Fitch Solutions. Ադրբեջանը և Հայաստանը կարող են 2024-ի առաջին կիսամյակում խաղաղություն կնքել. «Ազատություն»

Fitch Group ամերիկյան վարկանիշային ընկերության մաս կազմող Fitch Solutions վերլուծական կենտրոնի փորձագետները կարծիք են հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են այս տարվա առաջին կիսամյակում խաղաղություն կնքել:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն 2024 թվականի առաջին կեսին։ Մենք շատ հավանական ենք համարում, որ համաձայնագիրը կներառի դրույթներ, որոնք ուժեղացնելու են Ադրբեջանի վերահսկողությունը Զանգեզուրի միջանցքի ստեղծման վրա, որը տանում է դեպի Նախիջևան էքսկլավ», – ասվում է փորձագետների զեկույցում:

«Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունը վկայակոչում է Fitch Solutions-ի փորձագետներին, որոնց կարծիքով՝ 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում հաջող ռազմական գործողությունից հետո Ադրբեջանը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ամրապնդել է իր տարածաշրջանային անվտանգությունը։