Կարեն Անդրեասյանի լռության ուխտը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը լռության ուխտ է սահմանել իր համար և առաջիկա ամիսներին գոնե չի պատրաստվում խոսել: Այդ մասին նշվում է «Մեդիալաբի» հարցմանն ի պատասխան ԲԴԽ-ից ուղարկված գրության մեջ:

Երբ ԲԴԽ-ն Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրել էր վիճահարույց գործերով հայտնի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին, «Մեդիալաբը» ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին մի քանի հարց էր ուղղել, որոնց սակայն տրվել են խիստ մակերեսային և նույնիսկ վերացական պատասխաններ:

Այդուհանդերձ, մասնավորապես, փորձել էինք հասկանալ՝ ի՞նչ հանգամանքներում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընտրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր: Այս հարցին ի պատասխան ԲԴԽ-ից վկայակոչել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը և նշել. «Հակակոռուպցիոն դատարանի դատավորները ընտրվում են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով»: Այս հարցով մենք, բնականաբար, փորձում էինք պարզել՝ ինչ քննարկումներ են եղել ԲԴԽ-ում այս թեկնածության շուրջ և թերևս ակնկալելով նման վերացական պատասխան՝ հաջորդ հարցով փորձել էինք առավել հասցեական դարձնել հարցումը և հետաքրքրվել էինք՝ հայտնի է, որ Մնացական Մարտիրոսյանի օգտին քվեարկել է ԲԴԽ 6 անդամ. «Ինչպե՞ս են բաշխվել ձայները, և դուք ինքներդ արդյոք մասնակցե՞լ եք քվեարկությանը և ինչպե՞ս եք քվեարկել»:

Այս հարցին ի պատասխան ԲԴԽ-ն նախընտրել է լռել. «Քվեարկության վերաբերյալ այլ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, քանի որ որոշումը կայացվել է խորհրդակցական սենյակում»:

Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ն չի պատասխանել նաև հետևյալ երկու հարցադրումներին.

«Փաստ է՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի մասին հանրային ընկալումները խիստ բացասական են մասնավորապես՝ 2008 թվականից հետո («Յոթի գործ», Նիկոլ Փաշինյան, Պողոս Պողոսյանի սպանության գործ, Արման Բաբաջանյան ևն): Քաղհասարակության ներկայացուցիչները ևս բացասական են գնահատել նրա գործունեությունը՝ համարելով ոչ օբյեկտիվ, գործադիրից ու օրվա իշխանություններից կախյալ: Ավելին, Մնացական Մարտիրոսյանի բարեվարքության մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն: Ինչպե՞ս ստացվեց նրա ընտրությունն այդ պաշտոնում»:

«Չե՞ք կարծում արդյոք, որ նման ընտրությամբ նորաստեղծ դատարանի հեղինակազրկման սկիզբն է դրվում»:

Գրավոր հարցմամբ «Մեդիալաբը» ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին հիշեցրել էր իր նախկին դիրքորոշումները «վատ դատավորների» մասին, հիշեցրել էինք նաև, որ նա բավական կոշտ դիրքորոշում ուներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի կայացված գործերով դատավորներին, որոնց թվում է նաև Մնացական Մարտիրոսյանը, պատասխանատվության ենթարկելու հարցում և հետաքրքրվել. «Արդյոք նրան Հակակոռուպցիոն նորաստեղծ դատարանի դատավոր ընտրելով Մարտիրոսյանին պատասխանատվությա՞ն եք ենթարկում»:

Բայց ԲԴԽ-ից պատասխանել են այսպես. «Ինչ վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի անձնական դիրքորոշման վերաբերյալ Ձեր հարցերին, հայտնում ենք, որ առաջիկա ամիսներին ԲԴԽ նախագահը մեկնաբանություններով ու հարցազրույցներով հանդես չի գալու»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am