Սահմանադրության ոտնահարումներով դարձած նախագահը

Սահմանադրության ոտնահարումներով դարձած նախագահը
Սահմանադրության ոտնահարումներով դարձած նախագահը

Այսօր՝ ապրիլի 9-ին տեղի ունեցավ նախագահի երդմնակալության արարողությունը, որի ընթացքում Արմեն Սարգսյանը երդվեց «հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: Սարգսյանի նախագահ դառնալու ճանապարհը, սակայն, լի էր ՀՀ Սահմանադրության ոտնահարումներով:

Բրիտանական անձնագիրը

Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։

Մեզ հաջողվեց պարզել, որ Արմեն Սարգսյանը 2003-2012 թվականներին եղել է Բրիտանիայի ընտրողների ռեգիստրում: Այսինքն, Սարգսյանը դադարել է լինել Բրիտանիայի քաղաքացի ոչ շուտ, քան 2012 թվականը: Իսկ ՀԵՏՔ-ը հրապարակեց 2014 թվականի փաստաթղթեր, որոնցում Արմեն Սարգսյանի անվան դիմաց նշված է «քաղաքացիությունը՝ բրիտանական»:

Որպեսզի Արմեն Սարգսյանն իրավունք ունենար ընտրվել ՀՀ նախագահ, պետք է վերջին 6 տարում հանդիսանար միայն ՀՀ քաղաքացի, այլ կերպ ասած՝ նա պետք է առնվազն մինչ 2012 թվականի մարտի 2-ը դադարեր լինել Մեծ Բրիտանիայի քաղաքացի։

Ու թեև Արմեն Սարգյանը պնդում էր, որ դեռևս 2011 թվականին է հրաժարվել բրիտանական քաղաքացիությունից, սակայն ի հեճուկս ընդդիմությանը տրված խոստումներին՝ Արմեն Սարգսյանը այդպես էլ չներկայացրեց որևէ փաստաթուղթ, որը կհիմնավորեր, որ նա իրոք 6 տարուց ավել չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Տեղեկանքը

Նախագահ առաջադրվելու համար Արմեն Սարգսյանին անհրաժեշտ էր «վերջին 6 տարին միայն ՀՀ քաղաքացի լինելու մասին» տեղեկանք, որը նա ստացել է ՀՀ ԿԱ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունից: Վարչությունն իր հերթին առաջնորդվել է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներով, իսկ ռեգիստրում Արմեն Սարգսյանի բրիտանական քաղաքացիության մասին տեղեկություններ կարող էին հայտնվել միայն եթե ինքը՝ Արմեն Սարգսյանը հայտներ այդ մասին:

Արմեն Սագսյանը, խախտելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, ՀՀ ԿԱ Ոստիկանությանը չի հայտնել իր օտարերկրյա քաղաքացիության մասին։  Արդյունքում, քանի որ անձնագրային և վիզաների վարչությունը ոչ հարցումներ է ուղարկել Մեծ Բրիտանիա, ոչ էլ որևէ այլ կերպ փորձել ստուգել վերջին 6 տարում Արմեն Սարգսյանի արտերկրյա քաղաքացիություն ունենալու և դա թաքցնելու փաստը, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն ստացել է «վերջին 6 տարին միայն ՀՀ քաղաքացի լինելու մասին» տեղեկանքը:

Համաժողովրդական քվեարկությամբ

Արմեն Սարգսյանը նախագահ ընտրվեց 2018 թվականի մարտի 2-ին՝ Ազգային ժողովի կողմից:

Համաձայն 2015 թվականի Սահմանադրության 5-րդ գլխի 125-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Այնինչ, Սահմանարդության 209-րդ հոդվածը ամրագրում է, որ «Սահմանադրության … 5-8-րդ, 12-15-րդ գլուխներն ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները»։

Իսկ 2005 թվականի Սահմանադրության 50-րդ հոդվածն ամրագրում է, որ «Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից»: Այլ կերպ ասած, 2018 թվականի ապրիլի 9-ից նախագահը պետք է ընտրվեր ոչ թե Ազգային ժողովի, այլ քաղաքացիների կողմից՝ ինչպես նախկինում:

Անբողոքարկելի

Նկարագարվածը, անշուշտ, լրջագույն հիմք է ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները բողոքարկեու համար:

Համաձայն Սահմանադրության 7-րդ գլխի 169-րդ հոդվածի, Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Ազգային ժողովի խմբակցությունները կարող են դիմել Սահմանադրական դատարան: Սակայն Սահմանադրության այդ դրույթները, համաձայն նույն Սահմանադրության 209-րդ հոդվածի՝ ուժի մեջ են մտնում «նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները:»:

Այսինքն, մինջև 2018 թվականի ապրիլի 9-ը տեղի ունեցած նախագահի ընտրությունների արդյունքները կարող են վիճարկվել մյուս թեկնածուների կողմից (ինչպես նախատեսված է 2005 թվականի Սահմանադրությամբ): Ու քանի որ այս ընտրություններին ընդդիմությունը չկարողացավ թեկնածու առաջադրել և Արմեն Սարգսյանը մնաց միակ թեկնածուն՝ նրա ընտրվելը դարձավ անվիճարկելի՝ անկախ ընտրություններում արձանագրված խախտումների քանակից ու էությունից:

Հ.Գ. Հավելենք, որ Արմեն Սարգսյանը նախկինում խախտել է նաև ՀՀ Սահամանդրությունն ու «Քաղաքացիության մասին» օրենքը, որոնք մինջև 2005 և 2007 թվականները համապատասխանաբար արգելում էին Հայաստանի քաղաքացիներին ունենալ օտարերկրյա քաղաքացիություն, իսկ Սարգսյանը Բրիտանիայի քաղաքացի է առնվազն 2003 թվականից:

Աղբյուրը՝ sut.am