«Գյումրու թատրոնի հանդիսատեսի 80%-ը մարզերից ու մայրաքաղաքից է. շուտով խաղացանկում կունենանք ռուսերենով ներկայացում». Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը

Պարո՛ն Հարությունյան, ի՞նչ խաղացանկ է առաջարկում թատրոնն իր հանդիսատեսին: Կներկայացնե՞ք դրամատիկական թատրոնի առօրյան:

– 2021թվականն ավարտել ենք «Մաուգլի» ներկայացման առաջնախաղով, որն իր մասշտաբայնությամբ աննախադեպ էր, ու դա է պատճառը, որ կոնկրետ այս ներկայացումը հյուրախաղերի ցանկում դժվար է ներառել, բայց այս տարվա առաջին երեք ամիսներին թատրոնը շարունակել է բեմադրել այս ներկայացումը Գյումրիում:

Արդեն սկսել ենք մայրաքաղաքային ու մարզային հյուրախաղերը, առաջիկայում լինելու ենք Վանաձորում, խաղացանկում մեր ընթացիկ ներկայացումներն են: Այս տարի արդեն հասցրել ենք ունենալ առաջնախաղ՝ «Բոհեմ» ներկայացումը, որի հեղինակն է երիտասարդ դրամատուրգ Մարիա Ակոպովան, իսկ ռեժիսորը Տաթևիկ Զաքյանն է: Ներկայացումն անցել է լեփ-լեցուն դահլիճներով, ու հուսով եմ, որ հունիս ամսին այդ նույն ներկայացմամբ հանդես կգանք նաև Երևանում:

Այս տարի ունենք մի քանի համատեղ նախագծեր, որոնցից մեկն ու առանձնահատուկը Համազգային թատրոնի հետ է: Դրամաշնորհային ծրագիր է, որը կայանալու է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, լինելու է երևի հենց թատերաշրջանի բացմանը՝ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին:

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնն ու Համազգային թատրոնը համատեղ ներկայացմամբ հանդես կգան՝ «Հրաշագործը», որում ընդգրկված են լինելու երկու թատրոնի դերասանները, իսկ ռեժիսորը լինելու է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:

Սա շատ հետաքրքիր ձևաչափ է, որովհետև մի բան է, երբ հյուրախաղերով ես մեկնում, լրիվ այլ բան է, երբ ներկայացում է ծնվում երկու խմբի մասնակցությամբ:

Բացի այս, հրավիրված ռեժիսոր Գոռ Մարգարյանն այժմ թատրոնում պատրաստում է Սթիվեն Քինգի «Մի ձևի» պիեսը, որը նույնպես երկու թատրոնների համատեղ աշխատանքի արդյունք է լինելու: Այսինքն՝ այս տարի փորձել ենք որքան հնարավոր է մայրաքաղաքային թատրոնների հետ համագործակցել, և տարբեր դերասանների, ինչպես նաև ռեժիսորների փոխանակում լինի:

Այս ամսվա ընթացքում թատրոնը խաղում է 29 ներկայացում. այս ծանրաբեռնվածությունը պայմանավորված է նրանով, որ ԿԳՄՍ նախարարությունն անվճար աբոնեմենտ է տրամադրել դպրոցական երեխաներին, և, հուրախություն մեզ, վստահ ենք, որ այս ամիս կկարողանանք 10 հազար երեխայի ընդունել, քանի որ հուլիսի կեսերից թատրոնն արձակուրդ է գնալու:

Այս տարվա առանձնահատկությունն այն է, որ փորձում ենք որքան հնարավոր է ավելի դրական պիեսներ բեմադրել, որտեղ ավելի շատ կլինեն սեր, համերաշխություն, փոխըմբռնում, որքան հնարավոր է պետք է բեմադրենք պոզիտիվ պիեսներ, ոչ դրամաներ:

Խաղացանկի ընտրությունն ի՞նչ տրամաբանությամբ ու հիմնավորմամբ է կատարվում:

– Թատրոնը մշտապես փորձում է այսօրեական պիեսներ բեմադրել: Ինչպես գիտեք, վերջին մի քանի տարիներին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը ոչ թե պատրաստի պիեսներ է բեմադրում, այլ հատուկ՝ տվյալ ժամանակից բխող պիես է պատվիրում, և գրում են:

Այդպիսի փորձի արդյունք էր «Հարսանիք թիկունքում»-ը, «Քեյք» ներկայացումը, որը ծնվեց քովիդի ամենալարված իրավիճակում: Դրանք այն թեմաներով պիեսներն էին, որոնք ժողովրդի համար շատ այսօրեական էին, այդ սկզբունքը մինչև օրս էլ շարունակվում է, հետո ծնվեց «Քայլեր» պիեսը, որը նույնպես գրվեց հատուկ մեր թատրոնի համար, բայց այդ պիեսներն ավելի ծանր գործեր են, որոնցում խոսվում են մշտառկա խնդիրների մասին: «Մաուգլի» ներկայացումն էլ էր այդպիսին, որը, ինչպես ասացի՝ շատ մասշտաբային էր:

Վերջին 15 տարիներին թատրոնը նման ծանր աշխատանք չէր իրականացրել, այստեղ փորձել ենք հեռու գնալ մանկական գաղափարից, ու կարելի է ասել, որ այն քաղաքական ներկայացում էր, որը ներկայացնում էր մեր խնդիրները, համեմատական էր տարվում ջունգլիների ու մարդկանց միջև:

Երբեմն մեզ հարցնում են՝ ի՞նչ կարծիք ունի թատրոնի դերասանը կամ ռեժիսորը երկրում ու աշխարհում տիրող իրադարձությունների մասին: Մենք մեր ասելիքը, մտահոգությունները ներկայացնում ենք մեր բեմադրություններում, բայց, սկզբունքորեն, այն, ինչ կատարվեց մեր երկրում, կարծում եմ, որ հիմա պետք է ավելի շատ խոսենք համերաշխության, սիրո, հավատարմության, արժեքների պահպանման մասին, ու դրա համար էլ որոշել ենք, որ 2022 թվականի խաղացանկում պետք է ընդգրկենք հենց այդպիսի աշխատանքներ:

Պարո՛ն Հարությունյան, ա՛յ, պատերազմից հետո ի՞նչ փոխվեց և՛ թատրոնի ստեղծագործական անձնակազմի, և՛ հանդիսատեսի մեջ:

Նորություն ասած չեմ լինի, եթե արձանագրեմ, որ մինչև պատերազմն ու պատերազմի ընթացքում էլ Գյումրու պետական դրամատիկական թատրոնը դերասան Վարդան Պետրոսյանի հետ բեմադրում էր Կոմիտասին նվիրված «Վերելք» ներկայացումը:

Երբ պատերազմն սկսվեց, միաժամանակ քովիդ էր, ներկայացման ստեղծագործական խմբից նաև մարդիկ մեկնեցին ռազմաճակատ, ինչը բնական էր, ու Վարդան Պետրոսյանի հետ համատեղ մտածեցինք, որ աշխատանքը մի պահ պետք է դադարեցնել, բայց հետո հասկացանք, որ ճիշտը շարունակելն էր, ու հենց պատերազմի օրերին ներկայացումը խաղացինք և՛ Գյումրիում, և՛ Երևանում ու ողջ հասույթն ուղարկեցինք բանակին:

Եվ հասկացանք, որ նույնիսկ այդ օրերին հանդիսատեսը գալիս է թատրոն, բայց այդ ամենից հետո հանդիսատեսը նախընտրում է ավելի շատ դրական ու պոզիտիվ բաներ տեսնել, կարծես խուսափում է իրականությունից, փորձում է կտրվել դրանից և չի ցանկանում թատրոնում էլ տեսնել այն, ինչ իրական կյանքում է:

Թատրոն-հանդիսատես կապը չի կտրվում, մնում է՝ մենք էլ կարողանանք ճիշտ խաղացանկ ներկայացնել ու հանդիսատեսին ցույց տալ, որ վաղն ավելի լավ է լինելու:

