«Արյունահոսություն էր եղել իր մոտ, էդ կողմ ոչ մի մեքենա չէր գնում, եթե գնար, էլի հնարավոր կլիներ փրկել»․ ավագ լեյտենանտը երրորդ անգամ մարտի դաշտ մտնելով՝ չվերադարձավ

48-ամյա ավագ լեյտենանտ Սամվել Վարդանյանը երրորդ պատերազմն էր, որին մասնակցեց և հոկտեմբերի 1-ին հայրենիքը պաշտպանելիս զոհվեց Թալիշում։ «Ամուսինս Բաքվի փախստական ա, 1992 թվին եկել ա Ղարաբաղ, մնացել, կռվին ա մասնակցել, 93-ին ոտքից վիրավորվել ա: 2016-ին էլ իրան տարել են, կռվին մասնակցել ա, էս անգամ էլ ամսի 27-ի առավոտ շուտ կանչեցին։ Սկզբում Մարտակերտ-Մատաղիս գնաց, հետո էլ Թալիշ տարան, էնտեղ էլ զոհվեց»,- ցավով պատմում է կինը՝ Համեստ Վարդանյանը։

Ասում է, որ չնայած ամուսինը զոհվել էր հոկտեմբերի 1-ին, սակայն իրենք միայն մեկուկես ամիս անց են իմացել այդ մասին: «Քրոջս տղան մեզ խաբում էր, ասում էր՝ իրա հետ կապվում ենք, իրա տեղը անհասանելի ա, դրա համար չի կարում զանգի, հետո քրոջս տղան էլ զոհվեց, երեք երեխա էր ինքը ուներ»,- կսկիծով ասում է նա:

Համեստը պատերազմի օրերին երեք աղջիկների հետ Շուշիից Երևան է տեղափոխվել, ապաստանել հյուրանոցներից մեկում, այստեղ էլ իմացել ամուսնու զոհվելու լուրը: Ասում է՝ մինչ այդ արդեն կասկածներ ունեին, քանի որ չէին կարողանում կապ հաստատել ամուսնու հետ, բայց լուրն իմանալուց հետո էլ դժվար էր հավատալ եղելությանը։

«Տեգրս եկավ, ասեց՝ որ չկա, բայց չէինք ուզում հավատալ, շատ վատ էինք։ Նոյեմբերի 17-ին զանգեցին, որ աղջիկս պիտի ԴՆԹ հանձնի։ Փետրվարին 17-ին նոր պատասխանը եկավ»,- դողացող ձայնով ասում է Համեստը։ 

Լուսանկարները՝ ընտանեկան արխիվից

Մինչ ընտանիքը կստանար ԴՆԹ-ի պատասխանը, և կհաստատվեր ողբերգական դեպքի իսկությունը, ամեն օր սպասման մեջ՝ փնտրում էին Սամվելին ամենուր․ «Ամեն օր գերիների անունները տեսնելուց մտածում էինք՝ կարո՞ղ ա մեջը լիներ, կամ որ գրում էին՝ անտառներից մարդ են գտել, հույսով սպասում էինք։ Բայց փետրվարի 17-ին բոլոր հույսերը հատվեցին»,- դառնությամբ հիշում է Համեստը։

Կինն ասում է, որ վիրավոր ամուսնուն գուցե հնարավոր լիներ փրկել, եթե տվյալ տարածք որևէ կերպ օգնություն հասներ, բայց․ «Շտապօգնությունը չի հասցրել, էդ կողմ ոչ մի մեքենա չէր գնում, եթե գնար, էլի հնարավոր կլիներ փրկել։

Արյունահոսություն է եղել իր մոտ։ ԴՆԹ-ի պատասխանը  եկավ, ասեցին՝ ծնկներից ներքև բոլոր ոսկորները ջարդված էին, ձեռքն էլ կտրվել էր։ Մարտական ընկերներից մեկը պատմում էր, որ ձայն է տվել, Սամվելը դեռ ողջ է եղել, հարցրել ա՝ ի՞նչ ա եղել, ասել ա՝ ոտքերս չեմ զգում, ասել ա՝ փորձի վերքդ ինչ-որ կերպ կապել, մոտիկացել ա, Սամվելն արդեն մահացած է եղել, չէր հասցրել կապեր»,- ցավով ու ափսոսանքով պատմում է կինը։

42-ամյա կինը կարոտով ու երանությամբ է հիշում մինչպատերազմյան կյանքը։ Ասում է՝ երեկոյան ընթրիքի սեղանի շուրջն ամուսինը հաճախ էր խորհուրդներ ու խրատներ տալիս երեխաներին:

«Ամեն երեկո ընտանիքով միասին նստում էինք, զրուցում տարբեր թեմաների շուրջ, միշտ ասում էր՝ մարդ պիտի հայրենասեր լինի, հարգանքով՝ մեծի հանդեպ, օրինակելի զավակ, մարդ, ամուսին»։

Կինն արցունքների միջից ասում է՝ ոչինչ, որ Շուշիում տունն ու տեղը, տասը տարվա արած-դրածը ջուրն ընկան, դրանց հետ հնարավոր է համակերպվել, բայց ամուսնու կորստի հետ ինչպե՞ս համակերպվի։

«Որպես ամուսին շատ ընտիր էր, որպես հայր էլ երեխաների համար հա՛մ հայր ա եղել, հա՛մ եղբայր, հա՛մ ընկեր։ Բնավորությամբ շատ հանգիստ էր, ընկերասեր, բարեկամասեր, շատ օրինակելի, դրա համար համակերպվելը շատ դժվար է»,- ասում է կինը։

Լուսանկարները՝ ընտանեկան արխիվից

Համեստի կյանքը պատերազմից հետո գլխիվայր շուռ է եկել, արցունքն աչքերից անպակաս է, բայց ասում է՝ ամեն ինչ անելու են, որ ամուսնու երազանքներն իրականացնեն։

«Շատ դժվար ա, բայց ընտանիքով համախմբված փորձում ենք ամեն ինչի միջով անցնել։ Ու որ գնահատում են իր արածը, դա էլ մեզ համար մեծ բան ա։

Իրա բոլոր երազանքները պետք ա իրականություն դարձնենք։ Երազանք ուներ, որ փոքրիկ աղջիկը ֆինանսների բաժնում կրթություն ստանար, հետագայում էլ ինչ-որ բանկում աշխատեր։ Էնպես պետք է անենք, որ իրա անկատար երազանքները մենք հասցնենք»,- ընդգծում է երեք երեխաների մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am