ԿԳՄՍՆ առաջիկայում կգնա կառուցվածքային փոփոխությունների. կձևավորվի բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ԿԳՄՍ նախարարությունը առաջիկայում երկու փուլով կգնա կառուցվածքային փոփոխությունների. կձևավորվի բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Առաջին փուլով կգնանք ֆունկցիոնալ բաշխումների, երկրորդ փուլում փոփոխություններն ուղղված կլինեն ավելի շատ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող կառուցվածքային փոփոխություններին, մասնավորապես, բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ձևավորմանը»,-ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում ակտիվորեն թափուր տեղերն են համալրելու, որովհետև նախարարությունում բավականին մեծ թվով  թափուր տեղեր կան, այս պահին էլ բազմաթիվ մրցույթներ կան հայտարարված:

Ինչ վերաբերում է բովանդակային աշխատանքներին, Անդրեասյանն ասաց. «Հանրակրթության ոլորտում ամբողջացրել ենք հանրակրթության  կառավարման գործընթացի նախապատրաստման իրավական ողջ փաթեթը, հաստատվել են բոլոր անհրաժեշտ կարգերը, կանոնադրությունները:

2023-ի սեպտեմբերից բոլոր դպրոցներում փուլային ձևաչափով կներդրվի հանրակրթության նոր չափորոշիչը: Մասնավորապես, աշխատանքի մեթոդաբանություն ենք հստակեցրել, մենթոր դպրոցներ են առանձնացված ամբողջ հանրապետությունում՝ 53 դպրոց: Այս դպրոցներին կցված են տվյալ տարածքի մյուս դպրոցները: Այս միջոցով վերապատրաստումներ ենք իրականացնելու սեպտեմբերին ընդառաջ, որ դպրոցները պատրաստ լինեն նոր չափորոշիչներին:

Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը բարելավել ենք, այժմ հնարավորություն կունենան այդ գործընթացին մասնակցել նաև այն մարդիկ, որոնք բավարարում են ուսուցչի պահանջներին, բայց չեն աշխատում դպրոցներում: Մարտի 27-ից արդեն դիմումների ընդունումը կսկսվի: Երկու ամիս մարդիկ դիմելու ժամանակ կունենան »,- ասաց Անդրեասյանը:

Փոխնախարարը շեշտեց, որ կմեկնարկի նաև արտադպրոցական հաստատությունների աշխատակիցների ատեստավորման գործընթաց: Մարտի 9-ից կընդունվեն նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժների դիմումները՝ տարակարգի ստացման համար, որը 30-50 տոկոս հավելավճարի հնարավորություն կտա այս ոլորտի աշխատակիցներին: