Բաբկեն Պիպոյանն առաջարկում է հնարավորություն տալ քաղաքացուն հրաժարվել գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցումից. «Մեր բյուջեն սահմանափակ է»

Բաբկեն Պիպոյանն առաջարկում է հնարավորություն տալ քաղաքացուն հրաժարվել գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցումից. «Մեր բյուջեն սահմանափակ է»

Փետրվար ամսվա ընթացքում սպառողներին գազի և էլեկտրաէներգիայի ծախսի փոխհատուցման վերաբերյալ Կառավարության նոր՝ 12-րդ հակաճգնաժամային միջոցառման մասին «Մեդիալաբը» զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, փորձագետ Բաբկեն Պիպոյանի հետ:

Հիշեցնենք, որ 30%-ի չափով աջակցություն կտրամադրվի այն բաժանորդներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝ բնական գազի սպառում՝ 10․001 – 30․000 դրամ ներառյալ,  էլեկտրաէներգիայի սպառում՝ 5․001 -10․000 դրամ ներառյալ։

Պարոն Պիպոյան, Կառավարությունը որոշ սրբագրումներ կատարեց հակաճգնաժամային 11-րդ միջոցառման ծրագրում և ընդլայնեց գազի և էլեկտրաէներգիայի սպառողների ցուցակը։ Դուք նախորդ ծրագրի քննադատներից էիք։ Ինչպե՞ս եք գնահատում նոր տարբերակը։

– Հանրային գնահատականներով՝ նախորդ ծրագիրը կարծես հանպատրաստից ընդունված որոշում լիներ, որն արվել էր շատ արագ։ Իմ գնահատմամբ՝ նախորդ ծրագրի շահառուների մեծ մաս կկազմեն այն անձինք, որոնք չպետք է լինեին շահառու, օրինակ՝ օրական վարձավճարով տրվող բնակարանների տերերը։ Նրանց դեպքում ծախսը կլիներ քիչ, բայց զգալի եկամուտ կստանային։ 

Բացի այդ, շահառու կարող էին լինել մարդիկ, որոնք երկրորդ բնակարան ունեն, որը հաճախ չի օգտագործվում։ Ավելին, քննարկումների արդյունքում տեսանք, որ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ կան այս ցուցակում։ 

Բնականաբար, այս խմբին փոխհատուցելն անհրաժեշտ չէր, քանի որ նրանք, պարզ է, սոցիալապես անապահովներ չեն։ Եվ այս պարագայում շատ լավ էր, որ եկավ գազի ու էլեկտրաէնեգիայի սակագնի փոխհատուցման մասին Կառավարության երկրորդ ծրագիրը, որի շրջանակում կարող է մեծ ու առավել թիրախային խումբ հայտնվել։ 

Առաջին հայացքից թվում է, թե օգնություն է, ու բոլորս պետք է ուրախանանք, բայց նաև պետք է հասկանանք, որ բյուջեի հնարավորությունները սուղ են ու սահմանափակ, ու օգնությունը պետք է թիրախային լինի։ 

– Ինչպիսի՞ն է երկրորդ ծրագիրը, ի՞նչ անհրաժեշտ անելիքներ կարող են առաջանալ։

– Ես, օրինակ՝ կառաջարկեի, որ այս նոր ծրագրով գումարները տրամադրվեն նպատակային, թիրախային։ 

Այսինքն՝ առաջարկում եմ, որ քաղաքային համայնքներում փոխհատուցումը տրվի քաղաքացու դիմումի հիման վրա։ Գյուղական համայնքներում կարող են կոմունիկացիոն բարդություններ առաջանալ, բայց քաղաքային համայնքներում սա կյանքի կոչելը բավական հեշտ է։ 

Կառավարության համար, կարծում եմ՝ խնդիր չի լինի մի ընկերության խնդրել՝ ստեղծել հավելված, որը քաղաքացին կարող է լրացնել ու այդպիսով հրաժարվել գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցումից, և մարդու բալանսին չի նստի այդ փոխհատուցումը։ 

Մեր բյուջեն, կրկնում եմ, սահմանափակ է, մենք չենք կարող բոլորին օգնել, կցանկանայինք, բայց չենք կարող, չկա նման հնարավորություն։

Այն, ինչ հիմա ասում եմ՝ մեր շատ համաքաղաքացիներին դուր չի գա։ Բայց հանրության համար հաճո որոշումը տարբեր է ճիշտ որոշումից։

– Պարոն Պիպոյան, ի՞նչ եք կարծում՝ Կառավարության այս պատասխանը երեկ հնչած քննադատությունների արդյո՞ւնք էր։

– Ես չեմ սիրում «քննադատություն» բառը․ կա առաջարկ բացը ուղղելու մասին, նրանք տեսնում են այդ բացը և ուղղում են։ Կառավարության սխալները բարձրաձայնելը չպետք է լինի թշնամական երանգով, ու գործադիրն էլ այս թերությունները բարձրաձայնելը և առաջարկություններ ներկայացնելը չպետք է դիտարկի որպես թշնամություն ու սկսի պաշտպանվել, այլ պետք է նայի առաջարկության բովանդակային մասը։ 

Հիմա հարց եմ տալիս՝ օրավարձով փող ստացած բնակարանը ինչո՞ւ պետք է 7500 դրամ փոխհատուցում ստանա, այն դեպքում, երբ դրա կարիքն իսկապես ունեցողը կա, իսկ պետբյուջեի հնարավորությունները սահմանափակ են։

– Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության հակաճգնաժամային մյուս ծրագրերը։

– Կան ծրագրեր, որոնք ժամանակի մեջ են գնահատվելու, ու դրանց գնահատական տալու համար խիստ անհրաժեշտ են ելակետային տվյալներ։ Այսինքն՝ թվեր և այլն։ 

Մեր երկրում սիրողական գնահատականների պակաս չկա։ Ինձ սիրողական գնահատական տվողների բանակում խնդրում եմ մի համալրեք, ես չեմ սիրում սիրողական գնահատականներ տալ, իսկ այդ թվերին չեմ տիրապետում։ Այդ ծրագրերի արդյունավետությունը կախված է ընդհանուր ռազմավարության իրականացումից։