20 հազարից ավելի մեքենա անձրևի, ձյան տակ, փոշու մեջ սպասում է՝ 2023 թվականը գա. Տիգրան Հովհաննիսյան

Հայաստանում մեքենաների առուվաճառքի շուկան կորոնավիրուսային համավարակից հետո որոշակի աշխուժություն է ապրում, թեև մեքենաների գները բարձրացել են:

«Նորմալ մեքենան հնարավոր է գնել 6000 դոլարով: Առհասարակ, մինչև 15 հազար դոլարով կարելի է լավ մեքենա գնել Հայաստանի մեքենաների շուկայում»,-«Մեդիալաբին» ասում է Հովհաննիսյանը:

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի հունվար-նոյեմբերին մարդատար մեքենաների գները 8.5 տոկոսով աճել են 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Ներկայումս Հայաստան ներմուծվում և Հայաստանից արտահանվում են միայն մինչև 7 տարեկան մեքենաները: ԵԱՏՄ համաձայնագրերի հիման վրա Ռուսաստանը և Ղազախստանը թույլ չեն տալիս 7 տարեկանից բարձր մեքենաներ ներկրվեն Հայաստանից: Այդ արգելքը, ըստ Հովհաննիսյանի, գործելու է մինչև 2023 թվականը:

Դա է պատճառը, որ 2019-ին Հայաստան ներմուծված 20 հազարից ավելի մեքենաներ մնացել են շուկայում, ներքին շուկայում չեն վաճառվում և սպասում են մինչև 2023 թվականը: Հովհաննիսյանի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակը ու դրանից բխող սահմանների փակ լինելը արեցին իրենց սև գործը, մարդիկ վարկերի տակ են, շուրջ 2000 ընտանիք խնդրի առաջ է կանգնել:

«Հիմա էդ մարդիկ, որ շատ էին տուժել ԵԱՏՄ համաձայնագրերից, սպասում են 2023 թվականին, որը շատ արագ արտահանեն: Չնայած հիմա էդ մեքենաներն էլ անձրևի, ձյան տակ ու փոշու մեջ էսքան տարի մնացին, բայց, միևնույն է, էդ մարդիկ անհամբեր սպասում են»,- ասում է Հովհաննիսյանը:

ԵԱՏՄ կարգավորումներով նախատեսվում էր 2020-ի հունվարի 1-ից ընդհուպ 6 անգամ բարձրացնել թեթև մարդատար ավտոմեքենաների՝ Հայաստան ներկրելու մաքսավճարը: Մաքսատուրքերի թանկացման վախից 2019-ին շուկան լցվեց մեքենաներով, արդյունքում այդ տարի 200 հազարից ավելի մեքենա է ներկրվել մեր երկիր: ՊԵԿ-ը տարվա ընթացքում պարբերաբար զգուշացնում էր, որ մաքսատուրքերի գործող կարգը աշխատելու է մինչև 2019-ի դեկտեմբերի վերջ:

Շատ ավտոներկրողներ հույս ունեին Հայաստան բերելով մեքենաները միանգամից վաճառել ԵԱՏՄ երկրների գնորդներին, հատկապես՝ Ղազախստանի քաղաքացիներին։ Նրանք չունեին նույն արտոնությունը, հետևաբար Հայաստանում մաքսազերծված մեքենան ավելի էժան կգնեին։

ԵԱՏՄ կարգավորումների համաձայն՝ մինչև 2019-ի վերջ Հայաստան ներկրված մեքենաները մինչև 2023-ը համարվելու են օտարերկրյա գույք։ ԵԱՏՄ տարածքում այդ մեքենաների վերավաճառքի դեպքում մաքսատուրքի վերահաշվարկ է արվելու, ինչը ձեռնտու չի լինի գնորդներին։ Իսկ 2023 թ.-ից այդ մեքենաներին կշնորհվի ԵԱՏՄ ներքին գույքի կարգավիճակ, ու դրանք հնարավոր կլինի վաճառել և՛ գնորդի, և՛ վաճառողի համար ձեռնտու գնով։

«Սպասենք, հույս ունենանք, որ վարկերի տակ ընկած ներկրողները մի քիչ գոնե խելքի կգան, մեջքները կուղղվի»,- ասում է Հովհաննիսյանը:

MediaLab.am