Եւս 12 թթվածնային սարք շուտով Հայաստանում կլինի Լյուքսեմբուրգի հայ համայնքի աջակցությամբ․ Արսեն Խառատյան

Արսեն Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հայաստանի ընկերներ – Վրաստան» նախաձեռնությունը եւս 12 շնչառական սարք է ձեռք բերել Վրաստանի Քութաիսի քաղաքից, որոնք շուտով Հայաստան կհասնեն: Այս նոր խմբաքանակը գնվել է Լյուքսեմբուրգում բնակվող մեր հայրենակիցների ֆինանսական օժանդակությամբ, ովքեր, սակայն, չցանկացան նշել իրենց անունները:

Այսպիսով նախօրեին Վրաստանից Հայաստան հասած 27 կոնցենտրատորներին կավելանա եւս 12-ը, որոնք սահմանին կփոխանցվեն Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ-ին և ապա կտեղայնացվեն Առողջապահության նախարարության կողմից:

Փառք ու պատիվ մեր լյուքսեմբուրգահայերին` այս օրհասական պահին բառիս բուն իմաստով թթվածնի կարիք ունեցող մեր ժողովրդին ձեռք մեկնելու համար: