Անվտանգության եւ խոսքերի արանքում. զինված ուժերում մահացությունների դեպքերը կրկնապատկվել են անցյալ տարվա համեմատ

Անվտանգության եւ խոսքերի արանքում. զինված ուժերում մահացությունների դեպքերը կրկնապատկվել են անցյալ տարվա համեմատ
Անվտանգության եւ խոսքերի արանքում. զինված ուժերում մահացությունների դեպքերը կրկնապատկվել են անցյալ տարվա համեմատ

Չնայած ՀՀ իշխանությունները ամիսներ շարունակ, որպես Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ծանրակշիռ պատճառներից մեկը մատնացույց էին անում անվտանգությունը, այնուամենայնիվ, տարեսկզբից առ այսօր սահմանային աննախադեպ միջադեպերը` ավելի քան երկու տասնյակ մարդկային կորուստներով այլ բանի մասին են վկայում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2015 թվականի առաջին եռամսյակում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում գրանցվել է 20 միջադեպ, որի հետևանքով մահացել է 26 զինծառայող:

Ըստ ՀՔԱՎ հաղորդագրության, սա կրկնակի անգամ ավելին է նախորդ տարվա՝ 2014 թվականի նույն ժամանակահատվածում տեղի ունեցած մահացությունների դեպքերի քանակի համեմատ:

Ուսումնասիրության համաձայն, մահացության 26 դեպքերից  19-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է (այդ թվում 12-ը հակառակորդի կողմից դիվերսիայի հետեւանքով), 2-ը՝ սպանության ( 1-ը՝ դիտավորյալ և 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման), 2-ը ինքնասպանության (կամ ինքնասպանության հասցնելու) հետևանքով է, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի, 1-ը առողջական խնդիրների: Ի դեպ, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 19 մահացության դեպքից 15-ը տեղի են ունեցել ԼՂ տարածքում, իսկ 4-ը՝ ՀՀ տարածքում, մասնավորապես 2 դեպք՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերում, և 1 դեպք՝ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի սահմանագոտում:

2014 թվականի ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը կազմել է 26:

Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ շփման գծում իրավիճակn ավելի է սրվում, որն իր հերթին հանգեցնում է ավելի շատ կորուստների: Ներքոնշյալ գծապատկերը ներկայացնում է 2011-2015 թթ. նույն ժամանակահատվածում գրանցված  հրադադարի ռեժիմի խախտումները եւ դրանց հետեւանքով մահացության դեպքերի վիճակագրությունը:

2015 թ-ին գրանցվել է եւս 1 մահվան դեպք՝ ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դեպքը: Ըստ առկա տեղեկատվության վերջինս անհետացել էր, եւ դիակը  հայտնաբերվել է 2015 թ. մարտի 8-ին: ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): 2015 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ Զինված Ուժերում Եվ ԼՂ Պաշտպանության Բանակում մահացության դեպքերի մասին տեղեկանք ամբողջությամբ այստեղ:

© Medialab.am