Կառավարությունը մոտ 5,2 միլիոն դոլարով՝ 1 միլիարդ 912,5 միլիոն դրամով, կսուբսիդավորի պտուղ-բանջարեղենի և ծաղկի արտահանումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես ասվում է.
«Կառավարությունը՝ արտահանողի կողքին․
ՀՀ Կառավարությունն աջակցում է տնտեսվարողներին ՀՀ-ից արտահանել թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկ դեպի Եվրամիության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ։
Արտահանման ծավալի փոխհատուցման սահմանաչափերն են՝
Ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 770 դրամ,
Լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 275 դրամ,
Պղպեղի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 400 դրամ,
Ծաղկի յուրաքանչյուր մեկ հատի համար՝ 37 դրամ։
Ծրագրից կարող են օգտվել իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ՀՀ տարածքից հունիսի 1-ից հուլիսի 1-ը կիրականացնեն արտադրանքի արտահանում։
Ընդհանուր, Կառավարությունը կսուբսիդավորի 1 միլիարդ 912,5 միլիոն դրամի չափով՝
Լոլիկի համար՝ 550 միլիոն դրամի չափով,
Պղպեղի համար՝ 800 միլիոն դրամի չափով,
Ելակի համար՝ 192,5 միլիոն դրամի չափով,
Ծաղկի համար՝ 370 միլիոն դրամի չափով։
Նախատեսվում է, որ հունիսին կարտահանվի ավելի քան 4,250 տոննա բանջարեղեն, ելակ և 10 միլիոն հատ ծաղիկ»։ Հիշեցնենք, որ վերջին օրերին հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ նոր խնդիրներ են առաջացել․ «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակումներ է մտցրել հայկական ծագման կարտոֆիլի, սմբուկի, չրերի և կորիզավոր մրգերի համար, իսկ ավելի վաղ արգելվել էր նաև բանջարեղենի մի շարք տեսակների, որոշ ընկերությունների ձկնամթերքի և «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումը Ռուսաստան։



















