Հակաճգնաժամային 23-րդ միջոցառման շրջանակներում կառավարությունն աջակցում է զբոսաշրջության ոլորտին

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը, որը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին։

Հարցը զեկուցելիս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը:

Միջոցառման շահառու են մինչև 2020 թվականի մարտի 31-ը ստեղծված և ոչ պակաս, քան 3 աշխատակից ունեցող հետևյալ ոլորտի ներկայացուցիչները.

Կացության կազմակերպում՝ ներառյալ առողջարանները

Հանրային սննդի կազմակերպում

Զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ։

Միջոցառման աջակցության տևողությունը 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի մարտն է։

Այս միջոցառման շրջանակներում դրամաշնորհները տրվում են յուրաքանչյուր ամսվա համար։ Աջակցության եղանակը յուրաքանչյուր երրորդ կամ չորրորդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորումն է այս միջոցառման շրջանակներում, որը նշանակում է ամբողջ աշխատավարձի ֆոնդի 33 կամ 25 տոկոս հատուցում: Ավելի մեծ չափով աջակցություն կստանան այն տնտեսվարողները, որոնք, չնայած դժվարություններին, աջակցության ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պահպանած են եղել իրենց աշխատակիցների կամ աշխատատեղերի ոչ պակաս, քան 70 տոկոսը:

Տնտեսավարողը չի համարվի միջոցառման շահառու, եթե օրենքով սահմանված կարգով 2019 թվականի ընթացքում տնտեսավարողին 50 մլն դրամը գերազանցող ավելացված արժեքի հարկի գերավճարի վերադարձ են ունեցել և չնայած դրան, կրճատել են աշխատակազմի կեսից ավելին: Եվ եթե կազմակերպությունը կատարել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտող, ապա այդ ամսվանից և հետագա ամիսների համար կազմակերպությունը կդադարի օգտվել աջակցության ծրագրից: