու և տարիներ շարունակ միֆերով կերակրելու համար։

Չէ՞ որ մամուլն ազատ է։ Ոչ միայն ներողություն չխնդրեցինք, այլ նաև հայի հետին խելքին ոչ բնորոշ հարցեր անգամ չտվեցինք, թե ինչու այսպես եղավ։ Չէ՛, տվողներ եղան, բայց եթե այդ հարցերը լայն տարածում ստանային, կարող էր որոշ «մամուլների» հացը կտրել, ուստի և անցան ազգին տեղեկատվական տեռորի մեջ պահելու սրբազան գործին։

Երբեմն թվում է, թե ժողովրդին անընդհատ լարումների և ցնցումների մեջ պահելը որոշ ռեսուրսների տերերին հաճույք է պատճառում։ Ուստի մամուլը ոչ միայն ազատ է, այլ նաև մազոխիստ է։

Ձյաձ Բայդենն արտաբերեց «Ցեղասպանություն» եզրույթը։ Շնորհակալ ենք։ Միջին վիճակագրական հայաստանցին, որը չգիտի դրա հետևանքները, քանի որ ոչ ոք չի բացատրել, կարծում էր, թե արդեն ժամանակն է Վանա լճի ափին «վետերոկ» բացել, որտեղ տուրուբերանցի Սվետը կվաճառի «Մոկաց պիվեն»։

Իսկ ինչո՞ւ չգիտեր, որովհետև մամուլին ձեռնտու է հարթակ տրամադրել միջին վիճակագրական վերլուծակոխին, որոնց մեծ մասը հիշեցնում է Շվեյկի արկածներից հայտնի այն պարապ մարդուն, որը մի օր որոշեց գյուղատնտեսական խորհուրդներ տալ։

Իսկ միաժամանակ ցեղասպանագետ, պոլինեզերենի մասնագետ, տիեզերագետ, աֆրիկյան մրջյունների կենսաբազմազանության քրոմոսոմների գյուտարար վերլուծակոխներին ստեղծում է մամուլը։

Եթե մամուլը հարգանք ունենար սեփական էջերի ու կայքերի նկատմամբ, եթե տարրական հարգանք ունենար ազգի նկատմամբ, եթե նվազ հարգանք ունենար սեփական մասնագիտության նկատմամբ, եթե… այլ կլիներ աշխարհի բանը, բոլորիս բանը։

Բայց մամուլին ավելի շատ հետաքրքրում է Լիլիթ Հովհաննիսյանի հղիությունը (բարի ընթացք և մայրական անհոգ բերկրանք երգչուհուն), քան հասարակությանը լուսավորելու, անաչառ տեղեկատվություն մատուցելու կարևորագույն պարտականությունը։ Կիրակնօրյա գլխագրերը կարդալուց տպավորություն էր, թե Լիլիթ Հովհաննիսյանը հղի է… Լավրովը գալիս է Հայաստան։

Այո՛, մամուլը մեզանում ազատ է։ Ազատ է այնպես, ինչպես հասարակությունը։ Ազատ է հայհոյելու և չպատժվելու գործում, տարրական պատասխանատվության չենթարկվելու հարցերում, բայց այդ հասարակությունը նաև մամուլի ստեղծածն է։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am