Լաչինում ապօրինի անցակետի տեղադրումից հետո Բաքուն դադարեցնում է «էկոակտիվիստների» ակցիան. Factor

Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից հետո Ադրբեջանի իշխանությունները որոշել են դադարեցնել, այսպես կոչված, «էկոակտիվիստների» ակցիան։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղղորդված ու վերահսկվող տարբեր կազմակերպությունների, զինված ուժերի ներկայացուցիչներ դեկտեմբերի 12-ից փակել էին Լաչինի միջանցքը։

Բաքուն չէր կատարում նաև փետրվարի 22-ի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ միջանցքը բացելու որոշումը։ Ադրբեջանական քարոզչական ԶԼՄ-ները հայտնում են, որ «էկոակտիվիստները, հաշվի առնելով իրենց պահանջների մասնակի կատարումը, որոշել են 2023 թվականի ապրիլի 28-ին ժամը 18:00-ից ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիան»։

Հավելենք, որ այսօր նրանք հանդիպել են օկուպացված Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովին, որը նշել է, թե «ապրիլի 23-ին նոր իրավիճակ է ստեղծվել՝ կապված Պետական ​​սահմանային ծառայության ստորաբաժանումների կողմից անցակետի ստեղծման հետ»։ Նա հրահանգել է դադարեցնել ակցիան։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Հակարի կամրջի վրա՝ փաստացի շարունակելով Արցախի շրջափակումը։