Արցախում առանց քաղաքացու իմացության՝ նրա քարտից 440.000 դրամ է փոխանցվել այլ բանկային քարտի հաշվին

Համակարգչային տեխնիկայի օգնությամբ գրանցվել է հերթական հանցագործության դեպքը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։ Վերջին շրջանում Արցախի Հանրապետությունում կրկին աճել է կիբեռ (համակարգչային հանցագործություն) բնույթի հանցագործությունների դեպքերը:

Օգոստոսի 10-ին Ստեփանակերտ քաղաքի 25-ամյա բնակիչ Կ.Է.-ն, ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել այն մասին, որ օգոստոսի 6-ին առանց իր իմացության «ArCa» համակարգի միջոցով «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված իր աշխատավարձի բանկային քարտից ընդհանուր 440.000 ՀՀ դրամ է փոխանցվել այլ բանկային քարտի հաշվին: Արդյունքում, իրեն պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:

Վարչությունը միաժամանակ զգուշացնում է քաղաքացիներին, որ կազմակերպված կիբերհանցագործության միջոցով խաբեությամբ գողանում են մարդկանց անձնական տվյալներն ու գումար աշխատում:

ԱՀ ոստիկանությունը կոչ է անում զգույշ լինել և չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն, մերժել սոցիալական ցանցերում բանկային քարտի հաշվեհամարը մուտքագրելու առաջարկներից և առցանց բնույթի տարբեր գործարքներից: