Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին հրավիրեց իրավիճակը հանգուցալուծելու շուրջ կոնսուլտացիաների

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց դադարեցնել բոլոր ակցիաները, անհնազանդության դրսևորումները և կոնսուլտացիաներ սկսել իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթում: «Ես ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրում է զինված ուժերի գլխավոր շտաբի  պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը կամ Օնիկ Գասպարյանը ինքը հայտարարում է հրաժարականի մասին, և քաղաքական ուժերի հետ ես կոնսուլտացիաներ կսկսեմ, թե ոնց ենք այս իրավիճակը հանգուցալուծում»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծեց, որ պատրաստ է կոնսուլտացիաների նաև իշխանության հասցեին ամենասուր քննադատությունը հնչեցնող քաղաքական ուժերի հետ:

Նա հավելեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ժողովրդի կամքը պետք է կատարվի: «Իշխանության փոփոխություն պետք է տեղի ունենա միայն ընտրությամբ՝ արտահերթ, թե հերթական, դա միասին կորոշենք: Մենք Հայաստանի Հանրապետությունում թշնամի չունենք, բոլոր մեր եղբայրներն են: Ոմանք ուզում են բախում հրահրեն, չի լինելու ոչ մի բախում:  Ես այն հրապարակում հավաքված ժողովրդի ցավն էլ տանեմ: Իրենք, ոչինչ, թող ինձ համարեն դավաճան»,- նշեց Փաշինյանը: