«Ամենայն անկեղծությամբ ու պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները»․ Մասիս Մայիլյան

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին Արցախից, Հայաստանից և Սփյուռքից շատերն են դիմում ինձ խնդրանքով՝ հստակեցնելու իմ դիրքորոշումը կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ։

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեր քաղաքական թիմը «Նոր Արցախ» դաշինքի և դաշնակից մյուս ուժերի հետ միասին հսկայական աշխատանք է տարել արմատական բարեփոխումների մեր հայեցակարգը հանրության առավել լայն շերտերի համար հասանելի և ընկալելի դարձնելու համար։ Միանշանակ կարող ենք փաստել, որ հանրության լայն շրջանակներում ոգևորություն է նկատվում, ընտրողների զգալի մասի մոտ առկա են կամք ու վճռականություն՝ արմատական բարեփոխումների ճանապարհով Նոր Արցախի հիմքը դնելու, ինչը հավելյալ վստահություն է ներշնչում մեզ, որ մարտի 31-ին կարձանագրվի զարգացման նոր հայեցակարգի հաղթանակը։

Միևնույն ժամանակ, մեզ պատուհասած համաճարակի գնալով ահագնացող վտանգը ստիպում է նորովի գնահատել իրավիճակը և գիտակցել ընտրությունների հետ կապված բոլոր ռիսկերը։ ՀՀ-ի հետ մենք ունենք անվտանգության ընդհանուր միջավայր, ուստի համաճարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։ Համաշխարհային փորձը վկայում է, որ համաճարակի վտանգների թերագնահատումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

Խորապես գիտակցելով մեր ազգային անվտանգությանը սպառնացող այսօրվա մարտահրավերները և մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բացարձակ արժեք համարելով՝ ամենայն անկեղծությամբ ու պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։

Առողջություն եմ մաղթում բոլորիս և վստահ եմ, որ մեր ժողովուրդը հաղթանակած ու ամրապնդված է դուրս գալու այս փորձությունից»։