Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար․ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևին

ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրատվամիջոցների խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին: Մանսավորապես Ալիևը հարցազրույցում հանդես էր եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով:

«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները:

Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը:

Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ:

Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ: Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»: