Իլհամ Ալիևը չի նախատեսում մասնակցել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի նախատեսում մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, որը նախատեսված է անցկացվել Հայաստանում 2026 թվականի մայիսին։ Այս մասին գրում է Caliber.Az-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

«Ներկա փուլում երկու երկրների հարաբերությունների մակարդակը թույլ չի տալիս Ալիևի այցը Երևան համարել արդիական քայլ։ Ադրբեջանը գործում է իրատեսական սկզբունքով․ առանց ստորագրված խաղաղության պայմանագրի և գործնական մեխանիզմների գործարկման նման այցը կարող է ստեղծել կեղծ տպավորություն, թե գործընթացը ավարտված է։ Քանի դեռ իրավական հիմքը ձևավորված չէ և պարտավորությունները չեն կատարվում, նման քայլերը կլինեին վաղաժամ», – նշում է աղբյուրը։

Միևնույն ժամանակ, ըստ Caliber.Az-ի, Բաքուն չի բացառում բարձր մակարդակի այցերի հնարավորությունը ապագայում․ «Խաղաղության պայմանագրի ստորագրումից և իրագործման մեկնարկից հետո նման հանդիպումները կարող են դառնալ գործընթացի տրամաբանական շարունակություն։ Այժմ անհրաժեշտ են գործնական քայլեր՝ համաձայնեցված պարտավորությունների իրականացման ուղղությամբ, որպեսզի խաղաղությունն ամրապնդվի ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե»։

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները պաշտոնական հրավեր են ուղարկել Ալիևին՝ մասնակցելու գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել Երևանում 2026 թվականի մայիսին։