ՆԱՏՕ-ի դերը եւ նշանակությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար

ՆԱՏՕ-ի դերը եւ նշանակությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար
ՆԱՏՕ-ի դերը եւ նշանակությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար

Խորհրդային Միության փլուզումից հետո ողջ հետկոմունիստական տարածքում անվտանգության մեծագույն վակուում առաջացավ: Եթե առաջին մոտարկմամբ նախկին խորհրդային երկրներից շատերն ստիպված էին ընդունել անվտանգության նոր համակարգերի փնտրտուքի ժամանակ Ռուսաստանի առաջարկած տարբեր ֆորմատները, առաջին հերթին ՝ ԱՊՀ-ի ռազմա-քաղաքական բլոկը, ապա Արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրների համար այն կտրուկ անընդունելի էր: Առաջին  հերթին հենց այս երկրները հայտարարեցին ՆԱՏՕ-ի անվտանգության հովանոցի տակ մտնելու իրենց ձգտման մասին: ՆԱՏՕ-ն սկսեց աստիճանաբար ընդլայնվել դեպի արևելք` գործընկերության տարբեր ձևաչափեր առաջարկելով նաև ողջ հետխորհդային տարածքին, այդ թվում՝ Հարավային Կովկասին, Կենտրոնական Ասիայի երկրներին, անգամ՝ Ռուսաստանին:

ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱՏՕԻՆ 

Անգամ Խորհրդային տարիներին Հարավային Կովկասը հանդիսանում էր այն միակ գոտին, որտեղ ՆԱՏՕ-ն առանց բուֆերային երկրների ուղիղ շփում ուներ ԽՍՀՄ-ի հետ (չհաշված Սառուցյալ օվկիանոսի մոտ մի նեղ գոտի Նորվեգիայի հետ): Այս տարածքը միշտ հանդիսացել է ՆԱՏՕ-ի առանձին ուշադրության առարկա: Բավարար է միայն հիշել Թուրքիայում տեղակայված հրթիռների նշանակությունը Սառը պատերազմի թերևս ամենապայթյունավտանգ իրադարձության՝ Կարիբյան ճգնաժամի ժամանակ: 

Բնական է, որ Սառը պատերազմի ավարտից հետո էլ Հարավային Կովկասը չի կորցրել իր նշանակությունը Հյուսիս-Ատլանտյան անվտանգության համակարգի համար, և այստեղ հայտնվել են մի շարք նոր գործոններ: 

  • Հետխորհրդային տարածքը ՆԱՏՕ-ն ցանկանում է տեսնել որպես կայունության գոտի, ինչը Հարավային Կովկասի դեպքում ռուսական զորքերի առկայության և ղարաբաղյան, աբխազական ու հարավօսեթական կոնֆլիկտների պայմաններում խիստ պրոբլեմատիկ է: Ճիշտ է` ՆԱՏՕ-ն երբեք էլ փորձ չի արել այս հակամարտություններում ռազմական միջամտություն ցուցաբերել, սակայն այս կապակցությամբ բազմիցս հանդես է եկել հայտարարություններով և քաղաքական քայլերով: Այս գործոնները կարևոր նշանակություն ունեն Եվրո-Ատլանտյան անվտանգության` պատասխանատու մարմնի ուշադրության կենտրոնում լինելու համար: 
  • Հարավային Կովկասն անմիջական հարևանությամբ էր այն տարածքների հետ, որոնց հետ ՆԱՏՕ-ն կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ունեին ռազմաքաղաքական շահեր: Խոսքն առաջին հերթին վերաբերում է իրաքյան և աֆղանական պատերազմներին: Բավական է հիշել, որ ՆԱՏՕ-Պակիստան հարաբերությունների սրման գագաթնակետին Աֆղանստան առաքվող ոչ ռազմական բեռների 1/3-ը մատակարարվում էր Փոթի-Բաքու միջանցքով: 
  • Խորհրդային Միության փլուզումից հետո Սև ծովը ռուսական փակ լճից բաց ջրերի վերածելու հնարավորություն առաջացավ: Հարավային Կովկասը, որպես Սև ծովի անմիջական սահմանակից երկիր, այս առումով նույնպես մեծ հետաքրքրություն էր ներկայացնում: Այս խնդիրը լուծելու համար ՆԱՏՕ-ն արդիականացրեց և ակտիվացրեց իր անդամ սևծովյան երկրների՝  Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի ռազմա-ծովային ուժերը, Սև ծովում անցկացվեցին բազմաթիվ զորավարժություններ, որտեղ ընդգրկվեցին նաև ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրների՝ Վրաստանի և Ուկրաինայի ռազմա-ծովային նավատորմները: 
  • ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասն ընկալում է այնպիսի տարածաշրջան, որտեղ կարող են ծագել և տարածվել միջազգային այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք ահաբեկչությունը և զանգավածային ոչնչացման զենքերն են: Այս խնդիրներին դիմագրավելու համար ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է համարում միջազգային համագործակցությունը: 
  • Հարավային Կովկասը տիրապետում է նշանակալի ծավալով նավթի և գազի պաշարների, այստեղով են անցնում նաև կարևոր խողովակաշարեր: Տարածաշրջանը ՆԱՏՕ-ական երկրների համար կարևոր նշանակություն ունի և որպես ածխաջրածիններ մատակարարող, և որպես մատակարարումները դիվերսիֆիկացնող գոտի: 
  • Կարևորագույն խնդիր է նաև Հարավային Կովկասին սահմանակից այնպիսի երկիրը, ինչպիսին Իրանն է:  Վերջինս համարվել է խնդրահարույց երկիր Արևմուտքի համար, ուստի Արևմուտքը մեծ ցանկություն ուներ իր ներկայությունն ունենալ Իրանի անմիջական սահմանին: Իրանի արևելքում՝ Աֆղանստանում, ՆԱՏՕ-ն ունի լուրջ ռազմական ներկայություն: ՆԱՏՕ-ական երկրների զորքերը կենտրոնացված են նաև Իրանի արևմուտքում՝ Իրաքում, իսկ հարավում՝ Պարսից ծոցում, տեղակայված է ԱՄՆ-ի 5-րդ ռազմածովային նավատորմը: Հյուսիսը, մասնավորապես, Հարավային Կովկասը, մնում է Իրանի միակ սահմանը, որտեղ ՆԱՏՕ-ական զորքերը ներկայացված չեն: 
  • Վերջապես, ՆԱՏՕ-ի համար Հարավային Կովկասը կարևորվել է այնտեղ Ռուսաստանի հզոր ներկայության ու հարավկովկասյան երեք հանրապետություններում տեղակայված ռուսական զորախմբերի պատճառով. Հայաստանում` Գյումրի քաղաքում տեղակայված է 102-րդ ռազմական բազան և Երևանի քաղաքի Էրեբունի օդանավակայանում` 3624-րդ ռազմա-օդային բազան: Մինչև 2007թ. Ախալքալաքում էր գտնվում ռուսական 62-րդ բազան, Բաթումիի մոտ՝ 12-րդ ռազմական բազան, իսկ Վազիանիում` 283-րդ ավիացիոն դիվիզիան: Այժմ Վրաստանի տարածքում` Աբխազիայում և Հարավային Օսեթիայում են գտնվում ռուսական «խաղաղապահ» զորքերը: Մինչև 2012թ. Ադրբեջանի Գաբալայի շրջանում գործում էր ռուսական ռադիոլոկացիոն կայանը: Հայ-թուրքական և հայ-իրանական սահմանի վրա են գտնվում ռուսական սահմանապահները: Բացի ռազմական լուրջ ներկայությունից Մոսկվան շատ մեծ ազդեցություն ունի Հարավային Կովկասի երկրների քաղաքական վերնախավերի վրա: Վերջիններս որոշումներ ընդունելիս միշտ հաշվի են առնում կրեմլյան ղեկավարության կարծիքը: Բնական է, որ ՆԱՏՕ-ն ցանկություն ուներ այս տարածաշրջանում հավասարակշռել Ռուսաստանի ազդեցությունը և իր վերահսկողության տակ պահել նրա հարավային դարպասները: 

ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում իր գործողություններն առավել ակտիվացրեց սկսած 2004թ.-ից: Դրա պատճառն ինչպես Վրաստանի «Վարդերի հեղափոխություն»-ն էր, որը ՆԱՏՕ-ի ավելի մեծ պահանջ ստեղծեց տարածաշրջանում, այնպես էլ այն, որ, ըստ էության, Եվրոպայում ՆԱՏՕ-ն հիմնականում ավարտեց ընդլայնման գործընթացը և արդեն ուներ այս տարածաշրջանին առավել ուշադիր հետևելու թե′ ժամանակ, թե’ ռեսուրսներ, թե′ քաղաքական հնարավորություններ: 

2004թ. ամռանը Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում դաշնակիցները որոշում ընդունեցին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ընդլայնել իրենց ներկայությունը և ստեղծվեցին կարևոր պաշտոններ` ՆԱՏՕ-ի Հատուկ ներկայացուցիչ և  ՆԱՏՕ-ի 2 կապավոր  պաշտոնյա (մեկական պաշտոնյա յուրաքանչյուր տարածաշրջանի համար): ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչի հիմնական պատասխանատվությունն այս երկու տարածաշրջանների նկատմամբ ՆԱՏՕ-ի քաղաքականության համակարգումն էր, Գլխավոր քարտուղարին անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը և տարածաշրջանների երկրների ղեկավարների հետ աշխատանքը՝ Դաշինքի հետ նրանց համագործակցությունը բարելավելու նպատակով: 

ՆԱՏՕ-Ի  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ 

Անդրադառնանք Հարավային Կովկասի երեք երկրների հարաբերություններին` ՆԱՏՕ-ի հետ այդ երկրների սպառնալիքների ընկալման և համապատասխան անվտանգության մեխանիզմների ստեղծման համատեքստում: 

ՎՐԱՍՏԱՆ 

Վրաստանը տարածաշրջանի երկրներից հստակորեն առանձնանում է առավել պատվախնդիր քաղաքականությամբ, որի նպատակը  ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունն է: ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը Վրաստանը հստակորեն ընկալում է որպես Ռուսաստանին հավասարակշռելու միջոց: 

Ռուսաստանի հետ Վրաստանի խնդիրներն անմիջապես հաջորդեցին Խորհրդային Միության փլուզմանը` կապված Աբխազիայի և Հարավային  Օսեթիայի անջատողական ձգտումների հետ, ընդ որում` այս տարածաշրջաններին Ռուսաստանն անսքող օժանդակում էր և’ քաղաքականապես, և′ ռազմականորեն: 

Որպես սեփական տարածքային ամբողջականության պահպանման ուղի` Վրաստանն արդարացիորեն փնտրում էր այնպիսի ձևաչափ, որը հնարավորություն կտար պաշտպանվել Ռուսաստանից: Վերջինս ընկալվում էր որպես անմիջական սպառնալիք երկրի անվտանգությանը, ուստի Վրաստանը ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն միշտ էլ դիտարկել է որպես Ռուսատանին զսպող միջոց: 

Հետխորհրդային ժամանակաշրջանում Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության օգտին միշտ եղել են բարձրաձայնումներ, ինչն առավել իրատեսական դարձավ 2003թ. «Վարդերի հեղափոխություն»-ից հետո: 2008 թ. հունվարին Վրաստանում անցկացված հանրաքվեի ժամանակ մասնակիցների 77%-ը քվեարկեց ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի անդամակցության օգտին: 

2008թ. ռուս-վրացական պատերազմն առավել ակնհայտ դարձրեց Վրաստանի խոցելիությունը Ռուսաստանից և ՆԱՏՕ-ական անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը: Թեև պատերազմի ժամանակ Վրաստանին ՆԱՏՕ-ական օժանդակությունը սահմանափակվեց քաղաքական տեսանկյունով, սակայն նույն տարում Բուխարեստի գագաթաժողովում դաշինքի անդամ-երկրները հայտարարեցին Վրաստանի՝ դաշինքին անդամակցելու հնարավորության մասին: 2011թ. Հյուսիս-Ատլանտյան խորհուրդը Վրաստանին հռչակեց «հայցվոր (ասպիրանտ) երկիր»: 

 Չնայած ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի մեծ ձգտմանը և դաշինքի կողմից առաջադրվող բազմաթիվ ձևաչափերին` դեռևս Վրաստանի անդամակցությունը մնում է մեծ հարցականի տակ: ՆԱՏՕ-ն կարծում է, որ Ռուսաստանի բարկությունից և կոշտ հակազդեցությունից խուսափելը դեռևս ավելի կարևոր է, քան Վրաստանի նկատմամբ  «5-րդ հոդվածը» տարածելը: 

Ռուսաստանը կարևորագույն խնդիր է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնման խափանումը: Դրա վառ ապացույցը 2011թ. նոյեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ելույթն է, երբ նա հայտարարեց, որ 2008թ. ռուսական ներխուժումը Վրաստան կասեցրեց ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը նախկին խորհրդային տարածք: 

Սահակաշվիլու դարաշրջանից հետո  չնայած ներկայիս իշխանության ռուսամոլության մասին հնչող մեղադրանքներին` Վրաստանի պաշտոնական քաղաքականությունը ՆԱՏՕ-ի նկատմամբ էապես չի փոխվել: 2013թ. Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ՆԱՏՕ-ից Անդամության գործողությունների պլան (MAP) ստանալը հայտարարեց որպես 2014թ. նպատակ: Սակայն ՆԱՏՕ-ն առավել սերտ համագործակցությունից և լայնածավալ ռազմական օգնությունից բացի ոչինչ չի խոստանում:

ԱԴՐԲԵՋԱՆ 

Շատ մեկնաբաններ և քաղաքական գործիչներ երբեմն կարծիք են հայտնում, որ Հարավային Կովկասի երկրներից ՆԱՏՕ-ին միանալու ամենալուրջ շանսերն ուներ Ադրբեջանը, քանի որ նրա տարածքում չկան ռուսական զորքեր, այն միացած չէ ՀԱՊԿ ռուսական անվտանգության համակարգին, և, որ ամենագլխավորն է, վերջինիս նավթը ՆԱՏՕ-ական երկրների համար ունի մեծ կարևորություն: 

Ադրբեջանի վերաբերմունքը Դաշիքին միանալու հարցում խիստ երկբայական է, իսկ պաշտոնյաների հայտարարություններն այդ կապակցությամբ՝ հակասական: Օրինակ, 2007թ. նոյեմբերի 20-ին Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը հայտարարեց, որ Ադրբեջանը պլանավորում է միանալ ՆԱՏՕ-ին, իսկ մեկ շաբաթ անց` նոյեմբերի 27-ին, Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարեց հակառակը` Ադրբեջանը Դաշիքին միանալու նպատակ չունի: 

Քանի որ Ադրբեջանի անվտանգության հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի հարցն է, ապա նրա անվտանգության համակարգերի ստեղծման, այդ թվում նաև՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցը պայմանավորված է առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ ՆԱՏՕ-ի վերաբերմունքով: Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է ՆԱՏՕ-ի և նրա ակտիվ անդամ Թուրքիայի հետ ռազմավարական և ռազմա-քաղաքական համագործակցությունը, սակայն ՆԱՏՕ-ից իր ակնկալիքներին համապատասխան պատասխան չստանալով` հետ է քաշվում: 

Հեյդար Ալիևը (1993-2003թթ.) վարում էր այնպիսի քաղաքականություն, որով երկրի անվտանգությունը փորձում էր կառուցել` հավասարակշռելով Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի հետ հարաբերությունները: Այս քաղաքականությամբ նա սկսեց փարատել իր նախորդ Աբուլֆազ Էլչիբեյի (1992-93թթ.) վարած միակողմանի պրոթուրքական  քաղաքականության ժամանակ ծագած պրոբլեմները: Հեյդար Ալիևը, ստրատեգիական նշանակություն տալով Թուրքիայի հետ ռազմա-քաղաքական համագործակցությանը, փորձ էր անում ՆԱՏՕ-ն օգտագործել որպես նման համագործակցության փոխլրացնող ուղղղություն: ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները զարգանում էին բնականոն ուղիով, Հարավային Կովկասի համար Բրյուսելի կողմից նախանշված գործողություններով և ժամկետներով: 

Իլհամ Ալիևի (2003թ.-ցայսօր) օրոք մեծ թափ տրվեց ազգայնականությանը և դրա հետ կապված նշանակալիորեն իջեցվեցին ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ստանդարտները: Այս հանգամանքը նշանակալի խնդիրներ հարուցեցին Ադրբեջան—ՆԱՏՕ հարաբերություններում: 

Վերջին տարիներին Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններում Բաքվի կողմից մարդու իրավունքների պաշտպանության նորմերի և համագործակցության տարրական կանոնների խախտումներով պայմանավորված արձանագրվել են լուրջ ճգնաժամեր: 

2004թ. սեպտեմբերին ՆԱՏՕ-ի` Եվրոպայում Միացյալ ուժերի գերագույն հրամանատար գեներալ Ջեյմս Ջոնսը չեղյալ հայտարարեց Ադրբեջանում նախատեսված զորավարժությունները, որին պետք է մասնակցեր շուրջ 1000 զինվորական տարբեր երկրներից: Պատճառն այն էր, որ Բաքուն մերժեց այդ զորավարժություններում հայ զինվորականների մասնակցության հնարավորությունը: 

2012թ. ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը խորը մտահոգություն հայտնեց ՆԱՏՕ-ի ուսումնական վարժանքների ժամանակ իր հայ գործընկերոջն սպանած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և բանտից ազատելու Բաքվի որոշման վերաբերյալ` հայտարարելով, որ այն իր ազդեցությունը կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու կարգավորման խաղաղ գործընթացի վրա: 

2014թ. նոյեմբերին զորավարժությունների ժամանակ հայկական ուղղաթիռի կործանման վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: 

Ներկայումս նույնպես բազմաթիվ են մեղադրանքները Ադրբեջանի` որպես մարդու իրավունքները խախտող երկրի նկատմամբ: Վերջինս հանդիսանում է նաև դեպի Եվրոպա նարկոթրաֆիքինգի հիմնական ուղիներից մեկը: 

Սակայն Ադրբեջանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, այնուամենայնիվ, կարելի է համարել զգուշավոր և սպասողական՝ մինչև հարմար առիթը: Ադրբեջանի համար ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման կարևորագույն գործոն է վերջինիս երկրորդ խոշորագույն անդամ Թուրքիան: Բաքուն միշտ էլ ՆԱՏՕ-ն դիտել է Թուրքիայի հետ որպես ռազմավարական և, մասնավորապես, ռազմա-քաղաքական հարաբերությունների խորացման հարթակ: 

ՀԱՅԱՍՏԱՆ 

1992թ ՆԱՏՕ-ի կառույցներից Հայաստանն առաջինը անդամակցեց նորաստեղծ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին (հետագայում՝ 1997-ից Եվրո-Ատլանտիկ Գործընկերության խորհուրդ), իսկ 1994թ. հոկտեմբերին միացավ Համագործակցություն հանուն խաղաղության (PfP) ծրագրին: Տեղին է նշել, որ Ռուսաստանն այս ծրագրին միացել էր նույն թվականի  հունիսին: 

Հայաստանը երբեք չի հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցության իր մտադրությունների մասին, ավելին, Հայաստանի ղեկավարությունը միշտ նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը չի կարող խոչընդոտել իր ստրատեգիական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին: Հայաստանը Ռուսաստանին ընկալում է որպես իր թշնամի Թուրքիայի նկատմամբ անվտանգության երաշխավոր երկիր, այդ իսկ պատճառով էլ ավելի մեծ վստահություն և լոյալություն է դրսևորում նրա նկատմամբ, քան ՆԱՏՕ-ի, որտեղ իր թշնամի երկիրը՝ Թուրքիան, ակտիվորեն ներգրավված է: 

2001թ. հայտարարված ահաբեկչության դեմ պատերազմը և այդ առիթով ԱՄՆ-Ռուսաստան համագործակցությունը Հայաստանը փորձեց օգտագործել առավել բազմաուժագիծ քաղաքականություն վարելու և եվրոպական ու եվրոատլանտյան կառույցներին ինտեգրվելու համար: Արդեն 2002թ. Հայաստանը միացավ «Վիրտուալ Մետաքսի ճանապարհ» ՆԱՏՕ-ական նախագծին, նույն թվականին` PfP շրջանակներում «Պլանավորման և վերանայման գործընթաց»-ին, հաջորդ տարի առաջին անգամ անցկացրեց ՆԱՏՕ-ական զորավարժություններ, իսկ 2004թ.` Ստամբուլի գագաթաժողովից հետո, երբ ՆԱՏՕ-ն հայտարարեց տարածաշրջանի նկատմամբ իր հատուկ ուշադրության մասին, սկսվեց  բազմաբնույթ ու առավել խորը համագործակցությունը: 

Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության նպատակը նրա  հնարավորություններից առավելագույնս օգտվելն է` անվտանգության համակարգը ռուսական պահելու պայմաններում: Այդ պատճառով էլ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ այն բոլոր բնագավառներում, որոնք չեն սպառնա Ռուսաստանի հետ իր հարաբերություններին: Կարևոր օրինակ է այն, որ «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրով Հայաստանն իրականացրել և իրականացնում է 38 գիտական նախագիծ՝  առավել թվով, քան իր հարևան երկրները: 

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՊԱՍԻՎՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ 

  • Քաղաքական տարածաշրջանի բացակայությունը. ՆԱՏՕ-ն (եվրոպական մյուս կառույցները նույնպես) Հարավային Կովկասը փորձում է ընկալել որպես միասնական աշխարհաքաղաքական տարածք և վերջինիս հետ աշխատել որպես այդպիսին: Մինչդեռ տարածքը միասնական է միայն աշխարհագրական առումով, իսկ քաղաքական տեսանկյունից այն ամբողջովին ճեղքված է. Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն ունեն բացարձակ արտաքին քաղաքական տարբեր ուժագծեր, ինչի պատճառով էլ տարածաշրջանի նկատմամբ միասնական մոտեցում չի ձևավորվում: Պետք է նշել, որ հենց այս մոտեցման պատճառով է Հայաստանը հաճախ ստիպված լինում ՆԱՏՕ-ական (նաև՝ ԵՄ) տարբեր ծրագրերում ընդգրկվել, քանի որ այս հարցում առաջատար Վրաստանը շատ ավելին է ցանկանում, քան մյուս երկրները` իր հետևից տանելով Հայաստանին, երբեմն նաև՝ Ադրբեջանին: 
  •  ՆԱՏՕի՝  որպես եվրոպական անվտանգության մեխանիզմի,նոր ռազմավարությունը. Սառը պատերազմի տարիներին ՆԱՏՕ-ի համակարգը հանուն եվրոպական անվտանգության ուղղված էր ԽՍՀՄ-ի և նրա արբանյակների դեմ, սակայն այս համակարգի բովանդակությունն ներկայումս փոխվել է: Այժմ էլ ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում եվրոպական անվտանգությունն է, սակայն Հարավային Կովկասը, այնուամենայնիվ, Եվրոպայի մաս չի դիտարկվում և այստեղ ծագած սպառնալիքները դեռևս ոչ թե անմիջականորեն, այլ միայն միջնորդավորված են ազդում Եվրոպայի վրա: Այս պատճառով էլ մեր տարածաշրջանը ՆԱՏՕ-ի համար մնում է որպես երկրորդական առաջնահերթություն: 
  •  Թուրքիայի տարամիտող քաղաքականությունը. Հարավային Կովկասին անմիջական սահմանակից ՆԱՏՕ-ական միակ երկիրը Թուրքիան է, որն այս տարածաշրջանում ծագած սպառնալիքներին դիմագրավելու համար չունի ՆԱՏՕ-ի կարիքը, քանի որ իր անվտանգության խնդիրները լուծում է այլ եղանակներով, որը երբեմն նույնիսկ հակասում է ՆԱՏՕ-ական մարտավարությանը: Օրինակ, ներկայիս ռուս-թուրքական սերտ հարաբերությունները ԱՄՆ և եվրոպական մյուս երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պայմաններում համահունչ  չեն ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությանը: 
  • ՆԱՏՕ-ԵՄ գործողությունների ներդաշնակության խաթարումն այս տարածաշրջանում նույնպես խոչընդոտում է ՆԱՏՕ-ի ակտիվությանը այն պարզ պատճառով, որ տարածաշրջանի միակ ՆԱՏՕ-ական երկիրը՝ Թուրքիան, Եվրամիության անդամ չէ: Մինչդեռ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ընդլայնման հաջողության մեջ մեծ ներդրում ունի հենց ՆԱՏՕ-ի ու Եվրամիության և նրա կառույցների հետ ակտիվ աշխատանքի զուգորդումը: 
  • Ռուսաստանը որպես ՆԱՏՕ-ի ակտիվացման խոչընդոտ.

