ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը սոցիալական ցանցում գրառում և բաց նամակ է հրապարակել՝ անդրադառնալով ԱՄՆ-ում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներին։ Նրա հայտարարությունը լայն արձագանք է ստացել հանրության շրջանում։
Իր նամակում Քլինթոնը խիստ քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը և այն բնութագրել որպես վտանգավոր երկրի ապագայի համար։ Նա գրել է․
Քլինթոնի արձագանքը հնչել է Ալեքս Պրետիի սպանությունից մի քանի օր անց։ 37-ամյա բուժաշխատողը սպանվել է դաշնային միգրացիոն ծառայության՝ ICE (Ամերիկայի ներգաղթի և մաքսային ծառայություն) իրականացրած գործողության ընթացքում։ Դեպքից հետո ԱՄՆ մի շարք քաղաքներում սկսվել են բողոքի ակցիաներ։
«Կյանքի ընթացքում մենք ընդամենը մի քանի պահ ենք ունենում, երբ մեր կայացրած որոշումները և մեր կատարած քայլերը ձևավորում են մեր պատմությունը տարիների համար։ Սա հենց այդ պահերից մեկն է»։
Նախկին նախագահը անդրադարձել է նաև դաշնային կառույցների գործողություններին՝ նշելով․
«Մարդկանց, այդ թվում՝ երեխաներին, հարկադրաբար դուրս են բերում իրենց տներից։ Խաղաղ ցուցարարներին և այն քաղաքացիներին, որոնք օգտվում են իրավապահների գործողությունները դիտարկելու և փաստագրելու իրենց սահմանադրական իրավունքից, ձերբակալում են, ծեծի ենթարկում, իսկ Ռենե Գուդի և Ալեքս Պրետիի դեպքերում՝ սպանում»։
Քլինթոնը նաև մեղադրել է իշխանություններին հասարակությանը մոլորեցնելու մեջ՝ ընդգծելով, որ պաշտոնյաները կոչ են անում չհավատալ սեփական աչքերով տեսածին և միաժամանակ սրում են իրավիճակը։
Իր ուղերձի ավարտին նախկին նախագահը ամերիկացիներին կոչ է արել չլռել և պաշտպանել ժողովրդավարական արժեքները՝ շեշտելով, որ ներկայում ընդունվող որոշումները կարող են երկար տարիներով ձևավորել երկրի ապագան։
Նախկին նախագահ Բարաք Օբաման ևս հանդես էր եկել կոշտ քննադատությամբ: Նա մասնավորապես հայտարարել էր. «Այս ամենը պետք է կանգ առնի»:



















