Երեկ, հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, լրատվամիջոցներով տարածվել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծի ենթարկում 16-ամյա տղայի։
Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի առնչությամբ սկսվել էր ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը: Ինչպես նաև 16-ամյա տղան ճանաչվել է տուժող՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Սակայն, ավելի ուշ քրեական վարույթ չհարուցելու մասին որոշում է կայացվել՝ հաշվի առնելով Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի զղջալու և համագործակցության հանգամանքը՝ վարույթն իրականացնող մարմնի հետ։
Կանանց աջակցման կենտրոնը, որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ բազմամյա աշխատանքային փորձ ունեցող կառույց, որը մշտապես խրախուսում է ընտանեկան բռնության ենթարկվող անձանց դիմել ոստիկանություն և ստանալ պաշտպանություն, խստորեն դատապարտում է ոստիկանության պաշտոնյայի կողմից նման անընդուների գործողությունը։ Այս դեպքն ու դրա ոչ բավարար դատապարտումը խաթարում են իրավապահ մարմնի նկատմամբ հասարակության վստահությունը, և զրոյացնում տարիներ շարունակ բռնության հաղթահարման, հասարակության շրջանում բռնության անթույլատրելիության ուղղությամբ ներդրված ջանքերը։ Միաժամանակ գտնում ենք, որ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունների ժամանակավոր դադարեցումը և քրեական վարույթ չհարուցելու մասին որոշումը համարժեք չեն նրա կատարած գործողությանը։
Ուստի, պատկան մարմիններից պահանջում ենք․
- Ոստիկանության համակարգից հեռացնե՛լ բռնարարք կատարած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, այդ քայլով հստակորեն ամրագրելով այն ուղերձը, որ բռնության մշակույթը իրավապահ համակարգում արմատախիլ է արվում։
- Քրեական վարույթ հարուցել Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ՝ իրականացնելով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանաի քննություն։
Կոչ ենք անաում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան բոլոր կազմակերպություններին հանդես գալ դատապարտող դիրքորոշմամբ և պահանջել, որպեսզի բռնություն գործադրած ոստիկանության պաշտոնյան ենթարկվի խստագույն պատասխանատվության՝ երկրում անպատժելիության մթնոլորտի հաղթահարման և բռնության դրսևորումների բացառման նպապտակով։