«Հայաստանը հաղթահարում է COVID-19-ը. թունելի վերջում այսօր լույսն ավելի տեսանելի է, քան 6-7 ամիս առաջ էր». Արարատ Մկրտչյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը

– Պարո՛ն Մկրտչյան, Հայաստանում կորոնավիրուսի համավարակը կարծես դադարում է վտանգ ներկայացնել։ Ի՞նչ իրավիճակ է, կարո՞ղ ենք ասել, որ վտանգն անցավ։

– Ասեմ, որ թվերի նվազման միտումը բավական կայուն է։ Եվ դա այն պայմաններում, երբ մենք բոլորս տարրական հակահամաճարակային կանոնները չենք պահպանում։ Դիմակ չենք կրում, բայց փակ վայրերում պետք է գոնե շարունակենք կրել, որովհետև թեև նվազման միտումը կա, բայց մենք դեռ չենք հաղթահարել այս հիվանդությունը։

Ամբողջ աշխարհն այսօր դարձյալ պրոբլեմների մեջ է, ուստի փակ տարածքներում, հանրային տրանսպորտում պետք է աշխատենք ավելի զգոն լինել և հնարավորինս պահպանել կանոնները։

Ես կարծում եմ, որ մեր երկրում արդեն հանրային անընկալության շերտը ձևավորվել է, հիվանդացած-առողջացածների թիվը բավական մեծ է։ Եվ դա պատնեշ է հանդիսանում նոր դեպքերի նվազման համար։ Այսինքն՝ հասարակությունը բնական իմունիտետ է ձեռք բերում։ Եվ հուսանք, որ այս անգամ կհաղթահարենք։

Թվում էր, թե անվտանգության կանոնների նկատմամբ մեր անտարբերությունը պետք է բերեր թվերի աճի, բայց տեսնում ենք, որ արդեն երկար ժամանակ թվերը նվազում են։ Վերջին մի քանի օրերին հետազոտվածների շրջանում 8-9 տոկոս վարակվածության ցուցանիշ է գրանցվել, իսկ պատերազմական օրերին մեր ամենամեծ թիվը եղել էր հետազոտվածների 50 տոկոսի մոտ վարակի հաստատումը։ 

– Կարո՞ղ ենք փաստել, որ փորձը ցույց տվեց, որ կորոնավիրուսի դեպքում կարևորը անվտանգության կանոնների պահպանումը չէր, կարևոր դեր ունի կոլեկտիվ իմունիտետի ձևավորումը։

– Միայն մեզ մոտ չէ, ամբողջ աշխարհում է դա։ Կանոնների պահպանումը կարևոր է, որ մեր տարեցները, քրոնիկական հիվանդություններ ունեցողները պաշտպանված լինեն։

Այսինքն՝ այդ պաշտպանության գործիքները տարրական են, և օրակարգից չհանենք այն հարցը, որ դրանք նպաստել են նվազմանը։ Այսինքն՝ կանխարգելումը բազմաթիվ գործիքներ ունի, և այդ միջոցառումների թվում է նաև դիմակի կրումը փակ վայրերում, սոցիալական հեռավորության պահպանումը։

Եվ, բնականաբար, կարևոր է հասարակության մոտ կայուն իմունային շերտի առաջացումը բնական ճանապարհով։ Ես օրակարգից չէի հանի այդ կանխարգելիչ միջոցառումների ազդեցությունը նվազման վրա։

Եվ ամենակարևորը՝ այս երկրորդ ալիքի ժամանակ մենք նկատեցինք, որ կանխարգելիչ անհատական միջոցառումներ իրականացնելով՝ այս անգամ շատ չծանրաբեռնեցինք հիվանդանոցային համակարգը։

Իհարկե, հասանք գրեթե մաքսիմումին, բայց կարողացանք խուսափել հիվանդանոցային համակարգի ծանրաբեռնվածության ճգնաժամից։

Ուստի, անհատական կանխարգելիչ միջոցների պահպանումը նաև հնարավորություն է տալիս հիվանդանոցային համակարգի ծանրաբեռնվածությունը կանխարգելել, հակառակ դեպքում համակարգը կարող ենք կոլապսի հասցնել, չկարողանա դիմանալ։ Քանի դեռ դեպքերը շարունակվում են, մենք գոնե փակ տարածքներում պետք է ուշադիր լինենք, շարունակենք դիմակներ կրել։

Աշխարհի տարբեր երկրներում դարձյալ բռնկումներ կան, լոքդաուններ են հայտարարվում։ Ի՞նչ իրավիճակ է սշխարհում։

– Լոքդաունները լավ բանի չեն բերում, այսինքն՝ չեն թողնում, որ աստիճանաբար առաջանա հանրային իմունիտետը։ Տեսեք՝ մենք փակվեցինք, հետո բացվեցինք, տեսանք, որ այդ լոքդաունը մեզ չի փրկում։

Հարևան Վրաստանը խիստ լոքդաունի մեջ էր, ինձ հարցնում էին, ասում էի՝ հիմա գնահատելու ժամանակը չէ, կգա ժամանակը՝ կտեսնենք։ Այս հիվանդությունը շարունակվում է աշխարհում, և հետևություններ անելն ու կանխատեսելը անշնորհակալ գործ են։ Պետք է արձանագրվի, որ պանդեմիան հաղթահարվել է, նոր խոսենք մեթոդաբանության և այլնի մասին։

Շատ երկրներ փակվել էին, բացվել էին, նորից հիվանդացության բարձրացում է տեղի ունենում, նորից սկսում են փակվել։

Այստեղ երկու կարևոր խնդիրներ են առաջանում՝ հանրային բնական իմունիտետի առաջացմանը խոչընդոտում են, երկրորդ՝ երկրի տնտեսությունն ամբողջությամբ կոլապսի մեջ են գցում։

Այն եվրոպական երկրները, որոնք պարբերաբար փակվում են, ստեղծել են որոշակի բուֆերներ՝ ֆինանսական, տնտեսական, կարող են դա անել։ Բայց մեզ նման երկրներն իրենց նման ճոխություն չպետք է թույլ տան։

Համադրելով՝ կարող ենք ասել, որ այն երկրները, որոնք հավասարակշռված քաղաքականություն են վարում համաճարակի հետ կապված, այսինքն՝ անհատական պաշտպանիչ միջոցների կիրառմամբ փորձում են չծանրաբեռնել հիվանդանոցային համակարգը, փորձում են տնտեսությունը բաց պահել, այդ երկրները չեն ընկնում ծայրահեղ վիճակի մեջ։

Հիմա ես կարծում եմ, որ եվրոպական երկրներն այդ ճանապարհն են անցնում, և նրանց մոտ էլ նույն բանը տեղի կունենա՝ հանրային իմունիտետ կառաջանա։ Դրա հետ մեկտեղ երկրները սկսել են պատվաստումներ, կհաղթահարվի։ Պատվաստումը արդյունք տալու է, պարզագույն բան է, կա՛մ պետք է հիվանդանաս, կա՛մ պատվաստվես։

Այնպես որ, թունելի վերջում այսօր լույսն ավելի տեսանելի է, քան 6-7 ամիս առաջ էր։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am