«Այսօր բոլոր դպրոցներն ուսուցիչ են փնտրում, բոլորը լավ գյուղատնտես են փնտրում, բայց մասնագետ չկա. պետությունը լրջագույն անելիք ունի». Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

Պարո՛ն Խաչատրյան, այս տարի 163 մասնագիտությամբ՝ կոնկրետ բուհի, կոնկրետ մասնագիտության, դիմում չկա, համենայնդեպս, առաջին փուլի տվյալներն այդ մասին են խոսում: Նորմա՞լ ցուցանիշ է սա:

– Թիվն իհարկե մեծ է, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ ցուցանիշից միայն 28-ն են բաժին ընկնում պետական բուհերին, մյուսները մասնավորներն են: Բայց, իհարկե, այս ցուցանիշը ևս մտահոգիչ է, որովհետև դիմումներ չկան նաև մի շարք մանկավարժական, գյուղատնտեսական, բնապահպանական մասնագիտություններով, այսինքն՝ երկրի համար ամենաարդիական տեղերում ունենք զրո կամ զրոյին շատ մոտ դիմում: Կան տեղեր, որտեղ 1 կամ 3 հոգի է դիմել, որն առանձնապես զրոյից շատ չի էլ տարբերվում:

Խնդիրն այստեղ այն է, որ այդ մասնագիտությունները ոչ միշտ են եկամտաբեր, կամ ուսանողներն ունեն այլընտրանք, այսինքն՝ ենթադրենք, իսպաներեն լեզուն է, մարդ կա դիմում է ոչ թե Մանկավարժական համալսարան, այլ՝ ԵՊՀ կամ Բրյուսով: Այստեղ արդեն խնդիր կա նաև մասնագիտություններն օպտիմալացնելու, բայց նաև ինչ-որ իմաստով նորմալ է, դա էլ է մրցակցություն:

Պետական մակարդակով ի՞նչ պետք է արվի, որ դպրոցն ավարտողը լինի առավել տեղեկացված ու կողմնորոշված մասնագիտություն ընտրելու հարցում: Պետության դերն այստեղ ո՞րն է:

– Պետությունը պետք է մտածի, որ, օրինակ՝ եթե իրեն պետք է ֆիզիկայի ուսուցիչ կամ գյուղատնտեսության մասնագետ, ապա այդ ֆակուլտետներում պետք է լրացուցիչ խթաններ ստեղծել, ու այդտեղ միայն ուսման վարձը փոխհատուցելը քիչ է, որովհետև պարզ է, որ այդ ֆակուլտետներում թափուր են մնում նաև անվճար տեղերը: Բայց, օրինակ՝ եթե պետությունն այդտեղ կրթաթոշակ նշանակի, կամ աշխատանքի հնարավորություններ տան, միջազգային այցերի հնարավորություն և այլն, դիմորդներ կգան, այսինքն՝ պետությունը պետք է ռեալ քայլեր անի, որովհետև եթե մենք վաղը ուսուցիչներ չունեցանք, ոչ մի բան չենք ունենա: Այ Թի ոլորտն էլ, իրավագիտությունն էլ՝ բոլոր ոլորտներն էլ հետ կգնան:

Այսինքն՝ չկա՞ն այդ խրախուսող քայլերը հիմա, պարո՛ն Խաչատրյան:

– Չկան, որևէ ռեալ քայլ չի արվում, որպեսզի դիմորդին շահագրգռեն: Կարող են ասել՝ դե, պետպատվեր ենք տալիս, բայց դիմորդները նույնիսկ անվճար չեն ուզում սովորել և այլն, սակայն պետք է հասկանալ, որ երբեմն անվճար սովորելու հնարավորությունն էլ է քիչ տվյալ մասնագիտությամբ սովորողին գրավելու համար:

Եթե անվճար տեղը թափուր է մնում, պետք է հաջորդ քայլն անես: Եթե դա այդքան կարևոր մասնագիտություն չէ կամ որևէ այլ տեղ դասավանդվում է, ապա ուրիշ բան, թողենք՝ թող փակվի, բայց եթե կարևոր է՝ ամեն ինչ պետք է անենք, որ չփակվի:

Օրինակ՝ «Շրջակա միջավայրի գիտություն», «Երկաթգծի շինարարություն, երկաթգիծ, գծային տնտեսություն», «Տրանսպորտային համակարգեր», «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ», «Օրգանական գյուղատնտեսություն», «Կենսաբանություն և կենսատեխնոլոգիաներ» մասնագիտությունները կարևո՞ր չեն, որտեղ այս տարի զրո դիմում կա:

– Տեսեք՝ առաջինը, որ ասացիք՝ էկոլոգիան, այդ ֆակուլտետը բացված է Մանկավարժական համալսարանում, ու քանի որ մենք դպրոցում չունենք այդպիսի առարկա, բնական է, որ այդ ֆակուլտետ չեն դիմի, որովհետև էկոլոգիական թեմաները դասավանդվում են այլ առարկաների շրջանակներում: Մենք ավելի կլասիկ առարկաների գծով խնդիրներ ունենք, ուր մնաց դա:

Այսինքն՝ նաև դպրոց-բուհ կա՞պն է խաթարված:

– Այո՛: Շատ դեպքերում այս կամ այն ֆակուլտետի բացումը պայմանավորված է լինում անձով, այսինքն՝ ինչ-որ հայտնի գիտնական աշխատում է ինչ-որ բուհում ու փորձում է իր մասնագիտությունն առաջ տանել, նրան ընդառաջում են, բայց հետո պարզվում է, որ դրա կարիքը չկա: Հիմա, եթե մենք «Էկոլոգիա» առարկա չունենք դպրոցում, ո՞վ կցանկանա Մանկավարժականում էկոլոգիա սովորել:

Պարո՛ն Խաչատրյան, իսկ գուցե դիմորդներին նաև հետ է պահում հետագայում աշխատանք գտնելու հեռանկարի բացակայությո՞ւնը՝ այս կամ այն ֆակուլտետ դիմելու համար:

– Չէ՛, որովհետև, եթե այդպես նայեք, օրինակ՝ իրավագիտության, միջազգային հարաբերությունների, կառավարման ֆակուլտետներն ավարտելուց հետո ավելի դժվար է աշխատանք գտնել: Հիմնական խնդիրը եկամուտն է, այսինքն՝ մարդիկ մտածում են, որ գյուղատնտեսությունը, մանկավարժությունը, ինժեներությունը եկամտաբեր չեն, բայց պահանջարկ շատ կա:

Այսօր բոլոր դպրոցները ուսուցիչ են փնտրում, բոլորը լավ գյուղատնտես են փնտրում, բայց հիմա մի մասը գնում է Այ Թիի գծով, մյուսը՝ պահանջարկ ունեցող բժշկություն, հոգեբանություն, իրավագիտություն, կառավարում ու վերջ, այսքանով շղթան փակվում է:

Իսկ այս պարագայում լրջագույն անելիք ունի կոնկրետ ու միայն պետությո՞ւնը:

– Իհարկե: Բնականաբար, չեմ ասում, որ 100%-ով կկարողանա այդ խնդիրը լուծել, որովհետև շատ հարցեր լուծում է շուկան. եթե, ասենք՝ շուկայում առաջանա մաթեմատիկայի ուսուցիչների պահանջարկ, և մենք տեսնենք այդպիսի մասնագետներ, որոնք 600-700 հազար դրամ կստանան, մարդիկ կգնան: Բայց բնագիտության պարագայում խնդիրը միայն գումարը չէ, կարևոր է նաև այն, որ այդ առարկաները դժվար է սովորել: Այսինքն՝ այստեղ եթե նույնիսկ եկամուտը բարձրանա, էլի շատ մարդ չի գնա, որովհետև հիմա մարդիկ ձգտում են հեշտին:

Այսօրվա վատ բաներից մեկն էլ այն է, որ մարդիկ չեն սիրում դժվարություններ հաղթահարել, նախընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք հնչեղ են, բայց տակն առանձնապես բան չկա: Սա, իհարկե, չի նշանակում, որ եթե պետական մակարդակով այդ ուղղություններով ճիշտ ու թիրախային մարտավարություն մշակվի, դրությունն անփոփոխ կմնա: Այսինքն՝ հնարավոր է առկա պատկերը շտկել, եթե ճիշտ քայլեր արվեն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am