«Ունեցել ենք  փող բաժանելու շատ ահազանգեր Երևան քաղաքից». Դանիել Իոաննիսյան

«Ունեցել ենք  փող բաժանելու շատ ահազանգեր Երևան քաղաքից». Դանիել Իոաննիսյան
«Ունեցել ենք  փող բաժանելու շատ ահազանգեր Երևան քաղաքից». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի լավն են, քան նախորդ ԱԺ ընտրությունները, սակայն «ավելի վատն են, քան Երևանի ավագանու ընտրությունները»։

«Զուտ ընտրատեղամասերում տեղի ունեցող ընտրախախտումների հետ կապված եմ նշում, որոնք կապված են քվեարկության գաղտնիությանը։ Չնայած ասեմ նաև, որ այդ դեպքերը ավելի քիչ են, քան նախորդ ԱԺ ընտրություններին և Երևանի ավագանու ընտրություններին։ Ունեցել ենք փող բաժանելու շատ ահազանգեր Երևան քաղաքից, որոնք միանգամից փոխանցել ենք ոստիկանություն։ Մարզերից Թալինում գիտեմ, որ ոստիկանությունը դեպք է գրանցել գումար բաժանելու, լսել եմ, որ ԲՀԿ է եղել»,- ասում է Դանիել Իոաննիսյանը։

Ըստ ԿԸՀ տվյալների՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 2 մլն 573 հազար 579 ընտրող։ Ժամը 17.00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել էր 1.025.002 քաղաքացի  կամ ընտրողների 39,54%-ը:

«Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի ապրիլին 2-ի խորհրդարանական ընտրություններին, ժամը 14։00-ի դրությամբ, ընտրել էր ընտրողների 33,46 տոկոսը։ Այս ընտրություններին մոտ 10 տոկոս պասիվություն է նկատվում»,- լրագրողներին ասել է ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 9 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք, 1444 թեկնածուներ էլ ընդգրկված են քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում։

Քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել են 2010 ընտրական տեղամասեր, որոնցից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում։ 41 տեղամասային ընտրական հանձնաժողովներ քվեարկությունը կազմակերպել են շրջիկ արկղերի միջոցով: Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են բոլոր 1998 տեղամասային կենտրոնները։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվել են 4000 տեխնիկական սարքավորումներ:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ ոստիկանության թեժ գծին ստացել են 77 զանգ։

«71-ը եղել են տեղեկատվական բնույթի, երկուսով հայտնել են մահացած անձանց տվյալներ, որոնք հանվել են ցուցակներից, իսկ չորս զանգով եղել է տեխնիկական բնույթի խնդիր»,- ասել է Բիչախչյանը։

Ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնում 8 միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների 505 միջազգային դիտորդներ։ 22 տեղական հասարակական կազմակերպություններից ընտրություններին մասնակցում են 17.813 դիտորդներ։ Այցելուի կարգավիճակով քվեարկության ընթացքին հետևելու իրավունք են ստացել 77 օտարերկրյա քաղաքացիներ:

Ընտրությունները լուսաբանում են հավատարմագրված 70 զանգվածային լրատվամիջոցների 1200 ներկայացուցիչներ և 31 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների մոտ 80 ներկայացուցիչներ:

Գայանե Մկրտչյան

MediaLab.am