Ուզբեկստանի առողջապահության նախարարությունը չի բացառել վերադարձը կոշտ պայմաններով կարանտինին

Ուզբեկստանի իշխանությունները կարող են վերադառնալ կոշտ պայմաններով կարանտինին, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը աճի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Բախոդըր Յուսոպալիևը:  

«Եթե վարակվածների թիվը գնալով ավելանա այս տեմպերով, ապա մենք կվերադառնանք կոշտ պայմաններով կարանտինին»,-ասել է նա՝ տեղեկացնելով, որ վերջին շրջանում ամեն օր Ուզբեկստանում գրանցվում է մինչև 60 վարակվածության նոր դեպք: Նա հորդորել է լինել առավել զգոն՝ հիշեցնելով, որ աշունը կարող է լինել վարակի բռնկման երկրորդ ալիք:

Ուզբեկստանում վարակի առաջին դեպքը գրանցվել էր մարտի 15-ին, երբ Ֆրանսիայից վերադարձած քաղաքացու մոտ հատնաբերվել էր կորոնավիրուս: Երկրի իշխանությունների որոշմամբ՝ մայիսի 15-ից մի շարք ոլորտներում աշխատանքը վերականգնվել է: Մայիսի 18-ից վերսկսվել է տրանսպորտային հաղորդակցությունը Տաշքենդից դեպի այլ շրջաններ: