Փաշինյանի թիմը մասնագիտական, քաղաքական որակների բացակայության պատճառով պատրաստ չէ որևէ բանակցության ո՛չ դաշնակից, ո՛չ թշնամի երկրի հետ. Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ձեր գնահատականն եմ խնդրում Թուրքիայի նախագահի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկություն է արել: Կխնդրեմ՝ գնահատեք նաև այդ հայտարարության վերաբերյալ հնչած ներհայաստանյան մեկնաբանությունները:

– Էրդողանի հայտարարությունը սպասված եմ համարում, որովհետև ակնհայտ էր, որ հայ-թուրքական հարաբերություններում ստվերային ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, համենայնդեպս, վերջին ամսվա ընթացքում մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը փոխանակվեցին ռացիոնալ հայտարարություններով՝ պատրաստակամության մասին, ու ենթադրելի էր, որ կողմերից մեկը հրապարակավ մի քիչ ավելի շատ է խոսելու տեղի ունեցող գործընթացների մասին:

Այդ մարդը եղավ Էրդողանը, որը, ըստ էության, մի քանի մեսիջ հասցեագրեց: Նախ արձանագրեց, որ կալիբրով Փաշինյանից ավելի է ու դրեց նախապայման, որի բավարարման դեպքում պատրաստ է ընդունելու Փաշինյանին: Ուրվագծեց երկխոսության թուրքական օրակարգը, ինչը Հայաստանի մասով դեռ չենք տեսնում: 

Ինչ վերաբերում է հայաստանյան արձագանքներին, ես՝ որպես կուսակցության ղեկավար ու վերլուծաբան, միշտ հայ-թուրքական երկխոսությունն անհրաժեշտություն եմ համարել, որովհետև ցանկացած անկախ պետություն պարտավոր է իր հարևան երկրների հետ բնականոն հարաբերություններ ունենալ, դա սուբյեկտության կարևոր հատկանիշներից մեկն է:

Այդ երկխոսությունը հիմա էլ եմ կարևոր համարում, բայց պետք է նկատի ունենալ, որ մեր քաղաքական համակարգը միշտ չէ, որ ռացիոնալ փաստարկներով է առաջնորդվում:

Այսինքն՝ կան քաղաքական ուժեր, որ ավանդաբար դեմ են եղել այդ երկխոսությանը, բայց կան նաև քաղաքական ուժեր, որոնք կողմ լինելով հանդերձ՝ կասկածներ ունեն, որ Նիկոլ Փաշինյանի ոչ ադեկվատ ու ոչ կոմպետենտ իշխանությունը կարող է նման բարդ գործընթաց սպասարկել: Ինքս էլ խիստ թերահավատ եմ, որ Փաշինյանը կարող է նման բարդ գործընթաց սպասարկել:

– Ինչո՞ւ է իշխանությունը լռում այս մասին, ու ինչո՞ւ է հայ հանրությունն այդ մասին իմանում Թուրքիայի նախագահից, ոչ թե իր երկրի վարչապետից:

– Հիշում եք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը սկզբում խոստացավ, թե բոլոր սկզբունքային հարցերը հրապարակում կքննարկի ժողովրդի հետ ու նոր միայն որոշում կկայացնի, որ ժողովրդի թիկունքում որևէ գործարք չի արվի, բայց մենք տեսանք, որ նրա մեկ անգամվա միանձնյա որոշումները հանգեցրեցին ազգային աղետի, նկատի ունեմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումն ու դրան հաջորդող գործընթացները:

Այս պարագայում էլ, ինչպես տեսնում եք, նա միանձնյա որոշումներ է կայացնում, ու մտավախություն կա, որ նա կրկին Հայաստանի շահերի հաշվին ճակատագրական որոշումներ կկայացնի: Մեծ մտավախություն ունեմ, որ Փաշինյանի ոչ կոմպետենտությունը, անադեկվատությունը այս անգամ ևս կօգտագործվեն մեր հակառակորդ պետության կողմից:

– Պարո՛ն Սուրենյանց, վարչապետի մամուլի խոսնակն անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը՝ մասնավորապես ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել այս պահի դրությամբ, «չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների»: Դո՞ւք էլ եք կարծում, որ Հայաստանն այսօր պատրաստ է հանդիպելու Թուրքիայի հետ, ինչպես ասվում է՝ բարձրագույն մակարդակով:

– Հայաստանը պարտավոր է երկխոսել իր բոլոր հարևանների հետ, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստ չէ որևէ մեկի հետ երկխոսելու, որովհետև բացարձակ ոչ կոմպետենտ է և սեփական օրակարգ չունի: Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի թիմը մասնագիտական, քաղաքական որակների բացակայության պատճառով պատրաստ չէ որևէ բանակցության ո՛չ դաշնակից, ո՛չ թշնամի երկրի հետ:

– Ընդդիմադիր դաշտի որոշ ներկայացուցիչներ նշում են, թե Նիկոլ Փաշինյանն այս առաջարկով նպատակ ունի Ռուսաստանը դուրս մղել տեղի ունեցող գործընթացներից: Համակարծի՞ք եք այս տեսակետին, և ինչո՞ւ է Փաշինյանն այդ առաջարկը Վրաստանի վարչապետի միջոցով փոխանցել Էրդողանին:

– Ձեր վկայաբերած տեսակետը համարում եմ մակերեսային, որովհետև այսօր Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ Նիկոլ Փաշինյանն անգամ պետքարան գնալիս է հարցնում Վլադիմիր Պուտինի թույլտվությունը, էլ ուր մնաց նման գործընթաց նախաձեռնելուց առաջ: Հետևաբար կարող եք վստահ լինել, որ նրա թուրքական նախաձեռնությունը կետ առ կետ համաձայնեցված է Մոսկվայի հետ:

Հանդիպման առաջարկությունը Վրաստանի միջոցով փոխանցելու քայլը դրական եմ համարում, քանի որ փորձել է արժևորել հարևան Վրաստանի դերակատարությունը: Չմոռանանք նաև, որ Վրաստանը ռազմագերիների վերադարձի միջնորդության հարցում դրական պատմություն ունի:

Ըստ երևույթին, հաշվի առնելով Վրաստանի հատուկ հարաբերությունները Թուրքիայի հետ՝ որոշել է Վրաստանի վարչապետի միջոցով էլ հասնել հայ-թուրքական երկխոսության մեկնարկին: Չեմ կարծում, սակայն, որ վրացական միջնորդությունը այսօր միակն է, հայ-թուրքական հարաբերության բոլոր դետալները համաձայնեցված են Պուտինի հետ:

– Պարո՛ն Սուրենյանց, ակնհայտ է, որ Թուրքիայի ղեկավարը չի հրաժարվում իր նախապայմաններից, այս դեպքում Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է ցանկանում քննարկել նրա հետ:

– Բնական է, որ Թուրքիայի ղեկավարն իր ու իր պետության ավելի հզոր լինելն օգտագործելով՝ պետք է փորձի նախապայմաններ թելադրել, բայց դրանից պետք չէ վախենալ, պետք է գնալ երկխոսելու, եթե արդյունավետ չեղավ, միշտ էլ կարելի է այն ընդհատել, բայց պետք է անընդհատ փորձել ու ճիշտ դիվանագիտությամբ հասնել նրան, որ Թուրքիան ավելի լոյալ վերաբերմունք ունենա Հայաստանի հանդեպ՝ ձեռնպահ մնալով այնպիսի նախապայմաններից, որոնք բխում են Բաքվի օրակարգից: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am