Բորդոյի մերձակայքում բռնկված անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում տարհանվել է ավելի քան 20 հազար մարդ։ Հրդեհի տարածքը հասել է արդեն 2400 հեկտարի։ Մարման աշխատանքները դժվարացնում են 30 աստիճանից բարձր շոգն ու ուժեղ քամին։ Տարածքը պատված է սոճու անտառներով, որոնք վերջին շոգերից հետո խիստ չորացել են։
Հրդեհը սկսվել է Սոմոս համայնքի շրջանում, ապա արագ տարածվել անտառներով դեպի Լե Պորժ, այնուհետև՝ Կապ Ֆերե թերակղզում գտնվող Լեժ-Կապ-Ֆերե համայնք։ Այդ տարածքը հայտնի է իր թանկարժեք առանձնատներով և համարվում է հարուստ փարիզցիների սիրելի հանգստավայրերից մեկը։ Հրդեհի պատճառով մուտքն այնտեղ փակվել է բոլորի համար՝ բացի արտակարգ ծառայություններից և տեղացիներից։
Աղետի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել է 500 հրշեջ։ Իշխանությունները զանգվածային տարհանում են իրականացրել՝ անվտանգ վայրեր տեղափոխելով նաև շուրջ 10 հազար զբոսաշրջիկի։
AFP գործակալության փոխանցմամբ՝ հրդեհի հնարավոր պատճառ կարող էր լինել անտառահատման տեխնիկայի աշխատանքը։



















