Մի խումբ քաղաքացիներ կրկին հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հավաքվածները դժգոհում են պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրումից:

Մի խումբ քաղաքացիներ էլ մուտք էին գործել խորհրդարանի շենք: Ցուցարարներից մեկի՝ Արթուր Գրիգորյանի կարծիքով՝ վարչապետի ստորագրած փաստաթուղթը ԱԺ-ն պետք է հաստատի, որից հետո միայն կմտնի ուժի մեջ: Նա նշեց՝ պահանջում են, որ պատգամավորները ներկայանան խորհրդարան, փաստաթուղթն անվավեր ճանաչեն: Նրա կարծիքով՝ դրանից հետո բոլոր պատգամավորները պետք է հրաժարվեն իրենց մանդատներից: «Խնդրում եմ բոլոր պատգամավորներին, հատկապես «Իմ քայլը»-ի պատգամավորներին, որ ներկայանան ԱԺ: Հավատացնում եմ ձեզ՝ մենք ամեն ինչ կանենք ձեր անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց նա:

Ցուցարարների խմբերից որոշները մյուսների քայլերի, գործողությունների տրամաբանության հետ, սակայն համակարծիք չեն, անգամ լեզվակռվի են բռնվում: Ցուցարարներից մեկը մյուսին ասաց. «Դուք այստեղ պրովոկատոր եք, ուրիշ ոչինչ»:

Հավաքվածների մի խումբ էլ փակել է Բաղրամյան պողոտան: