Սննդամթերքի, ծխախոտի, ալկոհոլի եւ այլ ապրանքների գներն անշեղորեն աճում են. «Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը 15-20 տոկոս է»

Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների աճը շարունակվում է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2021 թ. փետրվարը 2020 թ. փետրվարի նկատմամբ, կազմել է 5.3 տոկոս։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 7.8 տոկոսով, ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի գները՝ 8.7 տոկոսով, հագուստի ու կոշիկի գները՝ 5.2 տոկոսով։

Այս տարվա հունվարի համեմատ ևս փետրվարին գնաճը շարունակվել է՝ աճը կազմելով 0,6 տոկոս։

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով՝ պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում։ Իրականում Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը կազմում է 15-20 տոկոս։

«Այդ թվերը, մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում, որովհետև մենք այդ գնաճը տեսնում ենք, մարդկանց հոգսերը զգում ենք։ Մեր դիտարկումներով՝ 15-20 տոկոսից ոչ պակաս է գնաճը, բայց ես չունեմ այդ հնարավորությունը, որ ամբողջ հանրապետությունում գներին հետևեմ»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Պողոսյանը։

Նրա խոսքով՝ նախ մեթոդաբանությունն է սխալ Հայաստանում։

«Մեր պետական վիճակագրությունն ուսումնասիրում է 470 ապրանք ու ծառայություն և տալիս է միջինացված թիվ։ Դա չի արտացոլում իրական վիճակը, դա եվրոպական մեթոդիկա է։

Պետք է վերցվեն մոտավորապես 15-20 անուն առաջին անհրաժեշտության ապրանքներ ու ծառայություն, և այդ շրջանակում հաշվարկ արվի։

Պատկերավոր ասեմ՝ ես մոռացել եմ, թե վերջին անգամ երբ եմ փողկապ գնել, բայց ես հաց, պանիր ու ջուր ամեն օր եմ օգտագործում։ Եթե չկա այդ վերլուծությունը, ուրեմն պաշտոնական վիճակագրությունը վստահություն չի ներշնչում»,- հավելում է մասնագետը։

Արմեն Պողոսյանը նաև ուշադրություն է հրավիրում «կրիմինալ» գնաճի խնդրի վրա։ Դա այն է, երբ ապրանքների քաշը պակաս է լինում։

«Երբ հացի քաշը 60 գրամով պակասում է, դա կրիմինալ գնաճ է։ Ես նախկինում բազմիցս դիմել եմ ՊԵԿ, ասել եմ՝ հացն ուղարկենք լաբորատորիա, հաջորդ օրը կստանանք քաշի ու խոնավության մասին պատկերը։

Ես իրավունք չունեմ խանութից հաշիվ-ապրանքագիր պահանջելու, որ համեմատեմ գինն ու քաշը, դա կարող է անել ՊԵԿ-ը։ Նույնը այլ ապրանքներին է վերաբերում՝ սուրճի, շաքարավազի, այլ ապրանքների քաշն էլ է պակաս լինում։ Եթե ՊԵԿ-ը չի ուզում զբաղվել, էլ ես ի՛նչ անեմ»,- ասում է Արմեն Պողոսյանը։

Նրա խոսքով՝ գնաճը զսպելը Կենտրոնական բանկի հիմնական ֆունկցիաներից է։ Վերջին շրջանում ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ փորձելով մեղմել գնաճը։ «Բայց եթե ելքային ու սկզբնական հաշվարկները վստահելի չեն, մյուս կողմից էլ քայլերը չենք տեսնում։ Ժամանակին մենք պետական մարմինների հետ համատեղ էինք գնում խանութներ, մեզ մասնակից էին դարձնում, բայց հիմա մոռացել են»,- հավելում է նա։

Արմեն Պողոսյանի խոսքով՝ քաղաքակիրթ երկրներում սպառողներին վերաբերող խնդրահարույց հարցերը լուծվում են հետևյալ կերպ՝ հասարակությունը պետք է մասնակից լինի որոշում կայացնելու բոլոր փուլերում։

«Ես հասարակական խորհրդի անդամ եմ և՛ ԿԲ-ում, և՛ ՏՄՊՊՀ-ում, և՛ Սննդամթերքի պետական ծառայությունում, բայց եթե մեզ հետ համագործակցելու ցանկություն չկա, ի՞նչ կարող ենք անել։ Այդ համագործակցությունը չկա, և խնդրի արմատն այդտեղ է»,- ասում է մասնագետը։

Ամեն տարի կանանց միամսյակին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանում բարձրանում են նաև ծաղիկների գները։

Արմեն Պողոսյանի խոսքով՝ մարտի 8-ին ծաղիկների գներն են բարձրանում, Նոր տարուն ընդառաջ՝ սննդամթերքի։ Այդ երևույթը Հայաստանում մշտական խնդիր է։ Ծաղիկները մոտ կրկնակի թանկանում են կանանց միամսյակին։

«Այդ հարցը կարգավորելու համար մեկ մարմին կա՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։

Իրենք պետք է պուլսը պահեն գների թռիչքի վրա։ Իրենք պետք է մի բան պարզեն՝ ծաղիկների գնաճն օրինակա՞ն է, թե՞ ոչ, գնագոյացման էլեմենտները ճշգրի՞տ են, թե ոչ։

Իսկ եթե ճշգրիտ են, եթե դու գինը բարձրացրել ես, ուրեմն պետք է համապատասխանաբար բարձրացնես հարկումները։ Իսկ եթե այդ սկզբունքները խախտված են, դու պետք է պատժվես։ Եթե ապրանքը թանկ են վաճառում, ավել հարկ պետք է վճարեն»,- նշում է նա։

Արմեն Պողոսյանը հավելում է.

«Գնաճն ինքնին չարիք չէ, բայց գնաճից առաջանցիկ տեմպերով պետք է ավելանան մարդկանց եկամուտները, այդ ժամանակ գնաճը ոչ ոք չի նկատի։ Օրինակ՝ ԱՄՆ-ում 5 տոկոսով բարձրանում են գները, բայց 7 տոկոսով բարձրանում են մարդկանց եկամուտները, այդ դեպքում գնաճը ոչ ոք չի նկատում ու չի տրտնջում»։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am