Like, comment, share. սոցցանցերը նոր գործիք են դարձել քաղաքական ուժերի նախընտրական զինադարանում

Like, comment, share. սոցցանցերը նոր գործիք են դարձել քաղաքական ուժերի նախընտրական զինադարանում
Like, comment, share. սոցցանցերը նոր գործիք են դարձել քաղաքական ուժերի նախընտրական զինադարանում

Անցած տարիներին Հայաստանում հասարակական ակտիվության շարժիչ ուժ դարձած սոցցանցերը նախընտրական քարոզարշավի մեկնարկի հետ ակտիվ գործիք են դարձել առաջադրված 9 քաղաքական ուժերի ձեռքում:
Կուսակցություններն ու դաշինքները հասկացել են, որ սոցիալական ցանցերը արդյունավետ միջոց են ֆինանսական փոքր ծախսերով իրենց համակիրներին իրազեկելու և համացանցի նոր օգտատերերի գրավելու համար:
Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Մեդիալաբին» ասում է, որ 2007-ի խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ համացանցի դերն այսօր քաղաքական պայքարում շատ ավելի մեծ է:
«Ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, մենք նույնպես նախընտրական քարոզարշավ ենք անցկացնում սոցիալական ցանցերում, քանի որ հասարակության կյանքում այն մեծ դեր ունի»,- նշում է Շարմազանովը` տեղեկացնելով, որ առաջիկայում գործելու է նաև www.hhk2012.am պաշտոնական կայքը, որտեղ տեղեկատվություն կլինի կուսակցության ծրագրերի ու բոլոր հանդիպումների մասին՝ տեսանյութերով ու լուսանկարներով ներբեռնված:

«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Հարութ Ամիրյանը նշում է, որ ընտրություններին ընդառաջ համացանցում ակտիվություն ապահովելն ունի իր դրական և բացասական կողմերը:

«Սոցիալական ցանցերը՝ «Ֆեյսբուք», «Յություբ» և այլն, հնարավորություն են տալիս տեղեկատվությունն ավելի արագ հասցնել հասցեատիրոջը թե´ քարոզարշավի, թե´ ծրագրերի ու գաղափարների մասով: Բայց, մյուս կողմից` կան մի շարք լրատվական կայքեր, որոնք մի ժամում կամ մեկ օրում են ստեղծվում և շատ արագ բացասական ինֆորմացիա են տարածում նույն սոցիալական ցանցերում»,- պարզաբանում է նա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) ինտերնետը որպես քարոզչության հարթակ օգտագործելու է մարզեր այցելություններին զուգահեռ:

«Հայաստանի 980-ից ավելի համայնքներ, անգամ 50-60 բնակիչ ունեցող գյուղեր, սահմանմերձ գոտիներ` այս բոլոր ուղղություններով մեր 7 քարոզչական խմբերն արդեն սկսել են շարժվել և ներկայացնել մեր ծրագրերն ու գաղափարները»,- ասում է ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը հավելում է, որ ԲՀԿ-ն սոցիալական ցանցերն օգտագործում է միայն կուսակցության նպատակներն ու գաղափարներն ազդարարելու նպատակով, այլ ոչ թե սև PR անելու համար, ինչպես որոշ ուժեր:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մամուլի խոսնակ Արման Մուսինյանի կարծիքով` որքան էլ սոցիալական ցանցերում ներգրավվածությունը լինի իրազեկման ու ինֆորմացիայի տարածման ձև, Հայաստանում իր արդյունավետությամբ այն դեռ չի կարող հասնել հեռուստատեսային իրազեկման ազդեցությանը:

Իսկ «Ժառանգությունն» և «Ազատ դեմոկրատները» իր ֆեյսբուքյան էջերն օգտագործում է` նախընտրական ծրագրերի մասին տեղեկատվական թարմացումներ կատարելով, դրանք անհատական նամակների տեսքով «Ֆեյսբուքի» իրենց համակիրներին ուղարկելով, այդուհանդերձ, նրանք ևս միայն համացանցով չեն բավարարվում:

«Երևանում և մարզերում երթևեկող ավտոբուսների վրա լինելու են մեր կարգախոսները գովազդային վահանակներով, իսկ 2 օրից սկսելու ենք այցելություններ կատարել մարզեր»,- ասում է «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը «Մեդիալաբին» տեղեկացնում է, որ իրենք էլ տեղեկատվական տեխնոլոգիաները լայն կիրառում են ու հետ չեն մնում սոցիալական ցանցերում ակտիվություն ապահովելուց:

«Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավին, այն ոչնչով չի տարբերվելու նախորդ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից: Իրականացնելու ենք բոլոր համապատասխան միջոցառումները»,- ասում է նա:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետները նշում են, որ քաղաքական ուժերն ըստ էության ողջ պոտենցիալով չեն օգտագործում համացանցը` իրենց նպատակներին հասնելու համար:

«Իրականում մենք թերագնահատում ենք ինտերնետի ներթափանցումը Հայաստանում։ Անցյալ տարի, պաշտոնական տվյալներով, ինտերնետի ներթափանցումը հասավ մոտ 50 տոկոսի։ ԱՊՀ-ում Հայաստանը ինտերնետ կապի օգտագործման տեսանկյունից այսօր առաջինն է։ Այնպես որ, համացանցը ամենակիրառելի քարոզչական հարթակներից է և ունի շատ լուրջ ազդեցություն»,- ասում է տեղեկատվության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Կառավարության պաշտոնական տեղեկատվության համաձայն` անցած 5 տարիներին Հայաստանում 19 անգամ ավելացել է ինտերնետի բաժանորդների թիվը` դառնալով 380 հազար բաժանորդ (յուրաքանչյուր երկրորդ ընտանիք), ինչին զուգահեռ բարձրացել է ինտերնետ կապի որակը. նախկին 17 տոկոսի դիմաց բաժանորդների 99 տոկոսին մատուցվում է լայնաշերտ ինտերնետ կապ:

www.socialbaler.com-ի տվյալներով` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայաստանցի օգտատերերի թիվը անցած 6 ամսում ավելացել է ավելի քան 70.000-ով` հասնելով ավելի քան 285.000-ի:

Անդրադառնալով, օրինակ` ՀԱԿ-ի հանրահավաքում «Ֆեյսբուքի» նշանով դրոշի հայտնվելուն` Մարտիրոսյանը դա անգամ փոքր-ինչ ուշացած քայլ է համարում.

«Սոցիալական ցանցերը վերջին մեկ տարում դարձել են քաղաքական քարոզչության հիմնական հարթակներից մեկը։ Կուսակցությունների երիտթևերը և վերնախավի երիտասարդ ներկայացուցիչները արդեն իսկ ակտիվ օգտագործում են ցանցային հարթակները, Հայաստանի դեպքում հիմնականում «Ֆեյսբուքն» է և «Յություբը»։

«Այս ընտրությունները հետաքրքիր են լինելու մի կողմից այն տեսանկյունից, որ Հայաստանում գնալով աճում է ցանցային քաղաքացիական ակտիվությունը, հանրային լրագրությունը։ Մյուս կողմից` հայերը հասցրեցին տեսնել, թե ինչպես են կիրառվել սոցիալական մեդիաները, օրինակ` արաբական երկրներում հասարակական շարժումների կամ Ռուսաստանում ընտրակեղծիքները նկարահանելու, տարածելու համար»,- հավելում է փորձագետը։

Մինչ այդ մի շարք նախագծեր են մեկնարկել, որոնք միտված են ընտրությունների անցկացումը ավելի թափանցիկ ու վերահսկելի դարձնելուն: iditord.org-ի նպատակը, օրինակ` քաղաքացիական ցանցային ակտիվիստներին ԶԼՄ-ների և դիտորդական կազմակերպությունների հետ կապելն է, հանրային լրագրողների ակումբը` mynews.am, օգնելու է հանրային լրագրողներին ընտրությունների ժամանակ, քաղաքացիական վերահսկողության նախագիծ է իրականացնում նաև «Լրագրողներ հանուն ապագայի»` jnews.am, կազմակերպությունը։

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am