Flyone Armenia-ի օդանավը ժամանել է Հայաստան. առաջին չվերթը՝ Երեվան-Մոսկվա

Flyone Armenia ընկերության A320 օդանավը դեկտեմբերի 10-ին ժամանել է Զվարթնոց օդանավակայան` կանոնավոր չվերթներ իրականացնելու նպատակով։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ընկերությունից, Երևան – Մոսկվա երթուղով առաջին չվերթը դեպի Վնուկովո միջազգային օդանավակայան կիրականացվի դեկտեմբերի 15-ին։ Չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից: Ավիատոմսի արժեքը՝ սկսած 39 եվրոյից, Flyone club-ի անդամների համար՝ 34 եվրոյից։

Չվերթը  Երևանից կմեկնարկի ժամը 07:00-ին, ժամանումը Մոսկվա նախատեսված է 08:50-ին: 

Flyone-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշել է, որ դեպի Մոսկվա կանոնավոր, ուղիղ չվերթների սկիզբը առանձնահատուկ նշանակություն ունի Flyone Armenia-ի ուղևորների համար: «Այժմ նրանք կարող են ավելի հաճախ այցելել Ռուսաստանում գտնվող իրենց հարազատներին, ընկերներին կամ ուղղակի զբոսաշրջային, աշխատանքային նպատակներով այցեր կատարել։ Դա հնարավոր դարձավ նաև ավիատոմսերի մատչելի գների շնորհիվ, որոնք սկսվում են 39 եվրոյից»։