–   Ռուսաստանը կարևորագույն նշանակություն է տալիս Հարավային Կովկասին` այն համարելով իր հարավային դարպասը, մուտքի  հնարավորություն դեպի Մերձավոր Արևելք, վերահսկողության հնարավորություն Կասպից ծովի վրա և այլն: Ռուսաստանը դրա համար գործարկել է երկու հիմնական միջոց` ազգամիջյան հակամարտությունները և ռուսական զորքը:

–   Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավային Կովկասում առաջացան կոնֆլիկտի երեք օջախներ` Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում: Ղարաբաղյան հակամարտության դեպքում Ռուսաստանն անմիջական կողմ չէ, սակայն Հայաստանին ու Ադրբեջանին մատակարարվող հսկայածավալ զենքով, կողմերի ղեկավարությունների վրա ունեցած լրջագույն ազդեցությամբ, նաև՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանն այսօր իրականում հանդիսանում է այս կոնֆլիկտի մենեջերը: Վերջինս կարողանում է կարգավորել զինված բախումների վայրերը, ինտենսիվությունը, և ժամանակացույցը: Ռուսաստանն արդեն անթաքույց խոսում է հակամարտության գոտի ռուսական զորք մտցնելու մասին` կիրառելով կոնֆլիկտի կառավարման բազմաթիվ գործիքներ:

–   Ինչ վերաբերում է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հակամարտություններին, ապա այստեղ անմիջականորեն մասնակցում է ռուսական զորքը` և′ որպես «ինքնապաշտպանական» ջոկատների մաս, և′ որպես միջազգային մանդատի ներքո հանդես եկող խաղաղապահ: 2008թ. Հարավային Օսեթիայի առիթով սանձազերծվեց ռուս-վրացական լայնամասշտաբ պատերազմը, ինչի հետևանքով հստակորեն մատնանշվեց Հարավային Օսեթիայի և Վրաստանի միջև առավել խորը անջրպետը և ռուսական զորքերի առկայությունն այնտեղ: շ

–   Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը Հարավային Կովկասում պահում էր 4 ռազմաբազա (այժմ՝ 3): Աբխազիան և Օսեթիան (այստեղ գտնվում են ռուսական բազաներից 2-ը) այն ռազմավարական կետերն են, որով Վրաստանը և Հայաստանը ելք ունեն դեպի հյուսիս, այսինքն այստեղով Ռուսաստանը կառավարում է նաև այս երկրների բլոկադան: Նշենք նաև, որ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանը նույնպես պահպանվում և վերահսկվում է ռուսական սահմանապահների կողմից, ինչն առավել ամբողջական է դարձնում տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը:

–   Ռուսաստանն ամեն կերպ ընդդիմանում է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ակտիվացմանը, իր հերթին ՆԱՏՕ-ն այլ տարածքներում, մասնավորապես, Արևելյան Եվրոպայում ունի գործունեության առավել մեծ հնարավորություններ, և Ռուսաստանի կոշտ հակազդեցությունը չստանալու համար աշխատում է Կովկասում մեծ խնդիրներ չստեղծել Մոսկվայի հետ:

Իրանը որպես ՆԱՏՕի ակտիվացման խոչընդոտ. ՆԱՏՕ-ի ակտիվացման մյուս խոչընդոտը Իրանի հարևանությունն է Հարավային Կովկասին: Մերձավորարևելյան և կովկասյան տարածաշրջաններում Իրանը հավակնում է գերտերության դեր ունենալ և որպես իր գլխավոր մրցակից է տեսնում նաև Թուրքիային: ՆԱՏՕ-ի ընդլայնումը, իհարկե, նշանակում է Անկարայի դերի ակտիվացում այս տարածաշրջանում, ինչը կտրուկ հակասում է Իրանի շահերին` չխոսելով Իրանի` ողջ հակաարևմտյան ընդհանուր կեցվածքի և Արևմուտքի հակաիրանյան քաղաքականության մասին ընդհանրապես:

***

Հետխորհրդային շրջանում գերտերությունների և տարածաշրջանային տերությունների, մասնավորապես, Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականության շնորհիվ Հարավային Կովկասը մի տեսակ կղզիացավ, խաչմերուկ լինելու նրա ներուժը փոխարինվեց փակուղի դառնալու իրականությամբ, որը հանգեցրեց տարածաշրջանում ՆԱՏՕ-ի խիստ սահմանափակ ներկայությանը: Իհարկե, ՆԱՏՕ-ի ընդլայնման համար առաջնայինը Եվրոպայի անմիջական մաս կազմող Արևելյան Եվրոպան ու մերձբալթյան երկրներն են, սակայն կարելի է նկատել, որ անհրաժեշտ հանգամանքների պարագայում Հարավային Կովկասը կարող է հայտնվել նույնպիսի ուշադրության կենտրոնում, ինչպիսին Արևելյան Եվրոպան էր:

Աղասի Ենոքյան

Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոնի տնօրեն

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)