ՌԴ դեսպանատունը խոստացել է անհետ կորածների հարազատների խնդրանքը հենց այսօր փոխանցել Մոսկվա

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդական Անդրեյ Շանինը խոստացել է Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողների ու հարազատների խնդրանքը փոխանցել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատ Եղիշե Զակունցը:

 «Հանդիպեցինք Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական Անդրեյ Շանինի հետ: Փոխանցեցինք բոլորի խնդրանքը, որ մենք ունենք զոհված զինվորներ և առաջին խնդրանքը, որ  Ռուսաստանի Դաշնությունը զբաղվի այդ հարցով: Եվ նա կարդաց նամակը և ասաց, որ այս նամակին հենց հիմա ընթացք են տալու, փոխանցվելու է դեսպանին և այսօր մի քանի ժամվա ընթացքում լինելու է Մոսկվայում: Ասացին, որ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի աջակցեն և օգնեն մեզ»,- ասաց Զակունցը:

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ակցիա էին իրականացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Ակցիայի մասնակիցները կազմում էին անհետ կորած զինծառայողների անուններից բաղկացած ցուցակ՝ ՌԴ դեսպանատուն փոխանցելու համար:

Նրանք նամակով խնդրել էին աջակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում զինծառայողների որոնողական աշխատանքներն անհապաղ սկսելու հարցում:

Անհետ կորած զինվորների հարազատներն ավելի վաղ հավաքվել էին ՀՀ ՊՆ շենքի մոտ, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո որոշեցին ակցիան շարունակել ՌԴ դեսպանատան մոտ։