«Փուչիկների գործով» միակ մեղավորի` մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այդ մասին Panorama.am լրատվական կայքի թղթակցին տեղեկացրել է Սերոբ Բոզոյանի պաշտպանը` Կարեն Մանուչարյանը: Ըստ տեղեկության, Բոզոյանի վիճակն այնքան է վատացել, որ նրա կինը շտապօգնություն է կանչել:
Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարեն Մանուչարյանը, լրատվամիջոցի թղթակցին տեղեկացրել է, որ Սերոբ Բոզոյանի կինը զանգահարել է իրեն ու տեղեկացրել, որ ամուսնու մոտ «առատ արյունահոսություն է սկսվել»:
«Կինը զանգեց ինձ և ասաց, որ Սերոբ Բոզոյանի մոտ ակտիվ արյունահոսություն է եղել և իրենք շտապօգնություն են կանչել», -ըստ աղբյուրի նշել է փաստաբանը` միևնույն ժամանակ հավելելով, թե դատարանի որոշումից հետո Բոզոյանը չի ցանկանում որևէ մեկի հետ շփվել:
Հիշեցնենք, որ այս տարի մայիսի 4-ին ԱԺ ընտրություններին ՀՀԿ եզրափակիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ այրվել և պայթել էին երիտասարդների ձեռքում գտնվող հազարավոր փուչիկներ, որոնք լիցքավորված են եղել ոչ թե հելիումով, այլ մեթանով:
Պաշտոնական տվյալներով` առնվազն 155 մարդ տարբեր այրվածքներով տեղափոխվել էր Երևանի բուժհաստատություններ:
Դեպքի առնչությամբ մեղադրանք էր առաջադրվել միայն փուչիկները լիցքավորողին` Սերոբ Բոզոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):
Եվ երկու անչափահաս երեխայի հայր Սերոբ Բոզոյանը, ով քաղցկեղով հիվանդ է, ազատազրկվել է 1 տարի ժամկետով:
Panorama.am-ը տեղեկացնում է, որ քաղցկեղով հիվանդ Սերոբ Բոզոյանը վիրահատված է, եւ նախկինում քիմիոթերապիայի կուրս է ընդունել:
Ըստ աղբյուրի, Սերոբ Բոզոյանի խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, կփոխվի, երբ դատարանի վճիռը մտնի օրինական ուժի մեջ, այսինքն` հրապարակումից մեկ ամիս հետո` նոյեմբերի 17-ին:
Թե արդյոք չի՞ պատրաստվում պաշտպանը բողոքարկել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, Մանուչարյանը պատասխանել է, որ իր պաշտպանյալը դեռ չի որոշել:
«Ես պատրաստ եմ, եթե ինքը որոշեց, անպայման կբողոքարկենք», – Panorama.am –ին ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանին դատապարտելուց հետո, նրա կինը`Մարինե Բոզոյանը «168 ժամ»-ին հարցազրույց է տվել, ուր նշել է, որ ամուսնու 10 տարվա աշխատանքի ընթացքում նման դեպք, որ արտակարգ պատահարի վերածվի երբեք չի եղել:
Սակայն այդ օրը Կարեն անունով մեկը (ենթադրաբար` երիտասարդներին` մեթանով լիցքավորված 7000 փուչիկներով հրապարակ ուղեկցող ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը, որի հետ էլ շատերը կապում են դժբախտ պատահարը) «ստիպել» է, որ փուչիկները մեթանով լիցքավորեն, քանի որ հելիումը թանկ է:
«Ինքը (ամուսինը.- խմբ.) սկզբից ասել ա, որ էս գազով` հելիումով պիտի փչվի, պիտի 2 մետր բարձրություն ունենա, որ վթար չլինի»,- ասել է Բոզոյանի կինը «168 ժամ»-ին: Իսկ լրագրողի այն հարցին, թե պատվիրատուն ցանկացե՞լ է, որ Ս.Բոզոյանը մեթանով լիցքավորի փուչիկները, Մ. Բոզոյանը պատասխանել է. «Այո, որպեսզի գումարը քիչ լինի, որովհետև հելիումովը թանկ է»:
Մարինե Բոզոյանի հարցազրույցը, ըստ իրավապաշտպանների կարող է լիովին փոխել գործի ընթացքը:
«Մեդիալաբին» տված մեկնաբանությունում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ հարցազրույցը, ուր կինը նոր մանրամասներ է հաղորդում տեղի ունեցածի մասին, դատախազության համար բավարար հիմք է դատարան միջնորդագիր ներկայացնելու և գործի նոր քննություն իրականացնելու:
© Medialab.am