Իրանի նախագահը չի բացառել երկրում COVID-19-ի հինգերորդ ալիքը

Իրանում COVID-19-ի հետ կապված իրադրությունը վատթարանում է, հիվանդության հինգերորդ ալիքին բախվելու հավանականություն կա։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին կորոնավիրուսի դեմ պայքարի կոմիտեի նիստում: Ռոհանին նշել է, որ երկրի հարավային և հարավարևելյան շրջաններում նկատվել է կորոնավիրուսի «դելտա» շտամի տարածումը։

Նա ընդգծել է, որ չնայած երկրում ամեն օր 500 հազար քաղաքացու պատվաստելու հնարավորություն կա, անհրաժեշտ է հետևել վիրուսի տարածումը կանխելու հանձնարարականներին:

«Հնարավոր է, որ հինգերորդ ալիքն արդեն սկսվել է», – հայտարարել է Իրանի նախագահը: Ապրիլի սկզբին Իրանի իշխանությունները հայտնել էին Իրանում կորոնավիրուսով հիվանդացության չորրորդ ալիքի մեկնարկի մասին ՝ այն կապելով ամանորյա տոներին երկրում քաղաքացիների ուղևորությունների թվի ավելացման հետ (մարտի 21-ին իրանցիները նշել են Նովրուզը՝ իրանական Նոր տարին): Իրանում COVID-19 վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3,3 միլիոնի, ապաքինվել է ավելի քան 3 միլիոն մարդ: Պանդեմիան երկրում 85,6 հազար մարդու կյանք է խլել։

Աղբյուր՝ Factor.am