Հյուպատոսական մի շարք ծառայությունների մատուցումը հասանելի կլինի առցանց եղանակով․ ԱԳՆ նորարարությունը

Հունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը տեսակոնֆերանսի միջոցով աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի պաշտոնական ներկայացուցիչներ Արման Վաթյանի և Միգարա դե Սիլվայի հետ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից

Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը, Պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանը և աշխատանքային խմբի այլ անդամներ։

Հանդիպման սկզբում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ՀԲ կողմից ֆինանսավորվող՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում նախորդ տարիներին իրականացված ծրագրերի համար, որոնց արդյունքում կատարելագործվել էին E-Visa և E-Consul էլեկտրոնային համակարգերը, իսկ նախարարությունը վերազինվել էր տեխնիկական տարբեր միջոցներով և սարքավորումներով։

Այնուհետև Վահագն Մելիքյանը ներկայացրել է ԱԳՆ նորարարությունը, որը նախատեսում է անձանց նույնականացումն ավանդական դեմ-առ-դեմ մեթոդով իրականցնելու փոխարեն իրականացնել հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով և հյուպատոսական մի շարք ծառայությունների մատուցումը հասանելի դարձնել առցանց եղանակով։

Նաև նշվել է, որ այդ ամենի համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն արդեն իսկ կատարված են։ ՀԲ պաշտոնական ներկայացուցիչ Արման Վաթյանն ի պատասխան նշել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ նախկինում իրականացված ծրագրերը հաջողված են և արդյունավետ, հետևաբար իրենք շահագրգռված են շարունակել համագործակցությունը նաև առաջարկվող նախագծի շրջանակներում։

Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանն իր հերթին ընդգծել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միշտ հանդես է գալիս նորարարական լուծումներով և թվայնացման տեսանկյունից նախարարությունների շարքում առաջամարտիկներից է։

Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է ստեղծվող տեխնիկական լուծումները մշակել այնպես, որ հնարավոր լինի դրանց կիրառումը նաև այլ պետական մարմինների կողմից՝ կատարելով համապատասխան տեղայնացում։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն առաջարկել են ներկայացնել նաև նախարարության երկարաժամկետ ծրագրերով նախատեսվող նոր գաղափարներ՝ կապված Էլեկտրոնային կառավարման հետ։ Կողմերը քննարկել են ներկայացված նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ քայլերը և նախանշել դրանց ժամկետները: