Կառավարության կողմից սուբսիդավորման որոշումը ժամանակավոր լուծում է՝ հաշվի առնելով նաև նախընտրական տրամադրությունները. Սուրեն Պարսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը 

– Պարո՛ն Պարսյան, ինչպե՞ս եք գնահատում Կառավարության որոշումն առ այն, որ մոտ 5,2 միլիոն դոլարով՝ 1 միլիարդ 912,5 միլիոն դրամով, կսուբսիդավորի պտուղ-բանջարեղենի և ծաղկի արտահանումը: Սա որքանո՞վ է բավարար ստեղծված իրավիճակը շտկելու համար:

– Պետք է նշել, որ միայն 2025 թվականի ընթացքում Հայաստանից մոտ 240 միլիոն դոլարի չափով բանջարեղեն, միրգ և ծաղիկ է արտահանվել, ու Կառավարության սուբսիդիան թեկուզ հունիս ամսվա մասով, չեմ կարծում, թե արտահանողների բավականին լուրջ խնդիրը կլուծի: 

Հիմնական խնդիրն այս իրավիճակում շուկա գտնելն է: Ռուսականից բացի՝ այս պահին մենք այլ շուկա չունենք: Եվրոպական ի՞նչ երկիր գոյություն ունի, որ պատրաստ է այդ ապրանքատեսակները ձեռք բերել, որ Կառավարությունը սուբսիդավորի, ենթադրենք, տրանսպորտի ծախսը կամ այլ ծախսեր, որոնք ի հայտ կգան: 

Խնդիրը հենց դա է, որ այս պահին մենք շուկա չունենք, սուբսիդիաներն անշուշտ կարևոր են, կօգնեն արտահանողներին, բայց երբ դու ընդհանրապես որևէ պայմանագիր չունես, որքան էլ սուբսիդիա լինի, չի կարող իրավիճակը էականորեն փոխել՝ հատկապես Հայաստանի պարագայում։ 

Հունիս-հուլիս ամիսները բանջարեղենի, մրգի արտահանման ամիսներ են, ու եթե մենք չկարողանանք այս ամիսներին արտահանումն ապահովել, ապա մեր գյուղացիական տնտեսությունները բավականին լուրջ կորուստներ են կրելու ամբողջ տարվա կտրվածքով: 

Հիշեցնեմ, որ գյուղում է ապրում մեր բնակչության մոտ մեկ երրորդը, կենսամակարդակը գյուղերում ավելի ցածր է, ու կստացվի, որ այդ ամենի հետևանքով տուժելու են հատկապես ամենախոցելի խմբերը, որտեղ աղքատության մակարդակը անհամեմատ բարձր է, ու պետության համար լրացուցիչ խնդիրներ են առաջանալու՝ այդ մարդկանց աղքատ վիճակից հանելու համար:

– Եթե այլընտրանքային շուկա չկա, ինչպես ասում եք, այդ դեպքում Կառավարությունն ինչո՞ւ է վստահեցնում, թե հայկական մթերքը կարտահանվի եվրոպական շուկա:

– Այս պահին մեր արտադրողները, արտահանողները վաճառք չունեն ԵՄ երկրներում, ցանկալի ու անշուշտ կարևոր է, որ կարողանանք դիվերսիֆիկացնել մեր արտահանման շուկաներն ու այնտեղ նույնպես վաճառենք ապրանքները, բայց այստեղ բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած ստանդարտներից, վերջացրած տարբեր կազմակերպչական, լոգիստիկ հարցերով: Սրանք պետք է լուծվեն, բայց դրանք մեկ օրում լուծվելիք հարցեր չեն:

– Պարո՛ն Պարսյան, եթե այս սուբսիդավորումը բուն խնդիրը չի լուծում, ապա ի՞նչ նպատակով է Կառավարությունը նման որոշում ընդունել:

– Այս որոշումը նրանք կայացրել են, որովհետև ցանկանում են հասկանալ՝ ինչպես պետք է հետագայում այս գլոբալ խնդիրը լուծել: Այսինքն՝ իրենք այս որոշմամբ ուղղակի ժամանակ են շահում՝ հետագայում այս խնդրին անդրադառնալու համար: Խնդիրը լուծելու են Ռուսաստանի հետ քաղաքական պայմանավորվածություններից ելնելո՞վ, թե՞ այլ կերպ պետք է փորձեն մտածել՝ ժամանակը ցույց կտա: 

Հիշեցնեմ, որ ընտրություններից հետո նախատեսվում է Ռուսաստանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հանդիպում, ու այս հարցերը կարող են նույնպես քննարկվել: 

Կառավարությունը փորձում է ուղղակի ժամանակ շահել մինչև այդ հանդիպումը, մինչև հասկանան՝ ինչ շրջադարձ պետք է կատարեն, ո՛վ պետք է ֆինանսավորի այդ շրջադարձի համար, որովհետև արդեն իսկ ինֆորմացիա կա, որ ԵՄ-ն պատրաստ է 50 միլիոն եվրոյի չափով աջակցություն տրամադրելու և այլն: 

Բայց խնդիրն իսկապես բավականին խորքային ու գլոբալ է ու մի քանի միլիոն եվրոյով այդ հարցը չի լուծվի, սա ուղղակի ժամանակավոր լուծում է: Հաշվի առնելով նաև որոշակի նախընտրական տրամադրությունները՝ Կառավարությունը գնացել է այս քայլին, որ այդ տրամադրություններն առավել չսրվեն, որ ցույց տան, թե պետությունը աջակցություն է ցուցաբերում և այլն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am