Ինչպես է փոխելու Covid 19-ը ճանապարհորդությունների կարգն ու կաննոնները. CNN

Ինչպիսի՞ն է լինելու միջազգային օդային ճամփորդությունների ապագան, երբ ինքնաթիռները վերսկսեն ուղևորափոխադրումները։ Այս հարցը բազմաթիվ մարդկանց է հետաքրքրում։ Ոմանք պնդում են, որ միջազգային օդային ճամփորդությունների համար նոր դարաշրջան է սկսվելու։ Ոլորտի մասնագետները մի քանի հիմնական փոփոխություններ են կանխատեսում։ CNN-ը հակիրճ ներկայացրել է այս ոլորտում սպասվելիք վերփոխումները:

1. Ավտոմատացված համակարգեր օդանավակայաններում

Ենթադրվում է, որ օդանավակայանները իրենց աշխատակիցների առողջությունը քիչ վտանգելու նպատակով ավտոմատացված համակարգեր կներդնեն օդանավակայաններում, որպեսզի ուղևորները ինքնուրույն իրականացնեն թռիչքի գրանցումը։

Թեև նման տեխնոլոգիաների ներդրումը ժամանակ և համապատասխան տեխնիկական հնարավորություններ է ենթադրում, բայց, ըստ ամենայնի, ներկայումս առկա հնարավորությունները կկիրառվեն առավելագույնը։

Օրինակ՝ ուղևորը ստիպված կլինի պարտադիր օնլայն գրանցվել կամ օդանավակայանում համապատասխան սարքերի առկայության դեպքում նաև ինքնուրույն հանձնել ուղեբեռը։

2. Ուղևորների միջև սոցիալական հեռավորություն և դիմակներ

Լավ լուրն այն է, որ երեքտեղանոց նստարանների դեպքում մինչև կորոնավիրուսային համավարակի ավարտը մեջտեղի նստարանը դատարկ կլինի։ Մի շարք ուղևորափոխադրող կամակերպություններ, սակայն, դեմ են այս մոտեցմանը։ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) մայիսի 5-ին պաշտոնական հայտարարություն էր տարածել ՝ հանդես գալով ինքնաթիռների միջին նստատեղերը չկիրառելու նախաձեռնության դեմ՝ ուղևորներին և անձնակազմի անդամներին խորհուրդ տալով դրա փոխարեն թռիչքի ընթացքում դիմակ կրել։

Որոշ եվրոպական ավիաուղիներ, ինչպես, օրինակ, Lufthansa-ն, Air France-ը և KLM-ն, ուղևորների և անձնակազմի համար արդեն իսկ պարտադիր են դարձրել դիմակների կրումը։

3. Ուղևորի առողջության ստուգումներ

Ըստ ամենայնի՝ ուղևորները ստիպված կլինեն նաև հանդուրժել յուրաքանչյուր օդանավակայանում իրենց ջերմությունը ստուգողներին։ Ոմանք էլ կարծում են, որ գուցե որոշ ուղևորափոխադրող ընկերություններ կամ երկրներ պարտադիր դարձնեն ուղևորի առողջական վիճակի մասին փաստաթղթերի առկայությունը, հատկապես եթե վերջինս ունի քրոնիկական հիվանդություններ։

Մի բան պարզ է, որ նոր կորոնավիրուսային հիվանդությունը օդային ուղևորափոխադրումների ոլորտում փոփոխությունների պատճառ է դարձել, և այս փոփոխություններից ոմանք կշարունակվեն անգամ հիվանդության դեմ պատվաստամիջոցի ստեղծումից ու համավարակի ավարտից հետո։

MediaLab.am