Ռոման Տրոցենկո. ով է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նոր բաժնետերը և ինչ բիզնեսներ ունի․ 1lurer.am

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությունը հաղորդեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նոր խոշոր բաժնետիրոջ առկայության և Կառավարությանը նվիրաբերված բաժնետոմսերի մասին, գրում է 1lurer.am-ը։

Սեպտեմբերի 30-ին Կառավարությունն ընդունեց «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության կողմից պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրատվությամբ Հայաստանի կառավարությանը հանձնելու նախագիծը։ «Արդյունաբերական ընկերություն»-ը գրանցված է Մոսկվայում։ Ընկերոթյունն ընդհանուր առմամբ ձեռք է բերել կոմբինատի 60 տոկոսը, որից 25-ը նվիրել է Հայաստանի կառավարությանը և կոմբինատի ընդհանուր բաժնետիրական կապիտալում պետական մասնաբաժինը կկազմի 15 տոկոս։

«Արդյունաբերական ընկերության» խոշոր բաժնետերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է։ «Լուրեր»-ը ներկայացնում է որոշ մանրամասներ Տրոցենկոյի բիզնես գործունեությունից:

Տրոցենկոն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության խոշոր բաժնետերն ու կառավարողն է, մինչ այս տարվա հուլիսը Տրոցենկոն «Գեոպրոմայնինգ գոլդի» բաժնետոմսերը կիսում էր Սիմոն Պովարենկինի հետ, սակայն այս տարվա ընթացքում գնեց «Գեոպրոմայնինգ գոլդի» բաժնետոմսերն ու դարձավ վերահսկող բաժնետեր։ Ըստ «Կոմերսանտի»՝ գործարքի գինը կազմել էր 176 միլիոն դոլար։ Ընկերությունը հանքավայրեր է շահագործում Հայաստանում ու Ռուսաստանում, «Գեոպրոմայնինգ գոլդին» Հայաստանում պատկանում են Սոթքի ոսկու հանքավայրը, Ագարակի պղինձ-մոլիբդենային հանքավայրը։ Սոթքից արդյունահանված ոսկու հանքաքարը վերամշակվում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում, որի սեփականատերը ևս «Գեպրոմյանինգ գոլդն» է։ Ռուսաստանում՝ Յակուտիայի մի քանի հանքավայրերում ու Մագադանում, «Գեպրոմայնինգ գոլդը» արդյունահանում է անտիմոն ու ոսկի։ Նախկինում «Գեոպրոմայնինգ գոլդը» շահագործել է նաև Վրաստանում Բոլնիսի շրջանում գտնվող Սակդրսիի ոսկու, պղնձի հանքավայրը, որը հետագայում վաճառել է։

Ռոման Տրոցենկոյին պատկանող ամենախոշոր ընկերությունը Aeon corporation-ն է, որը միավորում է ավելի քան 30 ընկերություն. Aeon Corporation-ի մեջ ներառվող «Նովապորտ» ընկերությանն են պատկանում 16 օդանավակայան Ռուսաստանի տարածքում, որոնք օրինակ 2017-ին ունեցել են 17 միլիոն ուղևոր։ Կորպորացիայի մեջ է մտնում նաև Aeon development կառուցապատող խոշոր ընկերությունը, որը մասնագիտացած է բիզնես և բնակելի տարածքների կառուցապատման մեջ։ Շինարարական ընկերության մինչ այս պահը իրականացրած շինարարության ծավալը գերազանցում է 2.7 միլիոն քառակուսի մետրը։ Aeon development-ի կողմից է կառուցվել «Բաշնյա ֆեդերացիա» անունը կրող երկնաքեր համալիրը Մոսկվայում, որը բաղկացած է երկու առանձին մասնաշենքերից. դրանցից մեկը 95 հարկանի է, մյուսը՝ 62: 95 հարկանի երկնաքերը համարվում է իր բարձրությամբ երկրորդ ամենաբարձր շինությունը Եվրոպայում։

Տրոցենկոն ընդգրկված է նաև նավաշինական բիզնեսում. նրան են պատկանում 3 նավաշինական ընկերություններ, 2 շոգեքարշ արտադրող ընկերություններ։ Զբոսանավերի արտադրությամբ զբաղվող Timmerman Yacht ընկերությունը ևս ընդգրկված է Տրոցենկոյի կորպորացիայում։ Խմբում ներառված ПАО Московское речное пароходство ընկերությունը, օրինակ, ունի 20 միավոր ուղևորատար նավեր, նաև նավեր՝ նախատեսված հատուկ բեռների համար։ Ընկերության՝ նավով բեռնափոխադրման տարեկան ծավալը կազմում է 5.5 միլիոն տոննա։

Aeon corporation-ի մեջ է մտնում «Էս դի էս ազոտ» բաժնետիրական ընկերությունը, որը ազոտական պարարտանյութ արտադրող ու մատակարարող ամենախոշոր ձեռնարկությունն է Ռուսաստանում: Այն իր արտադրանքը նաև արտահանում է 40 երկիր։ Անցյալ տարվանից Տրոցենկոն հետաքրքրություն էր ցուցաբերում նաև Արկտիկայում՝ մասնավորապես այնտեղ ածխի արդյունահանման ու ենթակառուցվածքների ուղղությամբ։ Տրոցենկոն նախատեսում է Արկտիկայում ներդնել մինչև 60 միլիարդ ռուբլի։

Տրոցենկոն եղել է «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության տնօրեն Իգոր Սեչինի խորհրդականը, գլխավորել է «Ռոսնեֆտի» դուստր ձեռնարկություններից մեկը։ 2018-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հրապարակել էր 210 հայտնի ռուսների անուններ և ցանկն անվանել «Պուտինի ցուցակ»: Ցուցակում ներառվել էին այն մարդիկ, ովքեր սերտ կապեր ունեն Կրեմլի հետ, և ԱՄՆ կողմից վերջիններս դիտարկվում էին որպես հնարավոր պատժամիջոցների թիրախներ։ Այդ անձանց ցանկում էր նաև Տրոցենկոն։

Իր հարցազրույցներից մեկում Տրոցենկոն հայտնել էր, որ իր առաջին մեկ միլիոն ռուբլին աշխատել է 22 տարեկանում։ Ըստ Forbes-ի՝ ներկայումս Տրոցենկոյի ունեցվածքը 2.4 միլիարդ դոլար է։ Հատկանշական է, որ մեկ տարվա կտրվածքով նրա ունեցվածքի կտրուկ աճ է եղել՝ 1.1 միլիարդի չափով (2020-ի ապրիլին Տրոցենկոյի ունեցվածքը գնահատվում էր 1.3 միլիարդ դոլար):