Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին

Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին:

ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին:

Կարևորելով պաշտոնական մակարդակում փոխայցելությունների և շփումների դրական դինամիկան՝ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ է հիշատակել այս տարվա մայիսին Հայաստանի պատվիրակության այցն ԱՄՆ և դրա շրջանակներում կայացած հանդիպումները, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում աշխատանքների վերսկսումը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող թեմաներ: