ԱՄՆ-ն Աֆղանստանում ահաբեկիչ զինյալի է ոչնչացրել

 ԱՄՆ զինվորականներն Աֆղանստանում հատուկ գործողություն են իրականացրել՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղ համարվող «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալի դեմ, ով ղեկավարել է հարձակումները: Նախնական գնահատականներով՝ զինյալը ոչնչացվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Ուիլիամ Ուրբանի հայտարարության մեջ:

Հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի միջոցով՝ Նանգարհար նահանգում: Տեղեկություններ քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների վերաբերյալ չկան:

Նախնական տվյալներով՝ հենց «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորումն է Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատուն: Նշվում է, որ խմբավորումը նախապատրաստում է ևս մեկ հարձակում: