Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորել է իր լիտվացի գործընկերոջը նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել հայ-լիտվական հարաբերություններում արձանագրված դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ և բազմակողմ համագործակցության առավել զարգացման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը և դրա շրջանակներում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցությանը, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:
Հայաստանի ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրել է Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ քայլերը:
Այս համատեքստում նախարար Այվազյանն ընդգծել է տեղում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածության կարևորությունը։