Հյուրախաղեր միայն երկրի ներսո՞ւմ եք ունենում, թե՞ երկրից դուրս ևս թատրոնը հյուրախաղերով ներկայանում է հանդիսատեսին:

 – 2018 թվականի վերջին 2019 թվականին հանդես ենք եկել Բեյրութում, Սանկտ Պետերբուրգում, ԱՄՆ-ում, իսկ 2020-ից հետո, ցավոք, մեր բոլոր հյուրախաղերը Ռուսաստանում ամբողջությամբ կասեցվել են: Վերջին հյուրախաղը եղել է 2019 թվականին Սանկտ Պետերբուրգում:

Հայաստանից դուրս մեր բոլոր ծրագրերը կանգնած են, գիտեք՝ մինչ այդ քովիդն էր պատճառը, հիմա էլ՝ ռուս-ուկրաինական պատերազմը, բայց հուսով եմ, որ մեր բոլոր ծրագրերը անպայման կշարունակվեն:

Հյուրախաղերն իրականում շատ կարևոր են, դրանով ոգևորվում ենք և՛ մենք, և՛ դրսում եղած հայերը: Թատրոնը պետք է միշտ կարողանա իր քաղաքից, երկրից դուրս գալ ու ներկայացնել իր մշակույթն ու ազգային արժեքները:

Թատրոնն ակտիվ մասնակցում է Հայաստանում կատարվող թատերական իրադարձություններին:

Պարո՛ն Հարությունյան, թատրոնը, բացի մայրաքաղաքից, մարզերո՞ւմ էլ է լինում:

– Պատերազմից հետո չենք եղել միայն Արցախում, բայց պատրաստվում ենք, որովհետև ինչքան առաջնելույթ ենք ունեցել, հաջորդն անպայման խաղացել ենք Ստեփանակերտում: Հայաստանի մարզերում չկա քաղաք, որտեղ մեր թատրոնը եղած չլինի: Արդեն նշեցի Վանաձորը, բայց մոտ մեկ ամիս առաջ եղել ենք նաև Հրազդանում:

Շատ կարևոր է, որ բոլոր մարզերում խաղաս, բայց երբ որոշ ներկայացումներ տեխնիկական խնդիրների պատճառով չենք կարողանում մարզերում խաղալ, հուրախություն մեզ՝ Երևանից ու հատկապես մարզերից շատ են գալիս Գյումրիում ներկայացում դիտելու: Այսօր երեկոյան ներկայացում ունենք, ու վստահ եմ, որ դահլիճի 80%-ը մարզերից ու մայրաքաղաքից է լինելու:

Վերջին երկու տարվա ընթացքում հասկացանք մի կարևոր բան, որ հատկապես ամռան սեզոնին, երբ տուրիստները շատ են Գյումրիում, թատրոնի հանդեպ հետաքրքրությունն ավելի է ուժեղանում: Քանի որ այսօր Գյումրիում Ռուսաստանից շատ մարդիկ են եկել, թատրոնը որոշել է առաջիկայում հատուկ ռուսների համար խաղացանկում ներառել ռուսերեն լեզվով ներկայացում, քանի որ մինչ այդ ռուսերեն լեզվով ներկայացում չենք ունեցել:

Հրավիրել ենք Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնին, որը հունիսի 4-ին հանդես կգա Գյումրիում, կարծում եմ՝ շուտով խաղացանկում կունենանք ներկայացում նաև ռուսների համար, որպեսզի կարողանանք նաև նրանց ներգրավել հանդիսատեսի շարքերում:

Փաստորեն, ի դեմս ձեր ղեկավարած թատրոնի՝ Գյումրին բուռն մշակութային կյանքով է ապրում:

– Այո՛, այլ կերպ չի կարող լինել, որովհետև շատ հաճախ մշակույթն ու արվեստն օգնում են էլ ավելի ուժեղ լինելու:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am