«Եթե Սերժ Սարգսյանն էլ իջնում է փողոցային խոսակցությունների մակարդակին, որ հողերը ծախված էին, էլ կարիք չկա խոսել այդ մասին». Աղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը

– Պարո՛ն Աղազարյան, «Մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմամթերք և ռազմական տեխնիկա պատերազմն այսպես չավարտելու համար: Մենք 44-օրյա պատերազմում օգտագործել ենք 50 տոկոսի չափով, բա մյուս 50 տոկոսն ինչո՞ւ չենք օգտագործել»,- երրորդ նախագահի հարցադրումն է, որին կցանկանամ պատասխանեք՝ որպես իշխանության ներկայացուցիչ։

– Նախ՝ ես պետք է համաձայնեմ նրա գնահատականի հետ, նոր ասեմ՝ ինչո՞ւ։ Ես համաձայն չեմ այդ մտքի հետ ոչ թե նրա համար, որ գիտեմ, թե ստույգ ի՛նչ է տեղի ունեցել, այլ համաձայն չեմ, որովհետև չգիտեմ, թե ստույգ ինչ է տեղի ունեցել։ 

Ես չեմ պատկերացնում, թե իր ժամանակվանից աշխատած բարձրաստիճան զինվորականները ինչպե՛ս չեն իմացել, թե ինչ էր պետք անել ռազմական այս կամ այն իրավիճակում, հետևաբար ինձ համար նույնիսկ տարօրինակ է այդպիսի հարցադրումն անգամ։

Եթե Սերժ Սարգսյանն էլ իջնում է փողոցային այն խոսակցությունների մակարդակին, որ հողերը ծախված էին, ասել էին՝ չկրակեք, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է խրամատներ, ավտոմատները ձեռքներից խլել է ու այս կարգի ծիծաղելի ձևակերպումներ, կարիք չկա խոսել այդ մասին։

– Այսինքն՝ հիմնավոր չե՞ք համարում Սերժ Սարգսյանի հարցադրումն ու տեսակետը։

– Չէ՛, ես գնահատական չեմ տալիս, ես ուղղակի չեմ տիրապետում ամբողջական ինֆորմացիային, ես գնահատական եմ տալիս ընդհանրապես, ավելի շուտ՝ քաղաքական իմաստով։

Ինքը տարիներ շարունակ եղել է պաշտպանության նախարար, հետո՝ երկրի ղեկավար, մեկ առ մեկ ճանաչել է բոլոր բարձրաստիճան զինվորական ծառայողներին, ու ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը ցանկացած պահի պետք է իմանար, չէ՞, թե ինքն ինչ պետք է աներ, թող անեին, ինչի՞ չեն արել։

– Դե, իրենք ասում են, որ իրենց ժամանակ արվել է, այդ ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է եղել, չեն արել։

– Ծիծաղելի է, արդեն իջանք փողոցային խոսակցությունների մակարդակին, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է խրամատներ, ավտոմատները ձեռքներից վերցրել է, տանկերի մեջ ջուր է լցրել, չգիտեմ էլ ինչեր է արել, որ պարտվենք։ Եթե այս մակարդակով է մեղադրանքը, ես չեմ ուզում մեկնաբանել։

– Պարո՛ն Աղազարյան, նկատի ունեք, որ սպայական կազմը, որոնք աշխատել են նաև Սարգսյանի ղեկավարման տարիներին, չե՞ն իմացել իրենց անելիքը, այո՞, ճի՞շտ եմ հասկանում ձեր միտքը։

– Ես չեմ ասում՝ չեն իմացել, ես ասում եմ՝ չեն արել։ Ես չգիտեմ՝ իմացե՞լ են, թե՞ չեն իմացել, բայց եթե Սերժ Սարգսյանն ասում է, որ բոլոր հնարավորությունները եղել են՝ պատերազմում այլ ելք ունենալու համար, նշանակում է, որ չեն արել։ Հիմա չանելու պատճառն այն է, որ չե՞ն հասկացել, թե՞ չեն արել՝ ես չեմ կարող ասել։

– Ձեր իշխանության խնդի՞րը չէր պարզել ու պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր չեն արել այս կամ այն բանը։

– Դե հիմա համապատասխան քննություն է գնում, ու դրա ավարտից հետո կարող է պատահել, որ որոշ մարդիկ պատասխան տան։ Գիտեք ի՞նչ, երբ ասում եք՝ գերագույն գլխավոր հրամանատար, մենք պետք է հասկանանք, որ նա, ըստ Սահմանադրության, դառնում է գերագույն գլխավոր հրամանատար ընտրությունների արդյունքում, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքական ուժի ղեկավար պետք է լինի Սուվորո՞վ, Նապոլեո՞ն, իհարկե չէ։ 

Գոյություն ունի զինվորական ծառայության ինստիտուտը, որտեղ կա գլխավոր շտաբ, շտաբի պետ, զորամասերի հրամանատարներ և այլն։ Այդ քաղաքական ուժի ղեկավարը, հաշվի առնելով բարձրաստիճան զինվորականների գնահատականները, զեկույցները և այլն, այս կամ այն իրավիճակում ընդունում է քաղաքական որոշում, բայց երկրի տվյալ պահի ղեկավարից այդքան չպետք է կախված լինի երկրի պաշտպանունակությունը, կախված է, բնականաբար, բայց ոչ այնքան, որ Սերժ Սարգսյանը նման գնահատական տա։ 

– Ստացվում է՝ կրկին նախկիննե՞րն են մեղավոր։

– Ես չեմ ասում այդպիսի բան, այո՛, ես իմ գնահատականները տվել եմ մի քանի անգամ, մեր բոլորիս մեծագույն սխալը եղել է այն, որ 94-ին Հայաստանը հանդես է եկել որպես կոնֆլիկտի կողմ, այդտեղից էլ սկսվել են մեր բոլոր ձախորդությունները իրենց բոլոր հետևանքներով։ 

Խեղճ Ալիևը 7-10 տարի առաջ ասում էր՝ ես զարմանում եմ ձեր վրա, մեր ռազմական բյուջեն ձեր պետական բյուջեի չափ է, ես հարցերը ռազմական ձևով կլուծեմ, այդ մարդն անընդհատ ասում էր, բայց մերոնք հետևություններ անո՞ւմ էին, արդյոք հնարավորություն չունեի՞նք ծախսել 2 միլիոն դոլար ու պաշտպանական երկրորդ գիծ ստեղծեինք, ինչո՞ւ չէր ստեղծվել այդ գիծը, հիմա խորանանք այդ գնահատականների մե՞ջ։ Հիմա էլ կան սխալներ ու շատ, մենք սակայն ուղիղ նայում ենք դրանց երեսին ու փորձում ենք դրանք ուղղել ։

– Սերժ Սարգսյանը նաև հնչեցրեց հետևյալ միտքը, որ, ըստ էության, ուրիշի օգնությամբ իշխանության եկած ուժը պետք է ծառայի նրանց, ովքեր օգնել են իրեն՝ նկատի ունենալով ձեր քաղաքական թիմին, բայց չհստակեցրեց, թե ի՛նչ ուժերի նկատի ունի։ Ո՞ւմ է ծառայում ձեր իշխանությունը, ովքե՞ր են օգնել ձեզ իշխանության գալ։

– Միանշանակ համաձայն եմ Սերժ Սարգսյանի այդ մտքի հետ, եթե ինքը կարող է հիմնավորել իր այդ ասածը, իր խոսքերն ավելի արժեքավոր կլինեն, ու կարիք կլինի անդրադառնալ դրանց, բայց հիմա եթե չկան հիմնավորումներ, ի՞նչը մեկնաբանեմ։ 

Արտաքին միջամտություն չի եղել, բոլորն են տեսել, թե մենք ինչպես ու որտեղից ենք սկսել։ Այլ բան, եթե Սերժ Սարգսյանն իրեն վարչապետի թեկնածու չառաջադրեր, այլ թողներ այն դերասանին (նկատի ունի Կարեն Կարապետյանին), գուցե չլիներ հեղափոխությունը, բայց ինքը չգնաց դրան, որովհետև իշխանության մոլուցքով էր տարված։

– Պարո՛ն Աղազարյան, հիմա ձեր քաղաքական թիմը ճի՞շտ ուղի է որդեգրել և՛ արցախյան հարցի, և՛ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման համար։

– Հնարավոր չէ որևէ բան անել և սխալներ թույլ չտալ, այդուհանդերձ, ես գտնում եմ, որ, այո՛, սա ճշտագույն ճանապարհն է, ինչ որ արվում է այսօր։ 

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am